nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Իմ սեղանին է Սոնա Կարապետյանի «Վայրի ծաղիկ» բանաստեղծությունների ժողովածուն:

«Վայրի ծաղիկ»-ը սիրուն, բնությանը, հայրենիքին և նրա մարդկանց նվիրված բանաստեղծական խոհեր են: Խոհեր, ապրումներ, որոնցով հեղինակն իր հետ ապրեցնում է ընթերցողին այն բոլոր հույզերով ու զգացումներով, որոնցով ինքը՝ հեղինակն է ապրում ու հուզվում:

Սոնան իր ստեղծագործություննե-րով, դժբախտությունների մեջ շուլալված այս երկրային կյանքում, որոնում է իր անձնական երջանկությունը:

Եվ մարդկանցից ո՞վ է, որ այդ երջանկությունը չի որոնում: Որոնում են բոլորը. ոմանք առօրյա աշխատանքով, ոմանք գիտության կամ տեխնիկայի մեջ, ոմանք իմացաբանության և այլուր: Սոնան իր անձնական երջանկությունը որոնում է բանաստեղծական ինքնայրումով: Եվ այդ այրման հետևանքով առաջացած լույսով ու ջերմությամբ լուսավորում ու ջերմացնում է ընթերցողին՝ ասես նրան հուշելով դեպի լույսն ու արևը տանող ուղին:

Ընդհանրապես գրականության նպատակը գոյություն ունեցող աշխարհի կողքին մի նոր, ավելի մարդկային աշխարհի ստեղծումն է, և Սոնան կա-րողացել է ստեղծել իր այդ փոքրիկ, բայց գեղեցիկ ու մաքուր աշխարհը: Նա կյանքը տեսնում է այնպես, ինչպես կստեղծեր ինքը, եթե Աստված լիներ:

Նա համոզված է, որ մարդն առանց պոեզիայի չի կարող լիարժեք ապրել:

Կարդալով «Վայրի Ծաղիկ»-ը, ըն-թերցողի մոտ անմիջապես ծագում է այն միտքը, որ Սոնան առաջին հերթին սիրերգակ բանաստեղծ է:

Հայ գրականության մեջ շատ են սիրերգակները, բայց այդ հավերժական ու ամենամարդկային թեմայի մեջ Սոնայի սիրերգությունը մի առանձին հմայք ու խորություն ունի: Այստեղ համարյա թե չկան սիրո տառապանքներ, ան-հուսալի իրավիճակներ: Սոնայի մոտ սերն ասես ներփակված լինի հենց իր մեջ:

Եվ եթե կուզեք իմանալ, իսկական սերը հենց այդ՝ մարդու ներսում եղած սերն է, որը ցուցադրական չէ, այլ անրջական և հեռու արտաքին աշխարհից, մարդտիեզերքի անսահմանության մեջ:

Հեղինակը, հիացած ու զարմացած հանկարծահաս հասունացումով, հարցնում է.

«Այդ ե՞րբ ծաղկեցիր…»: Բանաստեղծու-թյունը կոչվում է «Կոմիտասական», բայց ընթերցողն անմիջապես ճանաչում է «Սոնա յար…» Սոնային:

Վաղը գալու է սիրո, արբունքի, զարթոնքի ժամանակը և հեղինակը հմայված իր սիրով, առասպելական Դանայայի նման, սպասում է ոսկե անձրևի: Թող որ այն լինի «Բեկված դաշյունների թափվող կայծակներից»: Զելինկին ասում էր. «Արվեստից հավերժությանը մնում է միայն փոխաբերությունը»: Բազմաթիվ ու բազմաբնույթ են Սոնայի գտած փոխաբերությունները:

Բերենք միայն մեկ օրինակ: Սոնան սերը համարում է հին գինի: Ինչպես գիտենք, գինին որքան հնանում, այնքան թընդանում է: Եվ իսկական սերն էլ որքան հնանում, այնքան արբեցուցիչ ու դյութիչ է դառնում:

Ճիշտը՝ խնձորը երկուսով ուտելն է, եզրակացնում է հեղինակը, այսինքն կյան-քի հավերժության գրավականը սերն է:

Մարդկային հոգու բարձրագույն բաղ-ձանքն է սիրել և սիրված լինել.

«Երանի քեզ, իմ սեր,
Որ սիրված ես այսքան…»:

Երանություն է, երբ մարդը սիրված է և առավել քան երանելի է, երբ մարդ ինքն է սիրում և այդ սիրո շնորհիվ քանդում, ավերում է բոլոր սահմանները, բոլոր խոչընդոտներն ու, թեկուզ մտովի, վայելում է «Բացված ծիածանների գեղեցկությունը».:

Հեղինակը ճչում է առաջին սիրո հեռավոր հուշերի ցավից, որպեսզի կանգնեցնի օրերի ընթացքը, որպեսզի կատարվեն չկատարված երազները. «Որ գեթ վերջալույսին նստենք հեռացող այս կառքը՝ մեր չապրած օրերի»:

Սոնան իր բանաստեղծություններով, բարոյականության իր չափանիշներով հաստատում է այն միտքը, որ եթե գիտությունը նպաստում է մարդու հզորաց-մանը, ապա արվեստը, տվյալ դեպքում պոեզիան, մարդու առջև բաց է անում ներդաշնակության գաղտնիքները, այսինքն՝ մարդկայնացնում է մարդուն:

Արվեստը մարդուն պարգևում է այն, ինչ մերժում է կյանքը՝ հայեցողականության և հոգեկան անդորրի միասնականություն:

Կարդալով Սոնայի բանաստեղծությունները՝ մարդը հասկանում է, որ կյանքում ամենակարևորը սերն է իր բոլոր տարատեսակներով. հայրենիքի սեր, մայրա-կան, որդիական, թե ընդհանրապես՝ սեր մարդու նկատմամբ:

Էմիլ Զոլան գրում է. «Հերոսությունն այն է, որ կյանքը սիրես այնպես, ինչպես կա»: Սոնայի լիրիկական հերոսը, որ հենց ինքը՝ հեղինակն է, հենց այդպես էլ վարվում է: Բայց սիրելով կյանքն

ինչպես կա, նա փորձում է ավելի գեղեցիկ դարձնել այն և, իմ կարծիքով, դա նրան հաջողվում է՝ իր բովանդակալից և հուզառատ բանաստեղծու-թյուններով: Արվեստի գլխավոր չափանիշը ռիթմի զգացողությունն է: Սոնան տիրապետում է ռիթմական միավորներ ստեղծելու բարդ արվեստին:

Սոնա Կարապետյանը ծնվել ու մեծացել է բնության հրաշալի անկյուններից մեկում՝ Խաչիկ գյուղում, ուր հրաշագեղ տեսարաններից զատ՝ լեռներում աճում են բազմապիսի վայրի ծաղիկներ՝ հրաշք գեղեցկությամբ և

անուշաբույր հոտավետությամբ: Սոնայի բանաստեղծություններից ընթերցողը ըմբոշխնում է այդ ծաղիկներ բույրը:

Ատոմ ԱՎԵՏԻՍՅԱՆ,
արձակագիր, բանաստեղծ

ԼԻԼԻԹԻՍ

Դու կռունկի պես մի օր կչվես,
Եվ ես կկորցնեմ հետքդ երկնքում,
Վայրի ծաղկի պես լուռ կարտասվես,
Ես դա կիմանամ յոթերորդ քիմքով:
Արևոտ օրեր կունենաս, անշուշտ,
Իմ վայրի ծաղիկ՝ ալվան, բուրավետ,
Ուրիշի գրկում դու փունջ կդառնաս,
Ինձ համար, սակայն, մինուճար հավետ:
Եվ ամեն գարնան քո փոքրիկ շնչով
Սրտիս
հոգնությն քողը կվերցնես,
Որպես ձնծաղիկ՝ գարուն ավետող՝
Աշնան մշուշից ինձ ետ կկանչես:
Եվ սլաքներս ետ կպտտվեն,
Թևերն արձակած՝ քե՛զ գրկելու,
Միայն քե՛զ, ըմբո՛ստ իմ վայրի ծաղիկ,
Գալիք հողմերից կրկին փրկելու:

ԱՇՈւՆ

Այնպես անհոգի եկավ աշունս՝
Ներկապնակով
իր ցուրտ գույների,
Չեմ ուզում նրա առատ սեղանը,
Ես դեռ կուշանամ, նա թող ինձ ների։
Ների՜ր,
ի՛մ աշուն, հոգնա՛ծ իմ տարիք,
Ես մնացել եմ եզերքում գարնան,
Դու շարունակիր երգդ խաբուսիկ,
Թող քո խնջույքում ինձ մոռանան…

                              Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *