nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ծնողի համար, երբեմն հայրենիքից հեռանալը դառնում է ակամա քայլ, քանի որ երեխաներն ու թոռները գտնվում են դրսում: Ի՞նչ է սա նշանակում: Սա Պարույր Սևակի խոսքերով ասած «պարտականության ու սիրո միջև» է կանգնում մարդը:

Այդ էր պատճառը, որ շատ տարիներ առաջ Դոնի Ռոստով զավակներին այցի եկած բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյանը եկավ շատերի պես անդամագրվեց Դոնի հայ համայնքին, դարձավ ակտիվիստներից մեկը և շարունակեց ստեղծագործել ու տպագրվել: Հայրենիքի, պանդխտության, Կարոտի թեմաները դարձան ավելի ապրված:

Այսօր համայնքի և իր ընթերցողի սիրելի բանաստեղծուհին 8 գրքի հեղինակ է, ՀԳՄ անդամ, Հայրենիքի ցավով ապրող ու պայքարող աննկուն մարտիկ:

Վերջերս լույս տեսավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարտին Գիլավյանի հեղինակած «Սուսաննա Հովհաննիսյանի բանաստեղծական աշխարհը» գիրքը: Այն Սուսաննա Հովհաննիսյանի ստեղծագործությունը համակարգված ներկայացնելու առաջին փորձն է: Ժամանակակից պոեզիայի ընդհանուր համակարգում ներկայացվում են բանաստեղծի աշխարհը, պոեզիայի յուրահատկությունները:

Շնորհավորում ենք սիրելի բանաստեղծուհուն և ներկայացնում գրքից մի հատված:

Սուսաննա Հովհաննիսյանին ճանաչում եմ ուսանողական տարիներից. Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողներ էինք:

Գեղեցիկ, խոհուն, տոհմիկ հայուհու կրակոտ աչքերով, ռոմանտիկ խառնվածքով աղջնակ էր Սուսաննան: 1965 թվականն էր: Ազգային աննախադեպ զարթոնքն ուղեկցվում էր նաև պոեզիայի զարթոնքով. Հ. Շիրազի, Պ. Սևակի, Հ. Սահյանի, Ս. Կապուտիկյանի, Վ. Դավթյանի, Գ. Էմինի բանաստեղծությունների նոր ժողովածուներն անհնարին էր ձեռք բերել. մամուլում տպագրվող նրանց յուրաքանչյուր պոեմ, բանաստեղծություն, հոդված ձեռքից ձեռք էր անցնում, դառնում քննարկումների, բանավեճերի առարկա: Երևանն ապրում էր պոեզիայով: Ավ. Իսահակյանի արձանի մերձակայքում, օպերայի հրապարակում կազմակերպվում էին գրական ցերեկույթներ: Իրենց բանաստեղծություններն էին կարդում Հովհ. Գրիգորյանը, Հ. Էդո-յանը, Ա. Հարությունյանը, Ս. Չիլոյանը, Արմ. Մարտիրոսյանը, Հ. Սարուխանը, Ա. Պարսամյանը և ուրիշներ:

«Առագաստ», «Միջանցահովիկ» սրճարանները դարձել էին երիտասարդ բա-նաստեղծների, նկարիչների, արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների հավաքատեղիներ: Քննարկվում էին ամենատարբեր հարցեր, առաջադրվում էին պոեզիայի, արվեստի, մշակույթի առաջընթա-ցի նոր ծրագրեր, հանգանակներ:

Գրական կյանքը եռում էր նաև մանկավարժականում՝ հաճախակի հանդիպումներ անվանի գրողների, նկարիչների, ինստիտուտի շրջանավարտ բանաստեղծների, լրագրողների հետ: Ավելի հաճախ ուսանողների հետ հանդիպում էին ինստիտուտի շրջանավարտ գրողները՝ Հրանտ Մաթևոսյանը, Ռազմիկ Դավոյանը, Սուրեն Մուրադյանը, Արամայիս Սահակյանը:

Հիշում եմ Պարույր Սևակի հետ հան-դիպումը, որը վարում էր ֆակուլտետի դեկան, երջանկահիշատակ Պարույր Սահակյանը: Մեծ բանաստեղծին սրտառուչ ելույթով ողջունեց նաև Սուսաննան: Հանդիպման ավարտից հետո Պարույր Սևակն իր մոտ հրավիրեց Սուսաննային, ինչոր բան շշնջաց: Հանդիպումից հետո հարցրինք.

— Ի՞նչ ասաց Պարույր Սևակը:

— Ասաց, — Բանաստեղծություններ գրո՞ւմ ես:

— Դու ի՞նչ ասացիր:

— Շփոթվեցի, հուզմունքից ոչինչ չկա-րողացա ասել…

Անցան տարիներ: Համակուրսեցիներից յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով՝ հայ գրականության խորհուրդն ու կենարար լիցքերը, հայոց լեզվի զրնգուն ղողանջները, համն ու հոտը փոխանցելու Հայաստանի տարբեր շրջանների, Արցախի, Ջավախքի, Սփյուռքի դպրոցների ու կրթօջախների աշակերտներին: Տարիներ անց Սուսաննայի հետ առաջին հանդիպումը եղավ «հեռակա» կարգով. կուրսի ոչ միայն գեղեցկուհիներից, այլ իսկապես գերազանցիկներից Հրանուշն ինձ նվիրեց Սուսաննայի բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուն՝ «Երգը, որ քեզ էր նման» հետաքրքիր խորագրով և ավելի հետաքրքիր բանաստեղծական շարքով՝ «Ես խաչքար արարեցի», «Սերս նման էր սիրո», «Աստված կների, ես ինձ չեմ ների», «Քո սառցե ապարանքում», «Մի սիրտը հերիք չէ»: Կարդացի, վերընթերցեցի…

Աստվա՜ծ իմ, տարիների ընթացքում ինչ-քան է փոխվել Սուսաննան՝ ուսանողական տարիների կրակոտ, ռոմանտիկ, մի քիչ թախծոտ աչքերով, միշտ հպարտ, միշտ լավը տեսնող Սուսաննան: Ինչքա՜ն է հասունացել, ինչպես յուրաքանչյուր տոհմիկ հայուհի, մայր, քույր՝ անցել է կյանքի դըժվարին ճանապարհներով, բայց չի կորցրել հայի տեսակին յուրահատուկ լավատեսությունն ու հավատը, ցույց է տվել, որ բանաստեղծությունը սիրուց ու ցավից է ծնվում, հակառակ դեպքում այն ոչ թե սրտից բխած խոստովանություն կլինի, այլ, ինչպես կասեր Համո Սահյանը, «հանգավոր ճառ»:

Անսահման սիրով ու ցավով են լցված Սուսաննայի բանաստեղծությունները, բազմաթիվ անպատասխան «ինչո՞ւ»-ներով. սեր առ մարդը, հայրենիքը՝ եռատված, շնչառությունը խախտված, բայց ոչ շնչասպառ, ողնաշարը ծռված, բայց ոչ ծնկաչոք, իրենց կյանքը զոհասեղանին դրած ու անմահացած զավակների հիշատակն իր մեջ պահած ու վահագնների, դավիթների, մհերների, տիգրանների, արտաշեսների, նրանց փոխարինող քաջորդի-ների ծնունդով իր երթը շարունակող փոքրաքանակ, բայց ոչ փոքր հայրենիքը:

Անափ ու անհորիզոն  է նաև բանաստեղծի ցավը, ցավ առ այն, թե ինչպե՞ս եղավ, որ դասեր չքաղեցինք մեր պատմությունից, չմիաբանվեցինք ու չկարողացանք փակել գաղթի ճանապարհները, ինչպե՞ս մեր մեջ սղոսկեց «որտեղ հաց, այնտեղ կաց» մանկուրտի մտածելակերպը, ինչո՞ւ մարդիկ օտարացան միմյանցից ու լցվեցին ան-տարբերությամբ միմյանց նկատմամբ:

Սուսաննան իրենն է համարում մեր երկրի ցավերն ու նաև իրեն է մեղավոր զգում, որ կան որդեկորույս մայրեր, իրենց հայրերին պապի, տատի, մոր պատմածներով, պատից կախված սևերիզ նկարներով միայն ճանաչող զավակներ, որոնք արդեն տարիքով մեծ են իրենց հայրերից: Նաև իրեն է մեղավոր զգում այս ամենի համար և ի լուր աշխարհի բարձրաձայնում է՝ «Աստված կների, ես ինձ չեմ ների»:

Մենք դիմացել ենք դարավոր մարտահրավերներին, որովհետև չենք կորցրել մեր հավատը: Այս հավատով են նաև լցված Սուսաննայի բանաստեղծությունները: Այս հավատն է ինչոր չափով մեղմում ցավն ու համասփյուռ դարձնում սերը: Այս հավատն ավելի է ամրապնդվում, երբ բանաստեղծը հայացքը շրջում է դեպի մեր պատմական անցյալը. ուրիշ ո՞ր մի ժողովուրդ կդիմանար այսքան արհավիրքների, որիշ ո՞ր մի ժողովուրդ ունի Հայկ ու Դավիթ, Մաշտոց ու Նարեկացի, որ եռաթև նետով խոցել են թշնամուն, մերկացրել Թուր Կեծակին, դալար պահել մեր Կենաց ծառն ու փոթորիկների միջով անխաթար տարել մեր անառագաստ նավը: Եվ ամենակարևորը՝ Սուսաննան բաց է նախ՝ ինքն իր, ապա՝ աշխարհի առջև, անկեղծ է ու ազնիվ, կարողանում է հայացքը շրջել դեպի իր ներաշխարհի խորքերը, լսել իր հոգու ելևէջները, որոնք դուրս են ժայթքում մերթ որպես սիրո ու կարոտի ղողանջներ, մերթ էլ՝ որպես հառաչանք ու ճիչ:

Այս տպավորություններն իմ ձևավոր-վեցին, երբ ծանոթացա Սուսաննայի «Գաղտնիք էլ է… կին», «Գիրկապ», «Հարբած, հափրած, գինեխաբ», «Ութերորդ գույն», «Ես եմ», «Ասեղնաշոր» և ռուսերեն հրատարակված «Имя твое» ժողովածուներին, որոնք թեմատիկ ու գաղափարագիտական առումներով շարունակվում ու լրացնում են միմյանց ու ամողջացնում բանաստեղծի և նրա սերնդի կենսապատումը:

Մարտին ԳԻԼԱՎՅԱՆ
Բանասիրական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ՍՈՆԱՅԻՆ

Քեզ հետ ու առանց քեզ…

 

«Դու եկար, ձմեռը վերջացավ ինձ համար», — ասացիր,
Այս ձյունոտ ու ճերմակ երկրի մեջ
Վառվռուն,
ջերմ սրտով
Ապրում
ես հայերեն
Շնչում
ես հայերեն,
Քո շուրջը հայեր են՝ մտքիդ մեջ,
Դու հողոտ, արևոտ, Արփայոտ Սոնա:
Չդարձար ռուսահայ,
Մնացիր հայի-հայ,
Մնացիր հայամայր,
Մնացիր արևկող
Թոնրաշխարհ,
Մնացիր լավաշ հաց,
Նազուկ ու կրկենի,
Մնացիր հայատառ
Արանքում
գրքերի:
Քո հոգին խառնուրդը չընդունեց,
Չձուլվեց քո բառը՝ Մաքուր է, անխառն
Արյունի
քո ծառը՝ մայրի ու հացենի:
Ապրեցիր արմատիցդ միտող,
Ինչպես սուրբ օրենքն է անտառի.
Այս օտար հողի մեջ մնացիր անառիկ,
Ռուսախոս այս խաղում
Մնացիր…
դիտորդ:

ԿՅԱՆՔ

Երջանկությունն ապրելն է:
Մնացածը՝ ապուր է:
Քարի սարսափ
Քարափի
ծայրին՝
միայնակ
ծառ է.
Աչքն անտառին:
Մենակ ապրելը քարափաբառ է՝ անձայն:

 

ԴԻՄԱԿ

Մի կողմը՝ ճերմակ,
Մի կողմը՝ սև:
Աչքերի լույսը՝ խաբուսիկ թեթև,
Ոչ խելոք, ոչ խև…
կյանքի բանաձև:
Ուզում ես բռնել՝ լույսը կա… չկա:
Մի լպրծուն պեծ շպրտում է քեզ.
Կա — չկա — մի լպրծուն պեծ:
Լուռ — լուսնահաչ է Ոնց որ երեկ.
Օր առաջ էր.
Ոչ ձախը՝ ձախ,
Ոչ աջն աջ էր
Հուդայի
պաչ — ընդ — առաջ էր:

3.03.2019 թ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *