nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ավարտվում է 2023 թվականը, որն աչքի ընկավ աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող ողբերգական և փոթորկալից իրադարձություններով: Հայ ժողովրդը բազմաթիվ արհավիրքներ է վերապրել։ Մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը միշտ օգնել են մեզ։ Վստահ եմ, որ համախմբված դիմագրավելու և հաղթահարելու ենք մեր առջև ծառացած մարտահրավերները: Եկեք հենց այդպիսի ապագայի հավատով դիմավորենք նոր` 2024 թվականը։

2023 թվականի ընթացքում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը աշխատանքներ է տարել Ռուսաստանի Հարավային և Հյուսիսկովկասյան դաշնային տարածաշրջանների գործադիր և օրենսդիր մարմինների, առևտրաարդյունաբերական պալատների, տնտեսական գործունեություն վարող կազմակերպությունների, գործարար ոլորտի ներկայացուցիչների, Դոնի Ռոստովում հավատարմագրված դի-վանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ՀՀ-ից և ՀՀ ապրանքներ ներկրող գործարարների հետ: Շարունակել է սերտորեն համագործակցել տարածաշրջանում գործող հայկական համայնքային կառույցների, ինչպես նաև երիտասարդների հետ: Գլխավոր հյուպատոսությունն առավելագույն ջանք է գործադրել ապահովելու տարածաշրջանում բնակվող ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի շահերը, փորձել է հնարավորին որակյալ հյուպատոսական ծառայություններ մատուցել Գլխավոր հյուպատոսություն դիմող քաղաքացիներին: 2023 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսություն են դիմել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Գալիք 2024 թվականին Գլխավոր հյուպատոսությունը նախատեսում է ավելի ակտիվացնել աշխատանքները հյուպատոսական տարածաշրջանում՝ հատկապես համայնքային կառույցների հետ:

Սիրելի հայրենակիցներ,

Ինչ ծրագրեր էլ որ մենք կազմենք, ինչ լայնածավալ նպատակներ էլ դնենք մեր առջև, կարևոր է հիշել, որ դրանք անքակտելիորեն կապված են մեր Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության բարօրության հետ: Մենք կշարունակենք սերտորեն աշխատել մեր հայրենակիցների հետ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Յուրաքանչյուրիս համար Ամանորը հատուկ խորհուրդ ունի: Նոր տարին երազանքների տոն է: Այս պահին բոլորս միակամ ենք ու միասնական՝ յուրաքանչյուրս ցանկանում է, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար նոր տարին լինի խաղաղության ու վերելքի տարի, որ 2024-ը մեր ընտանիքներին բերի բարօրություն և նորանոր հաջողություններ: Մաղթում եմ, որ նոր տարում բոլորիս ընտանիքներում թևածի ամանորյա խինդն ու ուրախությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Լավագույն բարեմաղթանքներով՝ Ռուսաստանի Հարավային և Հյուսիս-Կովկասյան դաշնային տարածաշրջաններում /ք.Դոնի Ռոստով/ ՀՀ գլխավոր հյուպատոս`

Լևոն Մինասյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *