nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մոտենում է տարեմուտի խորախորհուրդ երեկոն: Ի խորոց սրտի շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ:

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք: Արցախյան պատերազմի հետեվանքները, Արցախի բռնի հա-յաթափումը, մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից: Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով և հավատով:

Թող Փրկչի ծնունդը սքանչելի առիթ հանդիսանա մեր հոգիների բժշկության, վերածննդի և հոգևոր վերելքի համար, քանզի Քրիստոս ծնվեց բոլորի համար, որպեսզի Նրան հավատացողն է՛լ ավելի ամրանա իր հավատքի մեջ, իսկ անհավատը դարձի գա ու փրկության հույսն ունենա:

Մենք Քրիստոսի Հարությանը հավատացող ժողովուրդ ենք:

Դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել: Վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ: Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ, փրկչական 2024 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի:

Տարեմուտի նվիրական այս պահին աղոթենք, որ ազգս հեռու լինի փորձություններից, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները` անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքում:

Խաղաղություն, սեր, բարօրություն ենք մաղթում աշխարհին և համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին, մեր Հայրենիքին, ձեր ընտանիքներին:

Բարի Նոր տարի:

Տեր Թադևոս Ավագյան Դոնի Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *