nnao
Нахичеванская-на-Дону армянская община

ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ, ՍԱԿԱՅՆ ՄԵԶ ՀԱՅ ԵՆ ԱՍՈւՄ

Փետրվարի 8-ին Դոնի Ռոստովի հայ համայնքի մի խումբ մտավորականներ` բանաստեղծներ, լրագրողներ, մանկավարժ-դասախոսներ ներկա գտնվեցին լրագրողբանասեղծ Սոնա Կարապետյանի կազմակերպած «Հանդիպում Սևակի հետ» գրականերաժշտական ցերեկույթին:

Ընդարձակ դահլիճը հայկական տարազի գույներով ու լույսերով էր ջերմացած: Բեմում եռագույնն ու խաչն է, ցուցավահանակին բանաստեղծի մեծադիր լուսանկարն է, գրքերը, թերթեր, նամակներ, երեկույթին մասնակից գրողների գրքերից… Պատէկրանին Սևակի ձայնն է.

«Իմ բարձրանուն, իմ քաղցրանուն»… «Հայր մեր» տերունական աղոթքից հետո, ներկաները հոտնկայս երգում են «Սարդարապատ»-ը (խոսք` Պ. Սևակի): Հնչում է Սևակի «Պատգամը» հեղինակի ձայնով:

Ողջույնի ներածական խոսքով ներկա-ներին է դիմում Սոնա Կարապետյանը: Նա մասնավորապես ասում է. «Ես Սևակին չեմ տեսել, սակայն նա մեծ դեր է ունեցել իմ ճակատագրում։ Ողբերգական մահից մեկ տարի անց, գրականության ուսուցչուհիս մեզ տարավ էքսկուրսիա բանաստեղծի շիրիմին։ Տպավորությունը շա՜տ ցնցող էր։ Գրեցի մի ոտանավոր, որը տպագրվեց շրջանային թերթում (9-֊րդ դասարանում էի)։

Երբ առաջին տարին չհաջողվեց ընդունվել ԲՈւՀ, կոտրված ու դառնացած եկա գյուղ` Խաչիկ, Եղեգնաձոր։ Որոշ ժամանակ անց, ինձ զանգահարեց ուսուցիչս` Խաչիկ Թադևոսյանը. «Սոնա, թերթի խըմբագիրը փնտրում է «Սևակի հետ» բանաստեղծության հեղինակին։ Վաղը կգնաս շրջկենտրոն»։

Վախվորած ներս մտա խմբագրի աշխատասենյակ։ Պատկառելի արտաքինով տղամարդը` երջանկահիշատակ Խորեն Հարությունյանը, տեղից վեր կացավ, բարևեց, թերթեց ձեռքիս տետրը և լայն ժպիտով ասաց.

— Սևակն իմ համակուրսեցին է եղել համալսարանում, մենք ընկերներ էինք։ Ապա ավելացրեց…

— Սոնա, դու ընդունված ես թերթում աշխատանքի, նախ` սրբագրիչ, երկու ամիս հետո` գրական աշխատող։

 …Աշխատեցի երկար տարիներ։

 Հաջորդը ճակատագրական եղավ, երբ կյանքի ընկեր ընտրեցի այն մաթեմատիկոս տղային, ով հանդիպման առաջին օրն արտասանեց Սևակից (խոստանում եմ, ոմանց նման, իզուր տեղը չխոստանալ)։

…Միասին ենք արդեն 45 տարի։

Ապա` խմբագրությունից տարած ստաժը ԵՊՀ-ում (բանասիրականում, ուր սովորել էր Սևակը, ինչպիսի՜ պատիվ) մասնագիտական համարվեց և վերջապես ընդունվեցի։

Եվ վերջինը` առաջնեկս երբ որ ծնվեց… «երկու սևակասերներով» նրան կոչեցինք Սևակ։

…Եվ երդման պես` ամեն տարելիցի, այցելում ենք մեծն Սևակին… քանզի` կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը: Նաև սա է պատճառը, որ որոշեցի ընտանիքիս օգնությամբ և ընկերներիս մասնակցությամբ համեստորեն պատվել սիրելի պոետի անմահ հիշատակը, քանի որ նրանք` անմահները, հրամայում են»:

Այնուհետև «Սևակի սիրո պոեզիան» գրախոսականով հանդես եկավ բանաստեղծուհի, ՀՀ գրողների միության անդամ, տասը գրքի հեղինակ` Սուսաննա Հովհաննիսյանը: Նա մասնավորապես նշեց «Մարդը ափի մեջ» գրքի ճանաչողական արժեքների, նոր ոճի ու անսովոր տաղաչափության, գրական մի նոր ուղղության, և գարնանային հորդառատ հեղեղ հիշեցնող սևակյան պոեզիայի մուտքը` հայ գրականություն:

Ապա Դոնի Ռոստով քաղաքի օպերային թատրոնի մեներգչուհի Լուսինե Աղաջանյանը հանդես եկավ գեղեցիկ ասմունքով:

Հետաքրքիր էր Հարավային դաշնային համալսարանի դասախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Ասրյանի ելույթը:

Բանաստեղծի գործերի գեղեցիկ վերլուծությամբ և ընթերցմամբ հանդես եկան մեթոդական ու բարբառագիտական մի շարք գրքերի ու աշխատությունների հեղինակ Շողիկ Սիմավոնյանը, հայոց լեզվի ուսուցչուհիմեթոդիստ Լուսինե Պետանյանը, Նովոչերկասկի Հայորդաց տան հայոց լեզվի ուսուցչուհի, երգչուհի Աննա Բեգլարյանը, բանաստեղծուհի Արևիկ Մխիթարյանը և ուրիշներ:

Մեծ բանաստեղծի հետ անձնական հանդիպման հուշեր պատմեցին Սուսաննա Հովհաննիսյանը և Նորայր Թևոսյանը: Լիլիթի «Երեքնուկը» երգի գեղեցիկ կատա-րումը հուզեց բոլորին:

Սոնա Կարապետյանը ներկայացրեց նաև պատանի տաղանդներին: Իր քնքուշ բանաստեղծությունները կարդաց 13-ամյա Սառան, հայկական ժողովրդական պարով հիացրեցին Թամարան և Աբրահամը:

Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր հայ դասական ու ժամանակակից պոեզիայի ընթերցանությանը, նրանց խոսքերով գրված երգերի կատարմանը:

Վերջում հնչեց քաղաքամայր Երևանի հիմնը` «ԷրեբունիԵրևան»-ը` մասնակիցների կատարմամբ:

Ներկաները դեռ երկար շարունակում էին միմյանց հերթ չտալով երգել ու արտասանել հայ պոեզիայի գոհարներ:

Շնորհակալություն Սոնա Կարապետյանին հոգեպարար գրականերաժշտական տոնի համար, շնորհակալություն բոլոր մասնակիցներին, լրագրողմանկավարժ Արմինե Հովսեփյանին` համակարգչային աշխատանքների ուղղորդման համար:

Այսօր մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ…

Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում…

Լիլիթ ԹԵՎՈՍՅԱՆ,
լրագրող

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *