nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Ստեփանակերտի «Արցախ» պարի պետական համույթի մասին ուզում եմ գրել ոչ որպես լրագրող, այլ՝ որպես հանդիսատես, ով նստած է Ռոստով քաղաքի լավագույն դահլիճներից մեկում և անհամբեր սպասում է վարագույրի բացվելուն:

Դանդաղ բացվում է վարագույրը: Բեմում պատմական Հայաստանի Արցախ աշխարհի գեղեցիկ տարազով պարուհիներն են՝ անշարժացած բեմական տարբեր դիրքերում: Նռան մուգ երանգով թավիշը իջնում է մինչև հատակ՝ ընդգծելով պարային գեղեցիկ ելևէջները, բարակ մեջքի արծաթ գոտիները, գլխանոցների ոսկյա ճակտաշարերը, մանյակներն ու օղերը… իսկ սուրմաքաշ սևորակ աչքերում հայացքը հպարտ ու վեհ է, շարժումները՝ նազանի, երբեմն՝ խրոխտ: Ահա և պարը դառնում է ասելիք՝ ճանաչողություն, ժո-ղովրդի հերոսական անցյալ ու ներկա: Պարզվում է, որ բեմում «Տիգրանակերտ» պարներկայացումն էր: Դահլիճը թնդում է ծափերից:

Համերգ վարողը՝ ՀՀ վաստակավոր ար-տիստ Սամվել Եվրիկյանն իր դերի մեջ է.

Մենք քիչ ենք, սակայն մեզ

հայ են ասում:

Մենք մեզ ո՛չ ոքից չենք գերադասում։

Պարզապես մենք էլ պի՛տի ընդունենք

Որ մե՛նքմիայն մե˜նք Արարատ ունենք

Եվ որ այստեղ է՝ բարձրիկ Սևանում

Երկինքը իր ճիշտ պատճենը հանում։

Պարզապես Դավիթն այստեղ է կռվել։

Պարզապես Նարեկն այստեղ է գրվել։

Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել

Քարից շինել ձուկև թռչուն՝ կավից

Ուսուցմա՛ն համար և աշակերտե˜լ Գեղեցկի՛ն

Բարու՛ն

Վսեմի՛ն

Լավի˜ն

 

Ապա բեմով մեկ իր ինքնատիպ հումորով նոր բեմադրություն է. վազում, բողոքում, փոթորկում է «Ղարաբաղա նախշուն բաջին» (մենապարուհի՝ Դիանա Համբարձումյան)։ Պարը ներկայացված է նոր ոճով ու ասելիքով։

Հանդիսատեսին շարունակում են լար-ված ու հիացած պահել «Նավաստիներ», «Արցախ» և այլ գեղեցիկ կատարումներ։

Ամենացնցողը Մարկ Բեոնեսի «Журавли» հայտնի մեղեդու բեմականացումն էր՝ որպես պար ու տխուր հիշեցում բոլոր ապրողներին առ այն, որ հանուն հայրենյաց նահատակները, ռազմի դաշտից չվերադարձածները ճերմակ կռունկներ դարձած չվում են կապույտ երկնքով՝ հոգնած ու տխուր և երբեմներբեմն արձագանքում են երկինք ուղղված մեր լուռ հայացքներին…

Եվ ինչպիսի բարձր արվեստով է ներկայացված պարլեգենդը (բեմադրող՝ Մհեր Բաբայան, Ռաուլ Բաբայան)։

Հուզվում ու արտասվում է դահլիճը՝ հիշելով ոչ միայն հայրենական պատե-րազմի, այլև արցախյան հերոսամարտի, ապրիլյան քառօրյայի մեր զոհված զինվոր որդիներին։ Որքա՜ն ճաշակով ու գունային ներդաշնակությամբ էին ընտրված հագուստները։ Ասելիքն ու շարժումները հղկված էին կատարելության աստիճանի։

Կարծես պարի շարունակությունն է Չարենցի տողերը.

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվի տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Գույները խտանում են, երբ երգիչ Վիտալի Ղազարյանը կատարում է «Վերցումք տղերք հրացան» ռազմահայրենասիրական երգը։

Էլ չեմ ասում, թե դահլիճը ինչ ջերմությամբ ընդունեց Խաչատրյանի «Սուսերով պարը»։ Այնուհետև հնչում է Շիրազի աղերսպատգամը՝ «Սիրտս տարեք Արարատ»… Նույնիսկ օտարի աչքերով եթե նայես «Արցախ» պարայինի ելույթը, կհասկանաս, որ խոսքն այստեղ սոսկ պարի համույթի մասին չէ, այն պայքարող ժողովրդի հոգու ճիչն է, լինելիության հաստատումը։

… Իսկ սիրո մասին «Արցախը» չխոսել չի կարող… Բեմում հյուսվում է գեղեցիկ սիրո մի պատմություն. Սայաթ-Նովա «Չկա քիզի նման»…

Սիրահար պատանու դերում բեմադրիչ Մհեր Բաբայանն է, իսկ «սիրուհին» գեղեցկուհի Անժիկ Ավագյանը։

Այդ օրը արցախցիների հյուրն էր նաև Ռոստովի ս. Հարություն եկեղեցու Հայորդաց տան «Զվարթնոց» պարի հա-մույթը (գեղ. ղեկավար՝ Անահիտ Չու-խաջյան)։

Վայելում ենք այս գեղեցիկ կատա-րումները և ափսոսում, որ մեր փոքրիկ հայրենիքից եկած հայ ու Հայաստանոտ այս հրաշք հեքիաթն ավարտվում է… Այն ավարտվում է այստեղ՝ դահլիճում, բայց շարունակվում է մեր սրտում ու հոգիներում, ապրելով ու ապրեցնելով՝ ճշմարիտ արվեստի հզոր ուժով։

Շնորհակալություն, որ դուք մեզ հետ էիք, «Արցա՛խ»։

Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
լրագրող
Լուսանկարները՝
Կարինե ԲԱԼԱՅԱՆԻ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *