nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Օտար քաղաքում, մարդկային հոսանքի մեջ մենք՝ հայերս, ճանաչում ենք իրար՝ հեռվից, էլ ավելի ճիշտ փնտրում ենք իրար՝ խոշոր, տխուր աչքերով, վախվորած ու շտապող քայլվածքով: Ուզում ես հարցնել.
— Ո՞ւր ես շտապում, եղբա՛յր, այս կիրակի օրով:
— Եկեղեցի:
Մտնում ես եկեղեցու բակ և փոխվում է ամեն ինչ — ու այստեղ, կարծես թե, դու տանն ես: Իզուր չէ ասված՝ պանդուխտին սպասող բաց դուռ է հայկական եկեղեցին…
Իսկ զուռնադհոլի ձայնը հուշում է, որ ինչ-որ բան այսօր արտառոց է: Սուրբ Խաչ եկեղեցու բակը հսկա պարահրապարակ է հիշեցնում, ուր քոչարի են բռնել հարյուրավոր երիտասարդներ ու մեծեր, մանուկներ ու հյուրեր:
Թնդում է քոչարին:
Մի երիտասարդ, պարաշրջանի կենտրոնում կանգնած, բարձրախոսով հրահանգներ է տալիս.
— Հրավիրում ենք բորորիդ մշակութային մեր տոնին, ծրագիրը կոչվում է «Պարենք միասին»: Ուրեմն՝ միացիր մեզ, սիրելի՛ հայորդի…
Պարաշրջանը գնալով մեծանում է…
Հերթով հնչում են Թամզարա, Յարխուշտա Հենզելի և այլ պարեր…
Ծրագրի ավարտին սիրով զրուցում եմ Ռոստովում հայտնի «Արփի» պարային համույթի ղեկավար ՀՐԱՉԻԿ ԱԼԲԵՐՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ:

— Հարգելի՛ Հրաչիկ Ալբերտի, նախ այս ծրագրի մասին պատմեք, խնդրեմ:
— «Պարենք միասին» — ը արդեն վաղուց ավանդույթ է դարձել: Պարբերաբար հավաքվում ենք մեր հանդիպման վայրում՝ Սուրբ Խաչի բակում, հրավիրում ենք քաղաքում և մարզում գործող բոլոր հայկական պարային խմբերին: Ծրագիրը շատ հագեցած է: Ելույթներին հաջորդում են պարի ուսուցումը, ասմունքի, երգի մըրցույթները՝ ներկաների մասնակցությամբ:
Մարդիկ կարիք ունեն միմյանց հետ շփվելու, միավորվելու սիրելի արվեստի շուրջ, իսկ պարը հայերիս համար սեր է ու պայքար, կարոտ ու նվիրում…
Մեր նպատակն է տարածել ազգային պարը, համախմբել երիտասարդներին ու նրանց ծնողներին՝ հոգևոր ու մշակութային այս առանցքի շուրջ:
— Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք պարել:
— Ճիշտն ասած ընտանիքս, որպես այդպիսին քիչ առնչություն ուներ պարի հետ, սակայն աշտարակցի իմ համեստ ու արվեստասեր ծնողներն ինձ յոթ տարեկանից տարան Աշտարակ քաղաքի մշակույթի տուն, ուր ընդունվեցի «Աշտարակ» պարի համույթ:
1984-2000 թթ. պարել եմ այդ խմբում, ընդմիջումը եղել է 1985-1987 թթ. բանա-կային ծառայության տարիներս:
— Ի՞նչ է պարը ձեզ համար:
— Սկզբում՝ սիրելի զբաղմունք էր՝ հոբբի, ինչպես ասում են, հետո՝ կյանքի իմաստ, սեր: Կյանքիս ընկերուհուն՝ Լիանային, հանդիպեցի անսամբլում, ամուս-նացանք… Շարունակեցինք պարել նաև այն ժամանակ, երբ ծնվեցին զավակներս՝ Արփինեն ու Սարգիսը, նրանք էլ սկսեցին պարել…
Պարը մերը դարձավ, մենք՝ իրենը…
— Օտարությո՞ւն… ինչո՞ւ
— 90-ականնների Հայաստանում դաժան ու դժվարին տարիները հաջորդում էին միմյանց: Գիտեք նաև միջին մտա-վորականության վիճակը, հատկապես մշակույթի բնագավառի աշխատողների: 2000-ին որոշեցի գալ արտագնա աշխատանքի՝ Դոնի Ռոստով: 2004-ին բերեցի նաև ընտանիքս: Չէինք եկել, որ մնայինք… Մտածում էինք՝ մի քանի տարի կաշխատենք, որոշակի հարցեր կլուծենք ու ետ կգնանք: Ինչպես տեսնում եք՝ դեռ գնում ենք … (ծիծաղում է):
— Ինչպե՞ս ընդունեց օտար քաղաքը ձեզ:
— Սկիզբը շատ դժվար էր՝ փնտըր-տուք աշխատանքի, կեցություն, փաստաթղթերի… Հետո կամացկամաց ամեն ինչ ընկավ հունի մեջ: Երեխաներս ընդունվեցին դպրոց, սկսեցին այցելել Սուրբ Խաչին կից կիրակնօրյա հայկական դըպրոց: Հենց այդ ժամանակ էլ Սուրբ Խաչի քահանա Տեր Պողոս Տերտերյանի հետ որոշեցինք պարային խումբ հիմնել: Շուտով խումբն սկսեց գործել: Սակայն ինձ վիճակված էր մեկ ուրիշ դպրոցում շարունակել աշխատանքս:
2013-ին համույթն անվանեցինք «Արփի» և ելույթներով սկսեցինք հանդես գալ բոլոր տաղավար տոներին, համայնքային ու մարզային միջոցառումներին: Պարուսու-ցում եմ կազմակերպում ծնողների համար, ովքեր սիրով մասնակցում են անսամբլի կյանքին:
«Արփին» այսօր մի օրգանիզմ է՝ պարային գունեղ տարազներով, պատանիներով ու աղջիկներով, մեկ շունչ ու մեկ ասելիքով:
— Ամենահիշարժանն ու տպավորիչը «Արփիի» կյանքում:
— Իհարկե մեր այցելությունները Հայաստան ու Արցախ: Ժամանակի ընթաց-քում հասկացանք, որ մեզ ամենից շատ կարոտում և սպասում են մեր ՏԱՆԸ:
2014 և 2016 թ. «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում մեկնեցինք Հայրենիք: Ելույթներ ունեցանք Արցախում և Հայաստանի տարբեր քաղաքներում: Վերադարձանք անջնջելի հուշերով և Հայրենիքին սիրահարված (շատերն առաջին անգամ էին Հայաստանում):
— Իսկ ընտանիքի համար ժամանակ մնո՞ւմ է:
— Մեր ուրախությունը հրաշք թոռնուհիս է՝ Եվան, Արփիիս դուստրը: Որդիս՝ Սարգիսը, հայկական բանակում ծառայելուց հետո, փորձում է իր կյանքը դասավորել:
— Ի՞նչ եք մտածում վաղվա օրվա մասին:
— Շատ եմ ափսոսում, որ այս համավարակի պատճառով ընդհատվեց շատշատ աշխատանքների բնականոն ընթացքը, մերը՝ նույնպես: Հուսանք, որ կյանքը շուտով իր հուն կվերադառնա:
Իսկ ընդհանրապես, երազում եմ այն հայրենասեր մեծահարուստի մասին, որը Ռոստովում կհիմնի հայ մշակույթի կենտ-րոն կամ դպրոց, որտեղ մեր մանուկները, բացի ազգային պարից, երգից, լեզվից, կսովորեն նաև ազգային խոհանոց, գորգագործություն, ասեղնագործություն, մանրանկարչութուն և այլ շատ ու շատ լավ բաներ:
— Երազում եմ իմ խմբով ճանա-պարհորդել աշխարհով, լինել հայկական գաղթօջախներում, ծանոթանալ նրանց ար-ժեքներին, մատուցել մերը:
— Երազում եմ ընտանիքիս, հարա-զատներիս առողջ, բարեկեցիկ, խաղաղ ու ապահով կյանքի մասին:
— Եվ վերջում՝ ամենակարևորը, երազում եմ մեր ազգի կուռ միասնության մասին, ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ու ՀԶՈՐ ՀԱ-ՅԱՍՏԱՆԻ՝ մեր առաջին ու վերջին ՀԱՆԳՐՎԱՆԻ մասին:
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
Լրագրող

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *