nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս Դոնի Ռոստով էր ժամանել «ՍայաթՆովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։ Անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, «ՍայաթՆովա» մշակութային միության ղեկավար, բանահավաք, ժողովրդական և աշուղական երգերի կատարող Թովմաս Պողոսյանի հետ զրուցել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Պետանյանը։

 

Մեծարգո պարոն Պողոսյան, ուրախ ենք ողջունել Ձեզ Դոնի հյուրընկալ երկրամասում։ Պարոն Պողոսյան, տարիների հեռվից գնահատելով ձեր անցած ճանապարհը ինչպե՞ս կներկայացնեք այսօրը:

– Շատ տարողունակ հարց եք տալիս։ Նախ ասեմ, որ մեծ հպարտությամբ ենք եկել այստեղ, գիտենք Նախիջևան քաղաքի պատմությունը, որտեղ մեր նախնիները վերաբնակվել են մաս-նավորապես Ղրիմից։

Սիրելի՛ Լուսինե, կյանքս նվիրել եմ հայ աշուղական արվես-տին։ Ես ծնվել եմ հոգևորականի տոհմում և սովետական տարի-ներին մեր տանը, մշտապես, գաղտնի աղոթք է հնչել։ Ամեն առավոտ, մենք՝ դեռևս մահճակալի մեջ, աղոթում էինք ու նոր անցնում մնացած գործերին,և այդ մասին ոչ – ոք չգիտեր։ Ես քնում էի տատիս կողքին և հիշում եմ, թե ինչպես էի երգում  նրա հետ այդ աղոթքները։ Տատս նաև շատ լավ գիտեր աշուղական հեքիաթներ, նրանց երգերը։ Հայրս հրաշալի երգում էր, հորեղբայրս թառ էր նվագում։ Մի խոսքով, մեծացել եմ աշուղական արվեստի միջա-վայրում։

Եվ, բնականաբար, չէր կարող այս ամենը իր հետքը չթողնել Ձեր հետագա և այսօրվա գործունեության վրա։

– Այո, այդպես էլ կա։ Ստացվեց այնպես, որ իմ գիտակցական կյանքը նվիրեցի հայ աշուղական արվեստին։ Իմ գիտական երկու աշխատանքը՝ թեկնածուականը և դոկտորականը՝ նվիրված են աշուղ Ջիվանուն։

Պարոն Պողոսյան, 21-րդ դարի մարդը, անկախ իր ազգությունից, բևեռացած է նյութական արժեքների վրա։ Այսօրվա հեռուստաալիքները ողողված են մեծ մասամբ անհետաքրքիր ու անիմաստ հեռուստահաղորդումներով և անորակ նախագծերով, որոնք հիմնականում ապականում են մեր երիտասարդությանը` մղելով դեպի հեռավոր անդունդը։ Արդյո՞ք հեշտ է աշխատել ներկայիս պայմաններում, հատկապես այսօրվա հեռուստաընկերություններում և այլ նախագծերում:

– Ցավով եմ ասում, որ շատ դժվար է։ Մեր ազգային երգը, ավաղ, խեղաթյուրվում է։ Եվ այս ամենից մի ելք կա, որ երկրիս բարձրագույն իշխանությունը դեմքով շրջվի դեպի ազգային մշակույթի ակունքները։ Մենք ներքևից այսքան հոգ ենք տանում, իսկ արդյունքը չի բավարարում մեզ։

Պարոն Պողոսյան, այսօր ին՞չն է Ձեզ ամենաշատը անհանգստացնում մեր երկրում: Ըստ Ձեզ, ո՞ րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը։

– Արտագաղթը. մեր ժողո-վուրդը հեռանում է իր հայրենիքից և նոր վայրերում բույն  դնելով՝ ձուլվում,ձուլվում,ձուլվում ու … վերանում։ Մեր համայնքները առավելապես ամուր են իսլա-մական երկրներում, որովհետև փոխադարձ ամուսնություններ գրեթե չկան, իսկ քրիստոնյա երկրներում պատկերը բոլորովին այլ է, չհասկանալով՝ մենք կորց-նում ենք մեր ինքնությունը։

Մշակույթը ներկայացնում է տվյալ ժողովրդի դիմագիծը, պարոն Պողոսյան, կարո՞ղ ենք այսօր պարծենալ մեր մշակույթով:

– Անշուշտ, մենք հազարամ-յակների պատմություն, գիտութ-յուն և արվեստ ունեցող ազգ ենք։ Եթե բոլորին չհիշենք, ապա բավական է միայն նշել, թե աշ-խարհին ինչ մեծություններ ենք տվել. Նարեկացի, Շնորհալի, Սայաթ-Նովա, Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան, Սարյան, Ազնավուր և այլն։ Հպարտանալու շատ բան ունենք։

Այսօր, ինչպես տեսնում ենք, ազգային երաժշտությունն ու փողոցայինը, ռեստորանն ուբեմը խառնվել են իրար։ Հասարակությունը, Ձեր կարծիքով, ինչի՞ վրա է բևեռված։

– Հասարակությունը, լայն առումով, բևեռված է հարսանիքի մակարդակի երաժշտության վրա։ Բայց նաև ունենք բարձրաճաշակ երիտասարդություն, ովքեր լավագույնս տիրապետում են ազգային մշակույթին, առաջադեմ քաղաքակրթության ձեռքբերումներին և նրանք դեմքով շրջվել են դեպի ազգային մշակույթի ակունքները: Համենայն-դեպս, ես այդպես եմ ուզում տեսնել մեր երիտասարդությանը։ Սա էլ ինձ հույս է տալիս, որ վաղը ավելի լավ կլինի, քան՝ այսօրը։ Ես հավատում եմ մեր վաղվա լուսավոր օրվան։

Ինչպե՞ս եք տեսնում մեր անփոխարինելի հայրենիքի՝ Հայաստան երկրի ապագան:

– Շատ լավ եմ տեսնում։ Դարեր ի վեր հայ ժողովուրդը մաքառել է, պայքարել է իր գոյության, իր վաղվա օրվա համար։ Եվ տեսնելով մեր հրաշք նորօրյա սերնդին՝ ես վստահ եմ, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքե-րում է։

Պարոն Պողոսյան, փիլիսոփաներից մեկն ասել է. «Եթե ուզում ես խավարը ցրել՝ մի մոմ վառիր»։ Մենք՝ հայրենիքից դուրս գտնվող ուսուցիչներս, ջանք ու եռանդ չենք խնայում, որ մեր երեխաների մեջ վառ պահենք  հայրենիքի նկատմամբ սերը։ Ձեր այսօրվա համերգը ևս մեկ լույս է դառնալու նրանց առկայծող սրտերում, քանզի նրանց մեծ մասն այսօր դահլիճում է լինելու։ Ի դեպ, նրանք իրենց տատիկների և պապիկների հետ են եկել, որոնք հոգու թրթիռով ու կարոտով են սպասել այսօրվան։ Կխնդրեի, որ համերգի վերջում, բեմից մեր երեխաներին ոգեշնչող Ձեր մաղթանքները հղեիք։ Չտեսնված անակնկալ կլինի նրանց համար։

– Իհարկե, սիրելի՛ Լուսինե ,անպայման կհնչեցնեմ նրանց իմ խոսքը։ Ես ցանկանում եմ, որ հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը անսասան լինի, որ դուք կարողանաք այստեղ անվտանգ ապրել, արարել, ըստեղծել, բայց հոգով ու սրտով միշտ կապված լինել Մայր հայ րենիքին։ Թող ձեր վերջին հան-գըրվանը լինի Հայաստանը, որ գաք ու շենացնեք ձեր պապե-նական օջախները։

Այդպես էլ կլինի։ Շնոր հակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։

Հարցազրույցը պատրաստեց Լուսինե ՊԵՏԱՆՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *