(Կայացան Անկախության տոնին նվիրված միջոցառումներ)

Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» հայկական դպրոցի սաները (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան)

Ռոստովի մարզի և Դոնի Ռոստովի մի շարք դպրոցներում տեղի ունեցան  Հայաստանի Հանրապետության Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ։ Աշակերտների և մանկավարժների համար այս օրը պարզապես օրացույցային ամսաթիվ չէր, այլ առիթ՝ հիշելու պատմության կարևորագույն իրադարձությունները, զգալու սերունդների կապը և գիտակցելու այն ուղին, որն անցել է երկիրը դեպի ինքնիշխանություն։

Դոնի Ռոստովի հայ համայնքին կից «Արևիկ» դպրոցում տոնական միջոցառումների շարքը սկսվեց հանդիսավոր արարողությամբ։ Հնչեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ներս բերվեցին խորհրդանիշները՝ դրոշն ու զինանշանը։ Ուսուցչուհի Արմինե Հովսեփյանը շնորհավորեց աշակերտներին և ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի պատասխանատվությունն է հայրենիքի ապագայի հանդեպ։

Բոլոր դպրոցներում տեղի ունեցան թեմատիկ դասեր։ Ուսուցիչները պատմեցին, որ Անկախությունը հայ ժողովրդի դարավոր ու սուրբ երազանքն էր, որը 35 տարի առաջ իրականություն դարձավ: Սեպտեմբերի 21-ը դարձավ հայ պետականության, միասնության, հավերժության սուրբ խորհուրդը, ամենանվիրական օրը: Թեև Հայաստանից աշխարհագրորեն հեռու ենք, բայց սրտով ու մտքով միշտ հայրենիքում ենք, և այսօր սրբազան տոն է աշխարհի ամեն մի անկյունում ապրող հայի համար: Կրտսեր դասարանների աշակերտներն ուսուցիչները խոսքը շարունակեցին հայրենիքին նվիրված բանաստեղծական տողերով, երգ ու պարով։

— Սա իմ երկիրն է — չափսերով այնպիսին,
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկ` ինչպես ծերացած մայր,
փոքրիկ` ինչպես նորածին զավակ,
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…

Սա իմ երկիրն է — չափսերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

                                             Հովհ. Գրիգորյան

Դոնի Ռոստովի համար 61 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան)

Ուսուցչուհիները ներկայացրին պատմական ակնարկ՝ հակիրճ և հասկանալի պատմելով այն առանցքային իրադարձությունների մասին, որոնք հանգեցրին անկախության հռչակմանը։ Ելույթներում հնչեցին ազգային հերոսների անուններ, որոնց սխրանքները դարձան անձնվիրության և հայրենասիրության օրինակ։

Երեխաները պատկերավոր նկարների օգնությամբ արտացոլեցին անկախության և հայրենիքի մասին իրենց ընկալումը.  դա և՛ Արարատի վրա ծածանվող եռագույնն էր, և՛ Հայաստանի խաղաղ լուսաբացը, և՛ ընտանեկան ավանդույթները, և՛ ոսկեզօծ աշունը, և՛ իրենց տունը Արագածի փեշերին։

Իրենց ձեռքով պատրաստած բացիկներում մաղթանքներ գրեցին երիտասարդ հայրենիքին: Իսկ վերջում հոտնկայս խոստացան.

— Խոստանում եմ իմանալ իմ լեզուն, սովորել կարդալ, գրել, խոսել ու մտածել հայերեն, պահպանել հայ մշակութային ժառանգությունը, պատմությունը, հայկական ավանդույթները, ճանաչել իմ արմատները: Խոստանում եմ:

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Պուշկինի անվան մանկական մոդելային գրադարանի, 19 գիմնազիայի և Հովհ. Բաղրամյանի անվան համար 22 դպրոցի հայերենի խմբակների սաները (Ուսուցչուհի` Լուսինե Պետանյան)
Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները (Ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան)
Դոնի Ռոստովի համար 75 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան)
Շախտիի «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի սաները (Ուսուցչուհի՝ Սյուզաննա Աղաջանյան)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *