Հայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Աստվածահայտնության տոնը՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան:

Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվեց Ճրագալույցի հանդիսավոր արարո-ղություն, որն անցկացրեց եկեղեցու հոգեվոր հովիվ Տեր Անանիա քահանա Բաբայանը: Հատուկ արարողակարգով վառվեցին եկեղեցու ջահերն ու կանթեղները: Քահանան զգեստավորված եկավ ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսվեց Աստվածամայր կույսի օրհնաբանությունը: Հոգևոր հովիվն ընթերցեց Տիրոջ գալուստը վկայող մարգարեություններ Սուրբ Գրքից:
Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղից մոմ վառեցին և տարան իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որն առավել էր, քան արեգակը, որովհետև ցերեկով էլ էր երևում, և որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի մանուկ Հիսուսը: Ճրագալույցի հանդիսավոր Պատարագից հետո եկեղեցուն կից Հայորդաց տան դահլիճում ջերմ մթնոլորտ էր, իսկ սա նշանակում էր, որ կրթօջախի պատերից ներս կրկին ու կրկին թևածելու են Սուրբ Ծննդյան ավետիսներ, բեմադրություն, ազգային երգ ու պար (Տնօրեն՝ Սոնա Գուրգենյան, ուսուցչուհիներ՝ Աննա Բեգլարյան, Սուսաննա Վարդանյան):

Միջոցառման վերջում հանդիսատեսին անակնկալ էր սպասվում: Ցուցադրվեց Հա-յորդաց տան սաների մասնակցությամբ նկարահանված «Ավետաբեր պատումներ» շարքից առաջին ֆիլմը՝ «Սուրբ Ծնունդ»-ը:
Այնքան նկատելի էր, թե ինչ հուզմունքով և պատասխանատվությամբ էին սա-ները մարմնավորել աստվածաշնչյան կերպարները, ինչպես էին արձագանքել սուրբ-գրային պատմությանը:
Նրանք, ովքեր ներկա էին կրթօջախի ոգեղեն հարկի տակ կազմակերպված Սուրբ Ծննդյան տոնին նվիրված միջոցառմանը, անշուշտ ապրեցին հրաշագործ րոպեներ՝ լի Աստվածային լույսով, հավատով ու հույսով: Հայորդաց տան տնօրինությունը երեխաների համար պատրաստել էր նաև նվերներ:
Թող Ճրագալույցի օրհնյալ լույսը հույս, հավատ ու խաղաղություն բերի յուրաքանչյուր ընտանիք:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ
Մեզ և ձեզ մեծ ավետիս
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ