
Վահան Տերյանի շունչը նորից շրջում է Գանձայում։ Տունը, որտեղ նա մեծացել ու սկսել է իր առաջին բանաստեղծական քայլերը, այսօր վերածնվել է՝ որպես լիարժեք վերականգնված տունթանգարանի։ Այստեղ ամեն անկյուն խոսում է Տերյանի մասին, իսկ ժամանակակից տեխնո-լոգիաները հնարավորություն են տալիս քայլել նրա հետ՝ անցյալից ներկա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանում ներկայացված են թե՛ Տերյանի անձնական իրերը, թե՛ ընտանիքի անդամների հիշատակներ, ինչպես նաև 19-րդ դարի վերջից ու 20-րդ դարասկզբից փրկված բացառիկ պատմական առարկաներ։
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ՝ ԱՌԱՐԿԱՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԻՋԱՎԱՅՐ
Վահան Տերյանի տունթանգարանի ցուցադրության համադրող Արգամ Երանոսյանը նշեց՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախաձեռնությամբ ցուցադրության նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2023 թվականի վերջից։ Նախապես իրականացվել է առարկաների հաշվառում՝ թանգարանի տարածքից և Գանձա գյուղի շրջակայքից, այնուհետև՝ դաշտային հետազոտություններ։ Շատ արժեքավոր առարկաներ ձեռք են բերվել հնավաճառներից, աճուրդներից, ինչպես նաև նվիրատվությունների միջոցով։

«Թանգարանի ամենահին և եզակի ցուցանմուշներից մեկն է 1686 թվականի հրատարակությամբ Ճաշոց գիրքը, որը ժամանակին պատկանել է տեղի եկեղեցուն և խորհրդային տարիների վտանգներից փրկվել է Գանձայից մի կնոջ միջոցով։ Գիրքը հետագայում փոխանցվել է Վաղինակ Ղազարյանի միջոցով և դարձել թանգարանի գոհարներից մեկը», — ասաց համադրողը:
ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԱՆՑՅԱԼՆ ԱՊԱԳԱՅԻ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արգամ Երանոսյանի խոսքով՝ թանգարանի մեծ թվով ցուցանմուշներ՝ հոգևո-րական հագուստից մինչև գորգեր, վերականգնվել են մասնագիտացված վերականգնողների միջոցով։ Նրանց ջանքերով պահպանվել են Վահան Տերյանի հոր՝ Տեր Սուքիասի հագուստը, մոր՝ Յուղաբերի վերնազգեստը, ինչպես նաև տան հնատիպ կարպետը։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ՝ ԱՆՑՅԱԼԸ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թանգարանում տեղադրված են վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիաներ, որոնց միջոցով այցելուներն իրապես կարող են զգալ Տերյանի ներկայությունը՝ տեղափոխվելով նրա աշխատասենյակ և ականատես լինել, օրինակ, սիրային նամակ գրելու գործընթացին։

Տեխնոլոգիաները ներդրվել են այնպես, որ համադրվեն տարբեր սենյակների պատմական մթնոլորտին՝ ըստ անձնական կամ ընտանեկան բովանդակության։ Թանգարանի համադրողը նշում է. «Տերյանի շունչը, բնականաբար, զգում եմ ու արել եմ ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր այցելու ևս դա զգա։ Մենք փորձել ենք վերակենդանացնել այն միջավայրը, որտեղ նա ապրել է, մեծացել, գրել։ Այստեղ կարելի է ոչ միայն տեսնել Վահան Տերյանին, այլ զգալ ամբողջ ընտանիքի ու դարաշրջանի կյանքը»:
ՏԵՐՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔ. ՏՈՒՆ, ՈՐԸ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ
Համադրողը ներկայացրեց, որ տունթանգարանում ներկայացված են ոչ միայն Վահանի, այլև նրա եղբայրների՝ Ղազարոսի, Արամի և Ներսեսի առարկաները։ Նրանք ևս եղել են գրագետ, գաղափարական մարդիկ, որոնք ներգրավված են եղել ժամանակի ազատական շարժումներում։ Տերյանի եղբայրը՝ Ներսեսը, Գանձայում հիմնադրել է սպառողական կոոպերատիվ՝ դառնալով համայնքի զարգացման շարժիչներից մեկը։

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆԸ՝ ԳԱՆՁԱ
«Տերյանի տունը ժամանակին եղել է նաև Ջավախք այցելող մտավորականների հանգրվանը։ Այստեղ է հյուրընկալվել Հովհաննես Թումանյանը, և հենց այստեղ է գրվել «Թմկաբերդի առումը» և «Փարվանա» պոեմները։ Թանգարանում ցուցադրվում է Թումանյանի լուսանկարը, որտեղ նա դիտում է Թմկաբերդը հեռադիտակով։ Այստեղ նաև ներկայացված են Ավետիք Իսահակյանի՝ անձամբ մակագրված գիրքը, ինչպես նաև Սիլվա Կապուտիկյանի հետ կապված հիշողություններ», — ասաց ցուցադրության համադրող Արգամ Երանոսյանը:
ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ՝ ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՄՇԱԿՈՒՅԹ
Խորհրդային տարիներից ի վեր Գանձայում անցկացվում են տերյանական օրեր, որոնք դարձել են Ջավախքի մշակութային կյանքի կարևոր բաղադրիչը։ Այս նախաձեռնությունը նախադեպ է դարձել՝ խթանելով ջիվանական, հովսեփյանական և այլ գրական օրերի կազմակերպումը։
ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը դեռ 2016 թվականին նախաձեռնել էր նմանատիպ մեկ այլ կարևոր նախագիծ՝ Ջիվանու տունթանգարանի վերականգնումը։ Ներկայումս Վահան Տերյանի թանգարանն առաջինն է իր տեսակի մեջ՝ միավորելով մշակութային ժառանգության պահպանումը և ժամանակակից փորձառական տեխնոլոգիաները՝ պոեզիայի տուն այցը դարձնելով առավել տպավորիչ:
Գայանե ԳԱԲՈՅԱՆ