nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Մարտիրոս Սարյանը (1880-1972 թթ.) ծնվել է Նոր Նախիջևա-նում: Սարյանի նախնիները եղել են անեցիներ և գաղթելով Ղրիմ` մասնակցել են տեղի հայկական գաղթավայրի ձևավորմանը:

1895 թ. Սարյանն ավարտել է տեղի հանրակրթական ուսումնարա-նը, 1897-1904 թթ. սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդա-կագործության և ճարտարապետության ուսումնարանի գեղանկարչություն բաժնում: Առաջին անգամ Երևանում, Աշտարակում, Վաղարշապատում եղել է 1901թ., իսկ 1902թ.` Անիում: Ճամ-փորդության ընթացքում ուսումնասիրել է հայոց պատմությունը, մշակույթը, որը վճռական ազդեցություն է ունեցել նրա աշ-խարհայացքի և ստեղծագործական ներաշխարհի ձևավորման վրա: Մեծ եղեռնի ողբերգական օրերին նա անդամագրվեց հայերին օգնող մոսկովյան կոմիտեին և, Հովհ. Թումանյանի, Գ. Հովսեփյանի հետ միասին, անուրանալի ջանքեր գործադրեց Արևելյան Հայաստանում ապաստանած փախստականներին գործուն օժանդակություն ցուցաբերելու խնդրում:

1928 թ. Փարիզում բացվել է Սարյանի անհատական ցուցա-հանդեսը: 1923 թ. սկսած ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված դիմանկարներ, բնանկարներ` «Հայաստան», «Լեռներ:

Հայաստան», «Եղիշե Չարենց», «Թ. Թորամանյան», «Ս. Մալխաս-յան»: «Իմ հայրենիքը» նկարաշարի համար 1961 թ. Սարյանն արժանացել է Լենինյան մրցանակի:

Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Սարյանը 1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում, որտեղ էլ 1972 թվականի մայիսի 5-ին վախճանվել է։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

Սարյանի գործերը կենտրոնացված են նրա տուն-թանգա-րանում, Հայաստանի պետական պատկերասրահում և նրա մաս-նաճյուղերում, ինչպես նաև Տրետյակովյան պատկերասրահում, ԱՊՀ երկրների տարբեր թանգարաններում, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական ան-դամ, ՀԳԱԱ ակադեմիկոս. «Մարդն ինքը բնությունն է, բնությունը` մարդը: Մահ չկա´: Մահը պրոցես է լոկ անվերջության ճանապարհին»:

Մ. Սարյան

Հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի ծննդյան և անվանակոչության օրը` փետրվարի 28-ին, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալարանը (ՀՎՀ), հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում, Դոնի Ռոստովի ՀՎՀ-ի ուսանողների, թիվ 61 և 110 դպրոցներում գործող հայերենի «Արևիկ» խմբակի աշակերտների համար (ուսուցիչներ` Ա. Հովսեփյան, Ծ. Սարգսյան) կազմակերպել էր վիրտուալ այցելություն Մարտիրոս Սարյանի տունթանգարան:

Վարպետի տունթանգարանում շրջա-գայությունը (ԶՈւՄ հարթակում) վարում էր ՀՎՀ-ի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը: Գոհար Գևորգյանը ներկայացրեց Սարյանի կենսագրությունը, ստեղծագործական ուղին: Ցույց տվեց նրա ստեղծած դիմանկարները, բնանկարները, նատյուրմորտները, պաննոները:

Գույների վարպետն այն բացառիկներից էր, ով իր կենդանության օրոք ունեցավ տունթանգարան: 1967 թ-ին Սարյան 3 հասցեում բացվեց արևոտ վրձնով նկարչի տունթանգարանը: Այն բաղկացած է 3 հարկից. և’ տուն է, և’ թանգարան: Սկզբում կառուցվել է Սարյանի տունը` 1932 թ-ին: Առաջին հարկը` որպես բնակելի տարածք, և երկրորդ հարկում` միայն արվեստանոցը: Տան հատակագծի հեղինակը մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է: Թանգարանային հատվածը կառուցվել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով:

Այստեղ վարպետն ապրել է մոտ 40 տարի: Համեստ, խաղաղ ու պարզ կահավորված տունն առաջին հայացքից է գրավում: Երբ Արամ Խաչատրյանն առաջին անգամ ոտք է դրել վարպետի տուն, ասել է. «Ես կարծես տաճար մտա»: Այդպիսի հոգեկան հանգստություն է ապրել նա` վարպետի տուն մտնելիս:

Սարյանի մեծագույն սերը, մուսան ու կյանքի ընկերը Ղազարոս Աղայանի դուստըրն էր` Լուսիկ Աղայանը: Նրան են նվիրված մի շարք նկարներ ու դիմանկարներ:

Այստեղ է նաև Ավետիք Իսահակյանի բեղուն գրիչը: Գրողի մահից հետո Իսահակյանների ընտանիքը այն նվիրել է Սարյանին:
Ակնածանքով ու հուզմունքով դիտեցինք տուն-թանգարանի սրբավայր` վարպետի արվեստանոցը: Այստեղ Սարյանի գունապնակն է, աշխատանքային սեղանը:

Սարյանը վրձիններ շատ է ունեցել: Ասում են` հատ-հատ կարող էր ճանաչել, ասել, որ այ սրանով նկարել եմ Հայաստանի գերբը, սրանով` Արամ Խաչատրյանին:

Սարյանների համար դժվարին շրջան էր Հայրենական պատերազմը: Պատերազմ մեկնած որդուն գրված նամակներն անպատասխան էին մնում: Նա կրկին դիմում է վրձնի օգնությանն ու հույզերը փոխանցում կտավին: Նկարում է իրեն ու կնոջը` առջևում որդու նկարը: Նկարի առաջին պլանում տեսնում ենք կնոջը` ձեռքին միրգ, որ փորձում է բացել, բայց արդեն հայելու մեջ տեսնում ենք նամակ: Վարպետն այստեղ փորձել է ասել, որ շատ կցանկանար կնոջ ձեռքում այս մրգի փոխարեն լիներ այս նամակը` որդուց: Կինը բացեր նամակը, կարդային և իմանային, որ որդին ողջ է: Այնուամենայնիվ, Սարյանները ստանում են նամակ որդուց և այն, հատուկ ծրագրի միջոցով, բացվում է այցելուի առջև:

Մրգերն ու բանջարեղենները կյանքի բարիքներ համարող վարպետն ինքն էր գնում շուկա և իր ձեռքով ընտրում դրանք: Որոնց հետո պիտի հավերժ կյանք տար իր կտավներում: Սարյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Հայաստան» պաննոն, նա նկարել է 84 տարեկանում: Ցանկանում էր ամբողջ Հայաստանը հավաքել մեկ կտավում: Նա կարծես պատկերել է ժամանակագրական 3 շրջան: Վաղ շրջանը, այն մետքասի ճանապարհը, որ անցել է Հայաստանով, ուղտերի պատկերը դրանով ենք բացատրում: Պաննոյի ձախ մասում 20-ական թվականներն են, տափակ կտուրներով շենքեր, իսկ կենտրոնում ապագա Երևանն է` իր շենքերով ու ավտոմեքենայով:

«Հեքիաթ». այսպես է կոչել իր վերջին նկարը լույսի ու ստվերի, վառ ու արևոտ գույների վարպետը` մեզ գույների հեքիաթ նվիրած Մարտիրոս Սարյանը:

Վիրտուալ այցելությունից հետո ուսանողներն ու աշակերտները` ոգեշնչված Սարյանի գույներով, ստեղծագործություն-ներով, նկարեցին նատյուրմորտներ:

Շնորհակալություն Հայկական վիրտուալ համալսարնին, հեռավար դասախոս Գոհար Գևորգյանին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Լիահույս ենք, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:
Պատրաստեց` Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *