nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Մեկնարկեց 2025-2026 թթ ուսումնական տարին)

Դոնի Ռոստովի Հովհաննես Բաղրամյանի անվան համար 22 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի՝ Լուսինե Պետանյան)

‹‹Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է»։

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի այս կտակը արդիական է նաև այսօր։

Հայրենիքից դուրս ապրող յուրաքանչյուր հայի առաջ միշտ ծառացած են եղել կարևորագույն խնդիրներ՝ հայ մշակույթի, պատմության, մայրենի լեզվի ուսուցումը և փոխանցումը հաջորդ սերունդներին: Երեխաների հայեցի դաստիարակության հիմնաքարն է մայրենիի իմացությունը, պահպանումն ու զարգացումը:

Ռոստովի մարզում և Դոնի Ռոստով քաղաքում գործող հայերենի խմբակները, հայկական եկեղեցիներին կից կիրակնօրյա դպրոցները 2025-2026 թթ ուսումնական տարում իրենց շուրջը կրկին համախմբեցին տասնյակ մանուկների: Առավել ոգևորված էին հատկապես առաջին անգամ հայերենի խմբակներ հաճախողները, ովքեր նոր էին ոտք դնում հայկական կրթօջախ՝ սովորելու և դաստիարակվելու հայրենասիրական ու ազգային մշտամնա արժեքներով։

Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ Հայ Առաքելական Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները (Ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան)

Եվս մեկ ուսումնական տարի գիտելիքների ամբարման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման, նոր ձգտումների ու ջանադրության ժամանակամիջոց, որը նախաշավիղն է մեր հայրենիքի զարգացման ու առաջադիմության: Իր լուսավոր ապագային նայող ամեն ժողովրդի և հասարակության համար ուսումն ու կրթությունը առաջնահերթ նպատակներ են: Այդպես է դարերով ընկալել նաև մեր ժողովուրդը՝ նեղություններով լի ժամանակներում անգամ վառ պահելով իմացության ու կրթության ջահը: Այս համոզումն առավել պիտի առաջնորդի մեզ այսօր, երբ աշխարհն ալեկոծվում է իրարամերժ ընթացքներով:

Թո΄ղ 2025-26 ուսումնական տարին առատ լինի բարձր արդյունքներով, որոնք պիտի լուսավորեն մեր ժողովրդի ճանապարհը ու ծառայեն մեր հայրենիքի զորացմանն ու առաջընթացին: Գիտելիքի հետ հավատ ու սեր պիտի փոխանցեն մանկավարժները մատաղ սերնդին, որպեսզի այդ արժեքներով նրանք դաստիարակվեն ու ապրեն, ինչպես ապրել ու գոյատևել է հայ ժողովուրդը դարեր ի վեր:

Եկեք ազգովի պահենք ու պահպանենք մեր լեզուն՝ մեր Հայրենիքը:

Բարի երթ դեպի նոր ուսումնական:

 Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դոնի հայ համայնքին կից հայերենի խմբակի սաները (Ուսուցչուհի՝ Ռուզաննա Կարապետյան)
Դոնի Ռոստովի համար 13 լիցեյի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Անահիտ Հարությունյան)
Դոնի Ռոստովի Վ.Ի. Լենինի անվան գրադարանի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան)
Դոնի Ռոստովի համար 75 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի` Ծովինար Սարգսյան)
Դոնի հայ երիտասարդական միությանը կից հայերենի խմբակի ուսանողները (Ուսուցչուհի՝ Գայանե Թորոսյան)

ԱՆՑՆԵԼՈՎ ՀՂՈՒՄԸ՝ ԴՈՒՔ ԿՏԵՂԵԿԱՆԱՔ

ՌՈՍՏՈՎԻ ՄԱՐԶՈՒՄ ԵՎ ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ

ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *