
2024 թվ. նոյեմբերի 14-ին լրացավ 245 տարին, երբ Եկատերինա Երկրորդ թագուհու հրամանով հայերը Ղրիմից գաղթեցին և հարկադիր վերաբնակեցվեցին Դոն գետի ամայի ափերին:
Այս առիթով Ռոստովի մարզի տարբեր հայկական համայնքներում կազմակերպվեցին միջոցառումներ: Շախտի քաղաքի «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնն անմասն չմնաց:
Միջոցառումը պետք է կայանար 2024-ի ապրիլի 14-ին: Որոշված էր օրը, հրավիրված էին հյուրերը, բայց դժբախտ պատահարը փոխեց ամեն ինչ: Այս միջոցառման կայացման գործում իր մեծ դերն ու աշաատանքն է ունեցել ամուսինս՝ Սերյոժա Թամրազյանը, որը համայնքային կյանքում, հատկապես՝ միջոցառումների ժամանակ հանդես է եկել գեղեցիկ ելույթներով՝ նվագելով, երգելով, թատերական դերերով, իր ստեղծագործություններով, որոնք արտասանել են մեր կենտրոնի սաները: Նա Օկտյաբրսկի շրջանի Կրասնի Կուտի մշակույթի կենտրոնի «ՄԱՍԿԻ» ժողովրդական թատրոնի դերասան էր։

Երկար ժամանակ չէի կարողանում վերսկսել կիսատ թողած աշխատանքս, բայց Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Շախտի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Անանիա Բաբայանի խորհրդով որոշեցի միջոցառումը նվիրել ամուսնուս հիշատակին: Այդպիսով մեջս նորից ուժ արթնացավ և այն տեղի ունեցավ 2024թ. դեկտեմբերի 8-ին, որը կրում էր «Ծնունդով Դոնի Նոր Նախիջևանի հայերը» խորագիրը:
Մեր կրթամշակութային կենտրոնը, որը կրում է աշխարհի հարյուր մեծագույն հերոսներից մեկի՝ հայ ազգային հերոս, ռազմական հանճար, իր ժողովրդի հավերժական պաշտպան Անդրանիկ Զորավարի անունը, այդ օրը լեփլեցուն էր հյուրերով:
Ներկա էին հոգևոր հովիվ Տեր Անանիա Բաբայանը, «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Մովսես Կիրակոսյանը, Շախտի քաղաքի գրողների միության անդամ Յակով Բախտամյանը, վաստակաշատ մանկավարժ Արմենուհի Սևանյանը, Հարավային դաշնային համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների ինստիտուսի գիտաշխատող Վահագն Ասրյանը, հայագետ Նատալյա Սոբոլը, Նովոչերկասսկ քաղաքի «Հայորդաց տուն» կիրակնօրյա դպրոցի տնօրեն Սոնա Գուրգենյանը, Դոնի Ռոստովի հայ համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորման ղեկավար Լուսինե Պետանյանը, Շախտի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարական գործերին ակտիվ մասնակից գործարարները, մանկավարժներ Դոնի Ռոստովից, ծնողներ:
Միջոցառումը սկսվեց բոլոր ժամանակների հավերժի ճամփորդ դարձած հայ զինվորի հիշատակը հոտնկայս հարգելով, որից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, որի տողերի հեղինակը ծնունդով նորնախիջևանցի Միքայել Նալբանդյանն է:

Ողջույնի խոսքով հանդես եկան Տեր Անանիա Բաբայանը, Մովսես Կիրակոսյանը և տողերիս հեղինակը՝ նույն կենտրո-նի միջոցառումների կազմակերպիչ:
Վորոնեժ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ներկաներին (հեռավար) իր գեղեցիկ ասմունքով ողջունեց «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի ակտիվիստ, Վորոնեժի պետական բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Թամրազյանը: Այնուհետև բեմում մեր հաղորդավարներն էին (Մարգարիտ Փորքաշյան, Մովսես Թամրազյան, Միլենա Հովհաննիսյան), որոնք պատմական անցուդարձով տվեցին այն հարցերի պատասխանը, թե ինչպես են հայերը հայտնըվել այստեղ և ինչպես են պահպանել իրենց հայկական արմատները: Միայն այն, որ Դոնի Նախիջևանում դատավարություններն անց են կացվել Մխիթար Գոշի «Դատաստանագրքով», դա խոսում է մեր ազգի հայրենասիրության, հզոր մտավոր և բարձր հոգևոր արժեքների մասին:
Միջոցառման շեշտը դրված էր միջնադարյան Հայաստանի, հայոց քաղաքակըրթության և մշակույթի, ճարտարապետական հմայքի և հազար ու մի եկեղեցիների, երբեմնի շեն մայրաքաղաք Անիի վրա:

Ես Անիից սերված…
Հայ եմ արյամբ իմ անարատ
Բիբերիս մեջ՝ որպես տեսողություն
Եղել է սարը Արարատ…
Լյուդվիգ Դուրյան
Եվ ո՞վ կարող էր սրտից ելած այսպիսի խոսքերով բանաստեղծություններ գրել, եթե ոչ հինավուրց մայրաքաղաք Անիից գաղթած անեցիների սերունդները, որոնց արյան մեջ է այդ կարոտը: Երեխաները հպարտությամբ արտասանեցին Ռաֆայել Պատկանյանի, Միքայել Նալբանդյանի, Լյուդվիգ Դուրյանի, Քնարիկ Խարտավակյանի հայտնի ստեղծագործությունները:
Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուց, իրենց հեղինակային տեսանյութով հան-դես եկան Քնարիկ Սարգսյանն ու Մերի Վարոսյանը: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից, Երևանից (հատուկ այս միջոցառման համար) տեսանյութ էին պատրաստել Երևանի պետական համալսարանի Կովկասագիտության բաժնի ուսանողներ Մարիամ Միհրանյանը և Նանե Ավետիսյանը: Նաիրյան հեզաճկուն պարով հանդիսատեսին գերեց Մարիաննա Կնյազյանը, իսկ Անգելինա Գաբրիելյանը հիացրեց «Նորից ինչպես ուխտավոր» երգով: Ռաֆայել Պատկանյանի օրորոցայինը հրաշալի կատարեցին Գայանե և Անգելինա Առաքելյանները, իսկ «Արաքսի արտասուքը» արտասանեց Մարիետա Ազատյանը:
Այնուհետև բեմահարթակում էին կենտրոնի դպրոցի սաները (Ուսուցչուհի՝ Սյուզաննա Աղաջանյան): Հնչեց Ռաֆայել Պատկանյանի «Հայ և հայություն» հայտնի ստեղծագործությունը, որն այսօր էլ արդիական է:

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստղ քեզ համար,
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն:
Շախտի քաղաքի «Սասնա հետևորդներ» երգի խմբի ղեկավար Շուշան Ավանեսյանը հրաշալի կատարեց «Անի» երգը և «Քաջ Վարդան Մամիկանյանի մահը» երգով ավարտեցինք ցերեկույթը:
Իհարկե մեկ միջոցառման շրջանակներում հնարավոր չէր անդրադառնալ ծնունդով նորնախիջևանցի բոլոր հայտնի հայերին, ուստի մեր երեխաները ներկայացրեցին այն հայորդիներին, որոնք իրենց գործունեությամբ մեծ հետք են թողել Ռու-սաստանի և Հայաստանի մշակութային, հասարական և քաղաքական կյանքում:
Միջոցառման ավարտին իրենց տպավորություններով կիսվեցին միջազգայնագետ Վահագն Ասրյանը և պատմաբան, հայագետ Նատալյա Սոբոլը: Նատալյա Սոբոլը նշեց հայ ազգի այն կարևոր, արժեքավոր հատկանիշները, որոնց շնորհիվ նա գոյատևել է պատմության քառուղիներում, հորդորեց, որ նման միջոցառումները լինեն շարունակական: Իսկ վերջում նվիրեց XI դարի Անիի քարտեզը:

Իսկ ինչո՞ւ էր շեշտը դրվել Անի մայրաքաղաքի վրա, որտեղից սերվել են դոնահայերը, որովհետև, եթե յուրաքանչյուրս չիմանանք մեր արմատները որտեղից են գալիս, մենք չենք կարող մեր ազգային արժեքների կրողը լինել: Այսինքն՝ պետք է օժտված լինենք հայրենաճանաչումով, այնուհետև՝ հայրենապաշտությամբ:
Եվ ուզում եմ մեջբերել մեծն Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը. «Արժանի չենք լինի մեր հայրենիքին, եթե այն չդարձնենք գերագույն նպատակ, իսկ մեր անձը՝ իբրև միջոց այդ նպատակին ծառայեցնելու համար»:
Գայանե ՍՏԵՓԱՆՅԱՆ

