
Նորից անձրև՜, մշո՜ւշ, ա՜մպ,
Թախի՜ծ անհուն, տխրա՜նք հեզ,
Աշո՛ւն, քեզ ի՛նչ քնքշությամբ,
Ի՞նչ խոսքերով երգեմ քեզ…
Վահան Տերյան
Դոնի Ռոստովի Վ. Լենինի և Յ. Գագարինի անվան գրադարանների հայերենի խմբակի աշակերտները, համար 83 դպրոցի հայերենի խմբակի երեխաները և Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաները (ուսուցչուհիներ` Ա. Հովսեփյան, Ա. Ղա-զարյան) մասնակցեցին «Ոսկեծամիկ աշուն» խորագիրը կրող բաց դասերին: Միջոցառումները վարում էին ուսուցիչները:
Տարվա ամենագեղեցիկ եղանակին նվիրված դասերին երեխաները շատ հետաքրքիր բաներ իմացան. հայերենով անվանեցին աշնանային մըր-գերը, բանջարեղենները, գույները, ամիսները, բնության երևույթները, գուշակեցին հանելուկներ, կարդացին բանաստեղծություններ և երգեցին երգեր: Խաղացին «Աշնանային համեր» զվարճալի խաղը (երեխաները փակ աչքերով փորձեցին գուշակել, թե որ պտուղն են համտեսում): «Ոսկեծամիկ աշունը» երեխաների սրտերում թողեց ոչ միայն վառ հիշողություններ զվարճալի խաղերի մասին, այլև խորը պատկերացում այն մասին, թե որքան կարևոր է գնահատել և պաշտպանել շրջապատող աշխարհի գեղեցկությունը: Բաց դասերը ևս մեկ ապացույց էին այն բանի, որ լրացուցիչ կրթությունը ստեղծագործելու, ինքնադրսեվորվելու և իրական արժեքներ ձևավորելու տարածք է:
Միջոցառումներն անցան ջերմ ու մտերմիկ մթնոլորտում՝ ապահովելով և՛ դաստիարակչական, և՛ ճանաչողական կողմերը:
Գնաս բարով, ոսկե աշուն,
Մեր հարազատ, թախծոտ ընկեր,
Քո անսահման վառ գույներում
Անուրջներ կան ոսկեհեր:
Շշուկներում՝ երգեր տխուր,
Հրաժեշտի թախծոտ տողեր՝
Քամու թևով հեռանում են,
Թողնում արցունք-կաթիլներ:
Բայց ես գիտեմ, որ դու շուտով
Գարուն դարձած ետ կգաս
Ու նոր շնչով, նոր երգերով
Ծիլերի մեջ կժպտաս:
Իսկ այսօր՝ բարո՜վ գնաս,
Բարո՜վ գնաս…
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

