nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված միջոցառում Սալսկում)

2025 թվականի մայիսի 9-ին լրացավ ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը, մի իրադարձություն, որն ընդմիշտ փոխեց համաշխարհային պատմության ընթացքը։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հիշեցում Խորհրդային Միության ժողովուրդների հերոսության, արիության և հսկայական զոհաբերության մասին, որոնց մեջ արժանի տեղ է գրավում հայ ժողովուրդը։ Այդ կապակցությամբ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքի «Ուրարտու» հայ համայնքին կից դպրոցում ուսուցչուհի Անահիտ Գրիգորյանն աշակերտների հետ անցկացրեց հիշատակի դաս՝ «Մեծ հայրենականը և հայերի ներդրումը այդ պատերազմում» խորագրով: Անահիտ Գրիգորյանը Դաշտային Արցախի Չարդախլու գյուղից է: Հենց այդ գյուղում են ծնվել մարշալ Հովհաննես Բաղրամյանը և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը: Այդ բերրի հողը տվել է 12 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս: Ռազմաճակատ մեկնած գյուղի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը դարձել է բարձրագույն օղակի հրամանա-տար, յուրաքանչյուր երկրորդն արժանացել է բազմաթիվ շքանշանների և մեդալների: Ուսուցչուհին հուզմունքով և ակածանքով վերհիշեց ու երեխաներին պատմեց իր համաերկրացի մարշալների մասին, ներկայացրեց հայերի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում:

Անահիտ Գրիգորյանը պատմեց, որ հայ ժողովուրդն արժանի ներդրում է ունեցել Հիտլերյան Գերմանիայի դեմ պայքարում: Ինչպես նշել է խորհրդային մարշալ Ժուկովը. «Հայ մարտիկները` զինվորից մինչև մարշալ, իրենց ծածկել են քաջարի ռազմիկների անթառամ փառքով»:

Բարեբախտաբար, Հայաստանում ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան: Ողջ պատերազմի ընթացքում Հայաստանի մտավորականությունը, աշխատավորները լարված և անձնազոհ կերպով աշխատում էին` հաղթահարելով պատերազմի տարիների բոլոր զրկանքներն ու անասելի դժվարությունները հաղթանակի համար:

Կարմիր բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված օգնությունը դառնում է առավել արդյունավետ, երբ 1943 թ. նոյեմբերին Ստալինի հրամանով ստեղծվում է Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի առաջին նախագահն է դառնում ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա էր, որ հայազգի ծովակալ Իսակովի օգնությամբ պատերազմի ժամանակ փրկում է Լենինգրադի Էրմիտաժ թանգարանի գլուխգործոցները:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 600 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը մարտնչում էր: Բացի նրանցից` 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում:

200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 103 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել Հովհաննես Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը:

27 հայ զինվորական դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, ինչը հավա-սարեցվում է Հերոսի կոչմանը:

Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմին տվել է նաև 64 գեներալ, 5 մարշալ, որոնցից մեկն ավիացիայի մարշալ, մեկը ծովակալ: Պատերազմից հետո գեներալի կոչում է ստացել մարտական գործոությունների մասնակից ևս 83 հայ սպա:

Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների քանակով հայերը 4-րդն են ռուս-ներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո:

Նշենք նրանցից մի քանիսի անունները` ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց (կամ Սերգեյ Խուդյակով), բանակի գեներալ, հետագայում` մարշալ Հովհաննես Բաղրամյան, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակով, բժշկական ծառայության գեներալգնդապետ Լևոն Օրբելի, տանկային զորքերի գեներալմայոր Համազասպ Բաբաջանյան, ինժեներատեխնիկական ծառայության գեներալմայոր Համո Յոլյան և շատ այլ փառապանծ անուններ:

Այդ օրը ուսուցիչների և ծնողների ջանքերով երեխաները մասնակցեցին Անմահ գունդ ակցիային, որոնք իրենց ձեռքում պահում էին Հայրենական մեծ պատերազմի մասնակից նախապապիկների լուսանկարները: 

Իսկ համայնքի ղեկավարությունը և անդամները Մայիսի 9-ին ծաղկեպսակ դրեցին Սալսկի Անմար կրակի մոտ:

Հիրավի, ճիշտ են հայտնի բանաստեղծության տողերը. «Մեր սուրը փառքով դրեցինք պատյան»…

Էլեոնորա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *