
Հոկտեմբերի 5-ին կրկին լեփլեցուն էր Շախտիի «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի սրահը: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, ծնողներ: Առիթը միայն Ուսուցչի տոնը չէր: Մեկ միջոցառման ընթացքում անդրադարձանք և՛ Գիտելիքի ու դպրության օրվան, և՛ Ուսուցչի տոնին, և՛ Թարգմանչաց տոնին, և՛ իհարկե, հայ ժողովրդի ամենաթանկ ձեռքբերումներից մեկի՝ ՀՀ Անկախության 34-րդ ամյակին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Շախտի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցիների հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Անանիա Բաբայանը:
Ներկաներին իր ջերմ խոսքերը հղեց և ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորեց «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Մովսես Կիրակոսյանը:
Միջոցառման շեշետը դրված էր հայրենասիրության գաղափարի վրա:

Չի կարելի Դավիթ ունենալ ու խեղճ լինել,
Նարեկացի ունենալ ու անմշակույթ լինել,
Նժդեհ ունենանալ ու անհայրենիք լինել:
Անկախությունը ժողովրդի պարտականությունն է իր հայրենիքի հանդեպ, որից խուսափող ժողովուրդը կորցնում է իր բարոյական իրավունքը: «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի սաները հանդիսատեսին հիացրին իրենց գեղեցիկ ասմունքով, երգով: Իսկ վերջում մեր շնորհաշատ ծնողներ Սեդա Գրիգորյանը, Անուշ Թունյանը և երիտասարդ ուսուցչուհի Մարիետա Ազատյանը ցուցադրեցին Աթաբեկ Խնկոյանի «Գայլն ու կատուն» առակի տիկնիկային ներկայացումը: Անակնկալը ստացված էր, իսկ տոնական տրամադրությունը և հեքիաթային մթնոլորտը՝ ապահովված:
Իսկ մենք որոշեցինք, որ սա կարելի է դարձնել գեղեցիկ ավանդույթ և յուրաքանչյուր միջոցառումից հետո բեմադրել այսպիսի ուսուցողական, խրատական առակներ, հեքիաթներ, որոնց միջոցով երեխաները կծանոթանան հայ գրականության գոհարներին:
Գայանե ՍՏԵՓԱՆՅԱՆ
