
Մագդալինա Կարապետի Գյուրջյանը (Խոշաֆյան) ծնվել է 1924 թ. հունվարի 22-ին Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղում: Դպրոցում ուսումը վերջացնելուց հետո՝ նա մեկնել է Հայաստան, ընդունվել Երևանի թատերական ուսումնարանը: 1943 թ. ուսումնարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ մոտ վաթսուն տարի խաղացել է երկու հարյուր ներկայացումներում: Հայաստանի Հանրապետության վաստակավոր դերասանուհի է:
Տաղանդավոր, հարգարժան, շատերի կողմից սիրված դերասանուհին կյանքին հրաժեշտ է տվել 2014 թ. հունվարի 10-ին Արտաշատում:
Հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի, բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ Շողիկ Սիմավոնյանի համար նա մորաքույր էր: Շողիկի տատը՝ Շողակաթ Խոշաֆյանը և Մագդալինայի (Մագդա) հայրը՝ Կարապետ Խոշաֆյանը, եղել են հարազար քույր ու եղբայր:
Շողիկ Սիմավոնյանին հասցեագրված այս նամակն՝ Արտաշատի շրջանային թերթի խմբագիր Նորայր Սահակյանի (Գեղունի) կողմից, Մագդա մորաքույրը 1992 թ., երբ եկել է Ռոստով, անձնապես հանձնել է նրան: «Արտաշատ» և «Զարյա կոմունիզմա» թերթի խմբագրությունները, միչև նախորդ դարի 90-ականները, եղել են աշխատանքային, բարեկամական կապերի մեջ:
Ստորև տպագրում ենք այդ նամակի բովանդակությունը և Շողիկ Սիմավոնյանի բանաստեղծություններից:
11.08.1992 թ.
ք. Արտաշատ

Բարև, հարգելի հայրենակցուհի Շողիկ…
Արդեն մի քանի ամիս է, ինչ բանաստեղծություններիդ տետրը Մագդան հանձնել է ինձ, կարդացել եմ մի քանի անգամ: Ժամանակս և տրամադրությունս թույլ չեն տվել ինձ պատասխաննամակ գրելու: Եվ, ահա այսօր այդ հնարավորությունն ըն-ձեռվել է ինձ: Պետք է անկեղծորեն ասել, որ Ձեր գրած բանաստեղծություններն ինձ դուր են գալիս, դուք բանաստեղծուհի եք, պետք է և անհրաժեշտ եմ համարում, որ շարունակեք գրելը՝ վարպետության ճանապարհին հղկելով անհարթությունները: «Իմ Հայաստան» և «Հանդիպում մահվան հետ» խորագրերով բանաստեղծությունները, որոնք ինձ ամենից շատ են դուր եկել, կտպագրենք մեր թերթում: Բայց ես կուզենայի, որ Ձեր լուսանկարով լինի այն: Դրա համար էլ Մագդային ասացի, որ գտնի Ձեր լուսանկարը: Ձեր գրած երգերում զգացվում է թարմ շունչը, անմիջականությունն ու անկեղծությունը, Ձեր սեփական ձայնը, Ձեզ խորթ չէ ստեղծագործական աշխա-տանքի տքնանքը:
Որպեսզի Ձեր երգերն ավելի հնչող ու հուզական դառնան, անհրաժեշտ է գրելուց հետո նորից գրիչ վերցնել և սկսել, ինչպես ասում են, տաշել ու տաշտշել, հղկել ան-հարթ տեղերը, ուժեղացնել հանգավորումը, պահպանել չափը: Վահան Տերյանը, ինչպես գիտեք, իր բանաստեղծություններն այնքան էր մշակում, որ դրանք դառնում էին կատարյալ:

Եթե հետևողական լինեք և բնությունից Ձեզ տրված պարգևը տեղին ծառայեցնեք, ապա կարելի է ակնկարել, որ շատ ժամանակ չի անցնի, և Դուք վարպետություն ձեռք կբերեք, Ձեր նոր երգերը կդառնան նախ Ձեր, ապա մասսայական ընթերցողների սեփականությունը: Դուք ինձ հա-վատ եք ներշնչում և ես հավատում եմ Ձեր հասունությանը՝ որպես բանաստեղծուհի:

Ես լավ եմ հիշում Ձեր լավ հայրիկին՝ Գևորգ Սիմավոնյանին, որն աշխատում էր մեր շրջանում: Կինս՝ Գոհարը, նույնպես շատ հարգանքով է խոսում Ձեր ծնողների մասին: Նա ապրել է Արարատի ցեմենտի գործարանի այն ժամանակվա ավանում (այժմ՝ քաղաք Արարատում), և սովորում էր Դավալուի միջնակարգ դպրոցում: Նախապատերազմյան 1940-1941 ուս. տարում ես ուսուցիչ էի այդ դպրոցում: Հիշում եմ Ձեր հորաքույր Աստղիկին, որը նույնպես այդ դպրոցի 9-րդ, թե 10-րդ դասարանում էր սովորում…
Ուղարկում եմ բանաստեղծություններիդ տետրը, լավ պահեք, որ էլ չկորցնեք:
Իմ կողմից բարևեք «Զարյա» թերթի բոլոր ընկերներին՝ խմբագիր Ռայիսա Մաքսիմովնային, Հովհաննես Սարգսյանին, իմ անմոռաց, տաղանդավոր ընկերոջ ընտանիքի անդամներին՝ Արշալույսին և անծանոթ Հարսին, ինչպես նաև Օլյային, բոլոր ծանոթներին, Աղավնի Վարդկինայանին…
Ջերմագին ողջույններով՝
Նորայր Սահակյան (Գեղունի)
ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՛մ Հայաստան, սրտիս մեջ ես,
Հոգուս մեջ ես, երգիս մեջ.
Քո մեծ սիրով, քո կարոտով,
Քո կյանքով եմ ապրում ես:
Քեզ հիշելով, ի՛մ քարաստան,
Իմ վարդաստան բուրավետ՝
Ուժ եմ առնում, սեր եմ դառնում,
Սերդ եմ երգում, որ հավետ.
Վառ է պահում կրակն հոգուս
Ու ձուլվում է երգիս հետ:
Եվ երգիս հետ քո թովչանքով
Հառնում ես դու իմ առաջ՝
Շեն գյուղերով, քաղաքներով,
Հովիտներով վառ կանաչ,
Քո լեռնային վտակների
Զուլալ ջրերով համեղ,
Սար ու ձորի ծաղիկներով,
Ուր խաղում է գառն անմեղ:
Եվ կարծես թե, զգում եմ ես
Բուրմունքները քո անուշ,
Բարձունքներից փչող քամու
Զով գուրգուրանքը քնքուշ:
Հառնում ես դու աչքերիս դեմ,
Ինչպես մասունք, Սուրբ Սրբոց՝
Քո վանքերով, հին բերդերով,
Դո՛ւ պատմության մեծ դպրոց
Ու իմ սրտում անհուն կարոտ,
Անհուն մի սեր հրավառ՝
Քե՛զ է տենչում, քե՛զ է ձգտում
Ի՛մ այգեստան՝ ծաղկավառ:
Եվ պիտի գամ ու ծնկաչոք՝
Խաչքարերդ համբուրեմ,
Նոր թափ առած ու կրկնակի,
Քո մեծ երթը գովերգեմ:
ՀԱՆԴԻՊՈւՄ ՄԱՀՎԱՆ ՀԵՏ
Այս ինչո՞ւ հանկարծ
Անկողին ընկա…
Ճակատագիր իմ
Ի՞նչ ես ծիծաղում
Այդպես իմ վրա…
Ա՜խ, այդ դու ես՝ մահ…
Ժամանակից շուտ
Ինչո՞ւ ես եկել:
Արյունոտ ու սուր
Գերանդիդ առած.
Գնա՛, հեռացիր,
Ինչո՞ւ ես եկել:
Ես դեռ ջահել եմ,
Ապրել եմ ուզում,
Եվ այնքան իղձեր
Ունեմ իմ սրտում
Անկեղծ ու մաքուր՝
Ապրել եմ ուզում,
Որ մարդկանց համար
Գործեր կատարեմ՝
Բարի, օգտակար,
Չերգված երգեր՝
Երգեմ ամեն օր…
Սիրեմ ու սիրվեմ,
Հրճվեմ, հիանամ՝
Կյանքի գույներով…
Թախծեմ, տառապեմ
Նրա ցավերով,
Իսկ դու եկել ես…
Ժամանակից շուտ
Ինչո՞ւ ես եկել:
Գնա, հեռացի’ր…
Ես քոնն եմ, քոնը,
Բայց դեռ ոչ հիմա՝
Ժամանակը չէ…
Կյանքը քաղցր է,
Մի անկրկնելի
Հրաշք է հզոր՝
Զորեղ, կաշկանդող:
Ապրել եմ ուզում
Եվ պետք է ապրեմ:
Ժամանակից շուտ
Ինչո՞ւ ես եկել:
Գնա, հեռացի’ր…
Մահը քրքջաց
Ու անհետացավ…
Կյանքը՝ նոր ուժով,
Ինձ իր գիրկն առավ…
1982 թ.
ԱՐՏԱՇԱՏ
Արտաշատ, Արտաշատ, իմ ծննդավայր,
Մանկության օրրան քաղցրանուն…
Անմար կարոտով, մեծագույն սիրով,
Քեզ միշտ հիշում եմ ու հիշում…
Միշտ եղի՛ր արի, միշտ եղի՛ր բարի,
Աշխատասեր, հաջողակ, գեղեցիկ,
Նորագույն, լավագույն գործերդ թող միշտ
Լինեն քեզ համար ծաղկունքու բարիք…
Արտաշատ, Արտաշատ, իմ ծննդավայր,
Մանկության օրրան քաղցրանուն…
Անմար կարոտով, մեծագույն սիրով,
Քեզ միշտ հիշում եմ ու հիշում…
02.11.2023 թ.
Շողիկ Սիմավոնյան
Պատրաստեց՝
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆԸ