nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Նախորդ տարվա նոյեմբեր ամսին տեղի ունեցած միջոցառման, որը նվիրված էր Ղրիմահայերի տեղահանման և Դոն գետի ամայի ափերին հարկադիր վերաբնակեցման 245-ամյակին, տրամաբանական շարունակությունն էր Շախտի քաղաքի «Անդրանիկ» կրթամշակութային կենտրոնի սաների այցելությունը Մյաս-նիկյանի շրջանի Չալթր գյուղի պատմաազգագրական թանգարան:

Թանգարանի էքսկուրսավար Դոլոբայան Ոսկեհատը երեխաներին պատմեց Ղրիմի հայերի տեղահանման և այստեղ հաստատման պատմությունը, նրանց կենցաղի ու կյանքի մասին: Թանգարանում ցուցադրված էին Ղրիմից վերաբնակեցվելու ժամանակ հայերի բերած կենցաղային իրեր, տնային հին պարագաներ, աշխատանքային գործիքներ, արվեստի նմուշներ, պատմության վերաբերյալ նյութեր:

Երեխաները շատ ոգևորված էին. նույնիսկ իրենց հետաքրքրող հարցերն էին ուղղում էքսկուրսավարին: Այնուհետև տեսանյութերի շնորհիվ սաները պատկերացում կազմեցին, թե ինչ ավանդական կերակուրներ են պատրաստել տեղի հայերը, որը հատուկ է միայն այդ տարածաշրջանին, իսկ վերջում նրանք թանգարանի աշխատակիցների, ուսուցիչների (Աղաջանյան Ս.Ն., Ազատյան Մ.Ա.) և ծնողների օգնությամբ իրենց ձեռքերով պատրաստեցին ու համտեսեցին տեղացիների ամենասիրված կարկանդակը՝ փուռի սամսան:

Այցելեցինք նաև թանգարանին կից գտնվող Սուրբ Համբարձում եկեղեցի: Բոլորս հաճելիորեն տպավորված էինք:

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Շախտի քաղաքի հայ համայնքի ղեկավարությանը՝ նմանօրինակ ուսումնաճանաչողական էքսկուրսիաներ կազմակերպելու և հովանավորելու համար: Ապրել հսյրենիքից հեռու և չայցելել հայկական իրականությանն առնչվող վայրեր՝ նշանակում է կորցնել սեփական ինքնությունը, դադարել հայ լինելուց:

Գայանե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *