
(Ցերեկույթ Նովոչերկասսկում՝ նվիրված հայերի վերաբնակեցման 245-ամյակին)
— Մենք ժառանգներն ենք աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկի՝ հրաշափառ Անի քաղաքի: Մեր պատմությունը դաժան է ու հերոսական, դարավոր է ու նորօրյա…
Այսպես սկսեց հանդիսավոր ցերեկույթի բացումը Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Հայորդաց տան սան Մարիամը:
…Դահլիճը շողում էր տոնական ու արքայական փայլերի մեջ: Ներկա էին քաղաքի վարչական ու հոգևոր այրեր, ծնողներ ու հյուրեր, մանկավարժներ ու լրագրողներ, ինչպես նաև Դոնի Նախիջևանի հայ համայնքի երկարամյա նախագահ Հարություն Սուրմալյանը:
Մինչ կմեկնարկեր բեմականացումը՝ «Ղրիմահայերի վերաբնակեցումը Ռոստովի մարզ`245 տարի առաջ» թեմայով, ներկաներին ողջույնի խոսքով դիմեցին Նովոչերկասսկ քաղաքի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Սինյուգինը, Դոնի Ռոստովի հայ համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը, ռուս ուղղափառ Սուրբ Միքայել հրեշտակապետի անվան եկեղեցու հոգևոր հովիվ Օլեգ Դոբրինսկին, Նովոչերկասսկ հայ համայնքի ղեկավար Սոս Նալբանդյանը:
Պաշտոնական մասն ամփոփեց և ներկաներին շնորհավորեց Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անանիա Բաբայանը:
Ապա բեմը դարձավ 18-րդ դարի պատմական կարևոր դեպքերի ներկայացման հետաքրքիր ասպարեզ…
Ժամանակի շնչով հագնված պալատականներ ու զինվորականներ` քարտեզներ ու փաստաթղթեր ձեռքներին, ինչոր տեղ էին շտապում. ոտների ծայրերի վրա մոտենում կայսրուհի Եկատերինայի պալատի դռներին, հապաղելով ներս մտնում ու խոնարհվելով զեկուցում… Կայսրուհին բազմած էր գահին՝ լուրջ ու ինքնավստահ, սառն ու վճռական:

Այստեղ կարող էիր հանդիպել շատ պատմական դեմքերի՝ Սուվորով (Արմեն), Եկատերինա (Քրիստինե), Պրոզորովսկի (Պարգև), Պոտյոմկին (Վլադլեն), Ռում-յանցև (Ռադմիր)…
Ահա և կայսրուհին ընթերցում է իր հայտնի հրովարտակը, որը և՛ ռազմավա-րական էր, և՛ շահավետ ու հեռանկարային Ռուսաստանի համար:
Որոշվեց՝ ղրիմահայությանը տեղահանել և բնակեցնել այսօրվա Ռոստովի մարզի անմարդաբնակ ու խոպան տարածքներում: Քանի որ նրանք վստահ էին, որ հայերն իրենց շնորհքով, խելքով ու աշխատասիրությամբ կծաղկեցնեն այս ամայի շրջանը:
…Եվ ահա տեսնում ենք գաղթական հայերի քարավանները՝ տանջահար ու սովալլուկ… Երեխաներն այնքա՜ն բնական են կատարում իրենց դերերը, որ պարզ տեսնում ես, թե ինչ է կատարվել 245 տարի առաջ:
Եվ այս հողն իրոք ծաղկեց հայերի ձեռքերով, ծաղկեց ու բարգավաճեց: Հիմնվեց Դոնի Նախիջևան քաղաքը, իսկ նրա մոտակայքում՝ Չալթր, Թոփտի, Մեծ Սալա, Սուլթան Սալա, Նեսվիտայ հայկական գյուղերը: Եվ այստեղ կառուցվեցին հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, ծնվեցին տաղանդաշատ պոետներ ու նկարիչներ, արվեստագետներ ու հասարակական-քաղաքական գործիչներ:

Այս հետաքրքիր բեմահարթակում հանդիպեցինք նաև հայ բանաստեղծներ Միքայել Նալբանդյանին (Հայկ), Ռափայել Պատկանյանին (Գևորգ), նկարիչ Մարտիրոս Սարյանին (Էրիկ), մեր օրերի հրաշալի բանաստեղծուհի Քնարիկ Խարտա-վակյանին (Եվա) և էլի շատերին:
Ներկաներն ականատես եղան 18-րդ դարի պալատական մշակույթով ձևավորված կահավորանքին և մեր հայորդի արտիստների բարձրաշխարհիկ հագուկապին ու շարժուձևին:
Եվ վերջում որպես աղոթք՝ հայոց լեզվով հնչում է.

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
— Խորին երախտագիտություն և շնորհակալություն ենք ուզում հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անանիա Բաբայանին, եկեղեցուն կից Հայորդաց տան տնօրինությանը (տնօրեն՝ Սոնա Գուրգենյան), հայոց լեզվի ուսուցչուհի, երգչուհի Աննա Բեգլարյանին, բեմադրող ռեժիսոր ու հաղորդավար Նելլի Խանաղյանին, հաղորդավար Նանա Բաղդասարյանին և բոլոր կազմակերպիչներին:
Կե՛ցցեք, սիրելիներ: Որքան էլ «Ազատություն սիրողին այս աշխարհը շատ նեղ է», միևնույն է՝ «Մենք քաջ տոհմի զավակներն ենք» և մեզ է վիճակված գալիք սերունդներին փոխանցել ազատության անմար կրակը, լինել ազատության զանգի կոչնակահարը:
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
հատուկ թղթակից





