(ասմունքի մրցույթ` «Լեզուն հայրենիք է…»)
– Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Փոքրիկ Մոնիկայի շուրթերից այնքան հուզիչ են հնչում Շիրազի այս տողերը, որ քիչ է մնում, իրոք, «գոռաս քո սիրո մասին», առ այս մանկահասակ հայորդիները, որոնք եկել են ասելու, որ ուր էլ լինի հայը, չի մոռանա մեր արևահամ բառը, ասել է` մեր լեզուն, որը ամենասիրելու մարդու` մայրիկի անունով կոչվում է Մայրենի լեզու: Փետրվարյան այդ օրը ջերմ ու լուսավոր էր Դոնի Ռոստովի հայ համայնքի դահլիճը: Տոնական տրամադրությունն իրենց հետ բերեցին տասնյակ երեխաներ` պայծառ աչուկներով, ազգային տարազներ հագած, եռագույնով ու ծաղիկներով:
Նրանք` շուրջ 35 պատանի ու աղջիկ, մարզի տարբեր քաղաքներից ու գյուղերից եկել էին մասնակցելու նախապես հայտարարված ասմունքի մրցույթին:
Ուսուցչուհիներ` Ծովինար Սարգսյանի, Լուսինե Պետանյանի, Արմինե Հովսեփյանի, Անահիտ Հարությունյանի, Լիլիթ Թևոսյանի, Ռուզաննա Կարապետյանի եռանդուն ջանքերով կազմակերպված մրցույթը սկսվեց. նախ ներկայացնելով մրցույթի
կարգը` տարիքային տարբեր խմբերի, թեմատիկայի, գնահատման չափորոշիչների մասին հաղորդումով, ապա ներկայացվեց մասնագիտական ժյուրիի կազմը (նախագահ` բեմադրիչռեժիսոր Սամվել Զաքարյան, բանաստեղծուհի Սուսաննա Հովհաննիսյան, լրագրող Սոնա Կարապետյան, վաստակաշատ ուսուցչուհի Շողիկ Սիմավոնյանի, ուսուցչուհի Արմինե Ղազարյան, պարուսույց Հրաչիկ Գևորգյան):
Դահլիճը լեփ-լեցուն էր ծնողներով, ուսուցիչներով, հյուրերով: Հերթով ելույթ են ունենում նախ 5-7 տարեկան, ապա` 8-10, այնուհետև 11-14 և բարձր տարիքի ասմունքողները:
Միմյանց են հաջորդում հայ պոեզիայի մեծերի Չարենցի, Շիրազի, Պ. Սևակի,
Ս. Կապուտիկյանի, Գ. Էմինի, Հ. Սահյանի, Վ. Տերյանի սրտահույզ տողերը` նվիրված հայրենիքին, մայրիկին, մայրենի լեզվին…
Առանց հուզմունքի անհնար էր լսելամենակրտսեր ասմունքողներին` Արտա-վազդին, Վիկտորյային, Գայանեին, Մարիամին, Էդվարդին, Սոֆյային, Մարինային, Արտակին, Գայանեին, Թամարային, Լիլիթին, Գևորգին, Գաբրիելային, Մարգարիտային և շատ շատերին:
Սիրտդ ուռչում է հպարտությունից, երբ նրանց շուրթերից հնչում է մաքրամաքուր հայերենը, երեխաներ, ովքեր ծնվել ու հասակ են առել հայրենիքից հեռու:
Անկախ այն բանից, թե մրցութային որտեղերը կգրավեն նրանք, ուզում եմ սըրտանց շնորհակալություն հայտնել նրանց ծնողներին, տատիկպապիկներին, ուսուցիչներին, այս խնամքի ու հոգածության համար` առ մեր հազարագանձ հայոց լեզուն: Հուզիչ էր նաև ազգությամբ ռուս երիտասարդների` Նադեժդայի, Անաստասիայի, Կիրիլի հայերեն ասմունքը: Ծափերով ընդունվեց նաև Լիլիթ և Գևորգ Մկրտչյանների տատիկի` Աիդա Մնացա-կանյանի ասմունքը:
Մրցույթն ավարտված է: Մինչ ժյուրին կամփոփի արդյունքները, ներկաների համար հայոց լեզվի վարպետության դաս անցկացրեց վաստակաշատ ուսուցչուհի, բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ` Շողիկ Սիմավոնյանը:
Ապա ելույթ ունեցավ բանաստեղծուհի, ՀԳՄ անդամ, բազմաթիվ գրքերի հեղինակ Սուսաննա Հովհաննիսյանը: Բանաստեղծուհին իր վերջերս հրատարակված «Լույս կլինի» գիրքը նվիրեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին հայոց լեզվի պահպանման, տարածման, եռանդի ու ջանասիրության համար` այնհամարելով հայրենասիրական մեծ առաքելություն:
Բացի մրցանակային I, II, III (յուրաքանչյուր տարիքային խմբից) տեղերից, նախատեսված էր նաև տարբեր անվանակարգեր` «Արտահայտիչ խոսք», «Արտիստական մատուցում», «Անթերի հայերեն», «Ամենակրտսեր ասմունքող», «Ամենաբնական խոսք» և այլ անվանակարգեր:
Մրցույթի արդյունքները ներկայացրեց ժյուրիի անդամ Արմինե Ղազարյանը, մըր-ցանակներն ու դիպլոմները հանձնեց Դոնի երիտասարդական միության նախագահ Գևորգ Գևորգյանը` բոլոր մասնակիցներին մաղթելով ուժ ու եռանդ` հայոց լեզվի պահպանման ու տարածման գործում:
Դժվար է ասել, թե իրոք ով էր հաղթողը: Այսօր հաղթեցին բոլորը, հաղթեց մեր քաղցրաբառ հայոց լեզուն, հաղթեց հայ մայրն ու ուսուցիչը` պատգամելով նոր սերնդին. «Մայրենինը պահպանելու քո հերթն է»:
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ,
լրագրող