nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

Սփյուռքում հայ ինքնության պահպանման համար չափազանց կարևոր է մայրենիի իմացությունը, պահպանումն ու տարածումը: Սա նշանակում է, որ թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծումն անհետաձգելի է:

Այսօր աշխարհասփյուռ հայության միասնականացման ու համազգային Հիմնախնդիրների լուծման ճանապարհին կենսական անհրաժեշտություն է

Դարձել ողջ ժողովրդի ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զորացմանը: Հարկ է, որ հայ ընտանիքում խոսեն միայն հայերեն, և այնտեղ իշխի հայեցի դաստիարակությունը:

Հայապահպանության հարցերի շուրջ մեր զրուցակիցն է Անապայի «ՄՈւՇ» հայկական դպրոցի տնօրեն, «Իմ մայր» բարեգործական կազմակերպության նախագահ Կարինե ՓԻԼՈՅԱՆԸ:

Կարինե Յուրջանի Փիլոյանը ծնվել է 1965 թ. հունիսի 22-ին ՀՍՍՀ Կիրովական (Վանաձոր) քաղաքում: Հայրը Կիրովականի պետական պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է մաթեմատիկայի դասախոս, հետո երկար տարիներ եղել է կենցաղսպա-սարկման կոմբինատի, ապա` պրոֆտեխուսումնարանի տնօրեն, մայրը գրադարանավարուհի էր:

1978-1982 թթ. սովորել է Կիրովականի մաթեմատիկայի թեքումով թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։

1982 թ. ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, սովորել է նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում` ստանալով ինքնագործ թատերական խմբի ղեկավարի որակավորում:

1986 թ. գերազարնցությամբ ավարտելով ինստիտուտը` Կիրովականի թիվ 20 դպրոցում նշանակվել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո ընտանիքի հետ տարհանվել է Ռուսաստանի Ադլեր քաղաք:

1990 թ. վերադարձել է հայրենի քաղաք, աշխատել է թիվ 20, այնուհետև` թիվ 25 նորակառույց դպրոցում:

1992 թ. Նշանակվել է թիվ 27 դպրոցի փոխտնօրեն:

1997 թ տեղափոխվել է ՌԴ Նովոռոսիյսկ քաղաք: Ակտիվորեն մասնակցել է «Լույս»

հայկական մշակույթի կենտրոնի հասարական կյանքին, աշխատել թիվ 21 ու 40 դըպրոցներում` որպես հայոց լեզվի և գրակա-նության ուսուցչուհի, ապա տեղափոխվել է Անապա, սեփական նախաձեռնությամբ թիվ 4 և 6 դպրոցներում անվճար հիմունքներով դասավանդել է հայոց լեզու:

1999-ից մինչ օրս Անապայի հայկական ազգային մշակույթի կենտրոնում դասավանդում է հայերեն:

2007-2010 թթ. Աշխատել է Անապայի շրջանի Հայկաձոր գյուղի թիվ 14 դպրոցում` որպես հայոց լեզվի և գրականության, կուբանագիտության ուսուցչուհի:

2020 թ. «Իմ մայր» բարեգործական կազմակերպության հիմնադիրն ու նախագահն է:

2021-ից Անապայի «ՄՈւՇ» հայկական դպրոցի տնօրենն է:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ, երկու թոռնիկ:

 

«Անապայում հայկական դպրոցի կառուցումը հրամայական է», — վըստահեցնում է արմատներով մշեցի, Անապայում բնակվող գործարար և հայկական դպրոցի ստեղծման գաղափարի հեղինակներից Պյոտր Ավդալյանը։

«Մենք չունենք գազի և ոսկու հանքեր, չունենք բնական այլ հանածոներ, որ դրանցով աշխարհում հարցեր լուծեինք։ Բայց ունենք մարդկային ներուժ և խելք, որը մեզ հնարավորություն կտա հավա-սարի պես շփվել շատ ու շատ խոշոր պետությունների հետ», — նշում է Պյոտր Ավդալյանը։

Նա համոզված է, որ օտարության մեջ ապրող շատ հայեր ունեն լայն հնարավորություններ, սակայն նրանց զավակները, որ արդեն չորրորդ սերունդն են ներկայացնում, շատ մոտ չեն հայկա-կանությանը։ Հենց այդ պատճառով պետք է լինեն հայկական դպրոցներ, որտեղ այդ երեխաներին կսովորեցնեն մեր լեզուն ու պատմությունը։

Պյոտր Ավդալյանը Հայաստանում չի ծնվել, սակայն լավ խոսում է հայերեն։ Ասում է, որ ծնողների ցանկությամբ և հորդորով է հաճախել հայաշատ Արմավիր քաղաքի հայոց լեզվի դասաժամերին, որտեղ նրան և իր հասակակիցներին տվել են լավ գիտելիքներ։

«Անապայում կամ այլ քաղաքներում հայկական դպրոցների կառուցման համար ակնկալում ենք Հայաստանի Հանրապետության միջամտությունը։ Խընդ-րում ենք մեր հայրենիքի պետական մակարդակով աջակցությունը՝ հատկա-պես դպրոցի շինարարության հարցում: Հայկական սփյուռքի և Հայաստանի գործակցությունը պետք է մեծացնել», — մեզ հետ զրույցում ասում է Պյոտր Ավդալյանը։

Պյոտր Ավդալյանի հետ զրույցը համոզիչ էր և հավաստում էր, որ Ավդալյան գերդաստանի զավակները հայկական դպրոցի հիմնադրման գործն անպայման ավարտին կհասցնեն:

Ողջունում ենք նրանց հայրենանվեր և հայանպաստ գործունեությունը` ի փառս հայ ժողովրդի:

 

Տիկի՛ն Կարինե, Անապայի հայ համայնքում այսօր որքանո՞վ է կարևորվում հայապահպանությունը:

— Մեզ մոտ համայնքն առաջնահերթություն է համարում հայեցի կրթությունը, հայ մշակույթը, հայրենիքը: Օտար երկրում ապրող երեխան, երիտասարդը պիտի հասկանա, որ գոյություն ունի նաև իր փոքր հայրենիքը, իր պապերի, ծնողների ծննդավայրը, որ ինչքան էլ նա լինի Ռուսաստանի լավ քաղաքացի, այնուամենայնիվ, նա պարտք ունի կատարելու իր մյուս հայրենիքի հանդեպ: Այսինքն, նա պետք է հայեցի կրթություն և դաստիարակություն ստանա:

Ինչպե՞ս է հաղթահարվում հայերենի ուսուցման խնդիրը և ովքե՞ր են աջակցում հայ մասնագետներին: Պատմե՛ք ձեր դպրոցի մասին:

— Մեր քաղաքում համայնքին կից գործում են հայերենի մի շարք խմբակներ, ուսուցիչներին վարձատրում է համայնքը` բարերարների միջոցներով:

Արդեն 2 տարի է` գործում է «ՄՈւՇ» դըպրոցը, որի հիմնադիրն ու հովանավորը բարերար Պյոտր Ավդալյանն է: Դպրոցում ես աշխատում եմ ամեն օր, և տարիքային սահմանափակում չկա սովորել ցանկացողներ համար: Այժմ «ՄՈւՇ»-ում սովորում է 5 տարեկանից բարձր մոտ 50 աշակերտ:

Ավդալյանների ընտանիքի նախաձեռնությամբ և հովանավորությամբ ուզում ենք` դպրոցը ստանա գիմնազիայի կարգավիճակ, որ այնտեղ ուսուցանվեն ՌԴ Գիտության և բարձրագույն կրթության նախա-րարության կողմից հաստատված բոլոր առարկաները, այդ թվում` պարտադիր առարկաներ լինեն հայոց լեզուն, հայ գրականությունը, պատմությունը և մշակույթը:

Այսօր շատ են խառը ամուսնությունները, իմ աշակերտների մեծ մասը ռուսախոս են: Կարծում եմ, որ գիմնազիայի հիմնադրումն այս պահին հրատապ է:

Տիկի՛ն Կարինե, պատմե՛ք, խնդրեմ, «Իմ մայր» բարեգործական կազմակերպության մասին:

— Սիրով: «Իմ մայր»-ը ստեղծվեց 44-օրյա չարաբաստիկ պատերազմի առաջին օրերին: Այդ ժամանակ ես համայնքում միակ կինն էի և տեսնում էի, որ մենակ տղամարդիկ են մասնակցում բոլոր հավաքներին, խորհրդակցություններին: Եվ այստեղ ծագեց այդ գաղափարը: Սկզբում զանգեցի ինձ ծանոթ կանանց, մայրիկներին և, փառք Աստծո, բոլորը հասկացան պահի կարևորությունը: Հավաքվեցին այն կանայք, որոնք հայրենիքի ճակատագրի հանդեպ չէին կարող անտարբեր լինել: Եվ մեր առաջին նպատակը, իհարկե, հայրենիքին օգնելն է, երկրորդը` դաստիարակել մի այնպիսի սերունդ, որ ցանկացած պահի պատրաստ լինի գնալ հայրենիք: Կարծես դա մեզ հաջողվել է: Երբ առաջին անգամ ներկայացանք տղամարդկանց հավաքին, նշեցինք, որ մենք նույնպես պատրաստ ենք մեր ուժերին համապատասխան կազմակերպել, օգնել նրանց: Այս 2 տարվա մեջ անց ենք կացրելմոտ 50 բարեգործական միջոցառում: Դրանք տարբեր բնույթի են` վարպետության դասեր, բարեգործական համերգներ և այլն: Մոտ 3,5 մլն ռուբլու հասցեական օգնություն ենք ուղարկել մեր հայրենիքին: Օգնություն ստացողների ցուցակները գրե-թե ամեն օր թարմացվում են:

Գիտե ք ինչ, կարևորն այստեղ այդ դրամական օգնությունը չէ. մենք այդքան մեծ գումարներ չենք ուղարկում: Կարևոր է` մարդիկ հասկանան, որ իրենք մենակ չեն, որ նրանց կողքին կանգնած են իրենց հայրենակիցները: Զոհվածների, վիրավոր զինվորների ընտանիքները միշտ ուշադրության կենտրոնում պետք է լինեն: Մեր հիմնական նպատակը դա է:

Որպես ուսուցչուհի՝ ո՞րն է ձեր պատգամը հայ պատանիներին ու աղջիկներին:

— Սովորե՛նք մեր ոսկեղենիկ լեզուն, ճանաչե՛նք ու գնահատե՛նք մեր Հայրենիքը, մեր մշակույթը: Դա այն ամուր հողն է մեր ոտքերի տակ, որն անսասան է պահելու մեզ գալիք դարերում: Չմոռանանք, որ օտար հողում մեզ ուժ տվողը Հայրենիքն ու հայ մշակույթն են…

Հայ ուսուցիչը հայ մտավորականության զարդն է, և Դուք եք այդ փայլը հաղորդում մեր երեխաներին ու երիտասարդներին: Շնորհակալությո՛ւն բովանդակալից զրույցի համար:

Հարցազրույցը պատրաստեց
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *