nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Օ՜, գրքերի աշխարհը – տիեզերք է անեզր:
Արևների նման բազմապիսի,
Ե՛վ աստղերի նման, և՛ շողերի –
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին
Բարբառում են անձուկ ու մտերիմ:
Ե. Չարենց

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը Դոնի Ռոստովի հայ համայնքին կից գործող «Մաշտոց» հայոց լեզվի կիրակնօրյա դըպ-րոցի և թիվ 61 դպրոցում գործող հայոց լեզ-
վի «Արևիկ» խմբակի աշակերտների համար կազմակերպել էր վիրտուալ այցելություն Մատենադարան:
Այս այցելությունն իրականացվեց ՀՎՀի հիբրիդ կրթության ծրագրի շրջանակներում, որի մասնակիցները նաև հայերեն են սովորում Հայկական վիրտուալ համալսարանի առցանց դասընթացներով:
Հայաստանի մշակութային գանձարա-նում շրջագայությունը Երևանից սկայպով վարում էր համալսարանի հեռավար դասախոս Գոհար Գևորգյանը: Վիրտուալ այցելության սկզբում նա ներկայացրեց մոխրակապույտ բազալտից կառուցված Մատենադրանի հոյակերտ շենքը (կա-ռուցվել է 1945-1957 թթ), որը հպարտորեն կանգնած է դեպի Երևանը նայող բլրի վրա, Մաշտոցի պողոտայի հյուսիսային ծայրում՝ Մայր Հայաստան հուշահամալի-րի ներքևում:
Հետաքրքիր էր իմանալ, որ Մատե-նադարանի այդ շենքը, ի թիվս այլ հայտնի շենքերի, նախագծել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը (1900-1978 թթ): Ուշա-գրավ է, որ նա ծնվել է Դոնի Նոր Նախիջե-վան քաղաքում: Շենքը նախագծելիս Մարկ Գրիգորյանը հայկական ճարտարապետա-կան ավանդույթները փորձել է միավորել այդ ժամանակվա ձեռագրերի պահպանման տեխնիկայի հետ։ Կառույցի ճարտա-րապետությունը պատկերացնելու նպատակով ճարտարապետը եղել է Սանահինում, Հաղպատում, Զանգեզուրի, Տաթևի հուշարձաններում և այլուր։
Մեր վիրտուալ զբոսավարը աշակերտ-ներին ներկայացրեց Մատենադարանի շենքի ճակատային հատվածում տեղադրված հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության մեծ գործիչներ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխի-թար Գոշի և Ֆրիկի արձանները, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ Կորյունի արձանախումբը: Ցուցադրեց նաև մուտքի մոտ գրված հայերեն թարգմանված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Գոհար Գևորգյանը նախասրահում ներկայացրեց «Ավարայրի ճակատամար-տը» խճանկարը (1956-60 թթ.) և այդ ճակատամարտի պատմությունը, այնուհետև «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59 թթ., երկուսն էլ՝ նկարիչ Վան Խաչատուր):
Նա պատմեց, որ հայերեն ձեռագիր մատյանների այս ամենամեծ պահոցում պահպանվում են շուրջ 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ և 300.000 արխիվային փաստաթղթեր։ Մատենադարանում պահվող ամենահին ձեռագրերի պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերով, իսկ պատկերազարդումների ու մանրանկարչության ամենահին նմուշները կարելի է տեսնել Էջմիածնի Ավե-տարանում, որը վերագրվում է 6-րդ դարին։
Մասնակիցներն իմացան, որ ամենահին ամբողջական ձեռագիրը 887թ. թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենա-մեծը՝ Մշո ճառընտիրը (Մուշի սուրբ Առաքելոց վանք, 1200-1202թթ, 70,5 × 55 սմ, 601 մագաղաթյա թուղթ, 27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույցը (1434, 4 × 3 սմ, 19 գ)։
Գոհար Գևորգյանը պատմեց նաև Մատենադարանի նոր մասնաշենքի մասին, որի կառուցումը սկսվել էր դեռևս 1987 թ.
ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով: Սակայն 1988 թ. դեկտեմբերի 7-ի
ավերիչ երկրաշարժից հետո շինարարությունը դադարեցվել էր: Միայն 2009 թ. մայիսի 14-ին վերսկսվեց վերանախագծված նոր մասնաշենքի շինարարությունը (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան)։ Նոր
շենքի մակերեսը կազմեց 11,358 քմ, ինչը
երեք անգամ գերազանցեց հին համալիրի մակերեսը: Այն նախատեսված է գիտա-հետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և ֆոնդի պահպանման, վերականգնման, թվայնացման աշխատանքների համար։
Նոր գիտական մասնաշենքի բացումը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջա-նակներում։
Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ վերակազմավորվել և վերա-նորոգվել է՝ վերածվելով թանգարանային համալիրի, որն ունի բազմաթիվ ցուցասրահներ, դահլիճ՝ գիտական համաժո-ղովների և զեկուցումների համար, ինչպես նաև գիտական լաբորատորիա։
Ուշագրավ է, որ Մատենադարանը 1997 թ. ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Վիրտուալ այցելությունը Հայաստանի ձեռագրերի գանձարան ստացվեց շատ հետաքրքիր, ճանաչողական և բազմա-բովանդակ: Մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ:
Շնորհակալություն Հայկական վիրտուալ համալսարանին այսպիսի հնարավորություն ընձեռելու համար: Լիահույս ենք, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Պատրաստեց՝ Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *