nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Բազմադարյա ու բազմաշերտ հայ մշակույթը, որ եղել է մեր գոյատևման ու ազգային ինքնության ամենախոսուն վկայագիրը, մշտապես ունեցել է նաև այնպիսի նվիրյալ մշակներ, ովքեր սրբել են ժամանակների փոշին՝ փրկելով մեր ոգեղեն գանձերը մոռացության անթափանց մշուշից: Մի Գարեգին Սրվանձտյան «Սասնա Ծռեր» սքանչելի վիպասքն էր գրառելու, հանճարեղ Կոմիտասը՝ հայոց երգը, իսկ մի Սրբուհի Լիսիցյան իր ողջ կյանքն էր նվիրաբերելու հայոց էթնիկ պարին, ճիշտ այնպես, ինչպես հայ երգի վեհափառը՝ հայկական երգերի պարագայում…

Նրա ճակատագիրը թերևս բոլորովին այլ ընթացք ունենար, եթե թբիլիսաբնակ ծնողները քամահրանքով նայեին ուսման կարևորությանը, եթե չապրեին ու ներծծված չլինեին մշակութային կյանքով. Հայրը հայտնի մտավորական, հասարակական գործիչ, մանկավարժ և ազգագրագետ Ստեփան Լիսիցյանն էր, մայրը՝ Եկատերինան, նույնպես մանկավարժ էր, գիմնազիայի հիմնադիր: Նրանք հրատարակում էին «Հասկեր» մանկական հանդեսը, խմբագրում «Տարազ» շաբաթաթերթը՝ գործակցելով հայ մշակույթի երևելիների հետ՝ Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Ղազարոս Աղայան, Լևոն Շանթ, Փանոս Թերլեմեզյան, Եղիշե Թադևոսյան, այլք:

Ծնողները միջոցներ չեն խնայում, որպեսզի իրենց դուստրը մեկնի Մոսկվա օտար լեզուներ, բանահյուսություն ուսանելու և վերադառնա ու շարունակի իրենց հրատարակչական գործը: Գուցեև աղջկա կյանքն այդպես էլ ընթանար, եթե իր սո-վորելու տարիներին այդքան նորաձև չլինեին աշխարհահռչակ ամերիկուհի Այսե-դորա Դունկանն ու նրա պարարվեստը: Այս հրապուրանքն էլ նրան տանում է Ի. Չերնեցկայայի պարարվեստի ստուդիա: Բոկոտն, հունական թեթև զգեստով պարերը հիացնում էին Սրբուհուն, միայն թե ինքը համոզված էր, որ յուրաքանչյուր շարժում պետք է մտածված և հստակ լինի:

Քսան տարեկանում՝ 1917-ին, վերադառնում է ծննդավայր և նույն թվականին հիմնում ասմունքի, ռիթմի և պլաստիկայի ստուդիան: Կարճ ժամանակ անց ստուդիայի համբավը տարածվում է ամենուր, հասնում անգամ իրեն՝ Այսեդորային, ով, սակայն, ոչ միայն չի հավանում Սրբուհու ոճը, այլև չարախնդում է:

Մինչդեռ Լիսիցյանի ստուդիան, որն ուներ 100 սան, հիրավի մեծ համբավ էր վայելում, նրանց ելույթները դիտելու էր գալիս նաև ինքը՝ Իոսիֆ Ստալինը: 1924 թ. հայուհու հիմնադրած ստուդիան վերածվում է Թբիլիսիի ռիթմի և պլաստիկայի ինստիտուտի:

1930 թ. Սրբուհի Լիսիցյանը տեղափոխվում է մայր հայրենիք: Նույն թվականին նրա ջանքերի շնորհիվ Երևանում բացվում է ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի ուսումնարանը: Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան: Վեց տարի անց բացվում է պարարվեստի ուսումնարանը, որի առաջին տնօրենը դառնում է ինքը: Այդ նույն շրջանում սկսում է գրի առնել ժողովրդական պարեր և թատերախաղեր:

Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ նվաճումը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցող գրառման համակարգերը, նա վեր է հանում և հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: 1940 թ. Մոսկվայում լույս է տեսնում նրա «Շարժման գրառումը» աշխատությունը: Լիսիցյանական գրառման նորագույն սկզբունքի շնորհիվ երևան են բերվում շարժողական, բառային, երաժշտական, պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը: Պարարվեստի պատմության մեջ այս ամենն առաջինը կյանքի է կոչվում վաստակաբեռն հայուհու հայտնագործությամբ:

Մեղվաջան պարարվեստագետը գրանցել է հայկական ժողովրդական պարեր, թատերայնացված գործողություններ, բեմադրել դրանք, հավաքել ազգագրական և բանահյուսական մեծաքանակ նյութեր, Մ. Բարխուդարյանի համահեղինակությամբ գրել «Նարինե» բալետը, ռուսերեն թարգմանել Լևոն Շանթի, Ստեփան Զորյանի, Դերենիկ Դեմիրճյանի դասական գործերից: Իսկ նրա «Հայկական հինավուրց պարեր» մեծարժեք գիրքը վաղուց ի վեր ուսումնական ձեռնարկ է, առանց որի անհնար է պատկերացնել պարարվեստի ուսումնառությունը համապատասխան և համանման կրթօջախներում:
Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *