nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Վերջերս Դոնի Ռոստովի Վ.Ի. Լենինի անվան մանկական գրադարանի հայերենի խմբակում (Ուսուցչուհի` Արմինե Հովսեփյան) հայկական ծիսական տիկնիկի վարպետության դաս էր:

Մինչ վարպետության դասը սկսելը, մանկական գրադարանի ստեղծագործական զարգացման բաժնի վարիչ Ելենա Շախոևան երեխաներին ներկայացրեց գրադարանի պահոցի դոնահայերին նվիրված բազմաթիվ գրքեր և հորդորեց անպայման կարդալ և ծանոթանալ այդ հետաքրքիր ժողովածուներին: 

Այնուհետև ուսուցչուհի Արմինե Հովսեփյանը երեխաներին պատմեց հայկական ծիսական տիկնիկների մասին: Ներկայացրեց Վարդավառի Նուրիին, Համբարձման Վիճակի Արուսին, Օժիտի տիկնիկին, Ուստիս տատին և Ակլատիզին, նրանց մասին պատմեց հին ժամանակներից եկող պատմություններն ու առասպելները: Ուսուցչուհին նշեց, որ նրանց մեջ է ամփոփվել ժողովրդի մտածողությունը: Ժողովուրդը ծիսական տիկնիկներին օժտել է չարը խափանող և հաջողություն բերող մոգական ուժով: Այս տիկնիկները հայկական ավանդական տոների և ծեսերի կարևոր մասն են կազմել, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր պատմությունը:

Այնուհետև երեխաները Ելենա Շախոևայի և Արմինե Հովսեփյանի հետ միասին պատրաստեցին Համբարձման տոնի խորհրդանիշ, ծիսական ամենագեղեցիկ տիկնիկներից Վիճակի Արուսին: Տոնածիսական արարողությունները սկսվում էին տոնի նախորդ`չորեքշաբթի օրվանից: Այդ օրը աղջիկների մի խումբ գնում էր սար ու ձորից ծաղիկ հավաքելու: Եվ ոչ միայն ծաղիկ: Սափորի մեջ յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր էին վերցնում, յոթը ծաղկից`յոթ տերև ծաղիկ, յոթ հոսող ջրից` յոթ քար: Հավաքված ծաղիկներից մեծ քանակությամբ ծաղկեփնջեր էին սարքում, որպեսզի հաջորդ օրը բաժանեին: Պատրաստում էին նաև հատուկ մի ծաղկեփունջ, խաչի ձև տալով նրան, և անվանում էին Ծաղկամեր: Սա դրվում էր այն փարչի մեջ, որի մեջ հավաքել և լցրել էին յոթ աղբյուրից ջուր, յոթ ծաղկից տերև: Այս ամենը միասին կոչվում էր Վիճակ: Վիճակի փարչի մեջ գյուղի չամուսնացած աղջիկները իրենց զարդերն էին լցնում` հաջորդ օրվա գուշակության ծեսի համար: Ծաղկամոր մյուս տեսակն է պճնված, զարդարված տիկնիկը` Վիճակի Արուսը: Աղջիկները վերցնում էին մի կանգուն երկարությամբ ճիպոտ, վերևի մասում կապում էին մի թզաչափ փայտիկ, արդյունքում ստացվում էր խաչանման հարմարանք, որի վրա հագցնում էին կանացի զգեստներ, գլխի հարմարանք, նկարում էին քիթ, աչքեր, բերան, հոնքեր:

Վիճկի Արուսն ամրացնում էին փարչի բերանին: Վիճակը պիտի ամբողջ գիշեր մնար երկնքի տակ: Դա կոչվում էր «աստղունք դնել»: Մեր ժողովուրդն այս տոնին տան մրոտված երդիկին հաճախ աստղեր է նկարել:

Հինգշաբթի առավոտյան Վիճակը տեղափոխվում էր բախտագուշակության հրապարակ: Այստեղ տիկնիկը անջատում էին փարչից, համբուրում և դնում էին մի բարձր, պատվավոր տեղ: Ապա մի անմեղ աղջնակի քողավորում էին`«հարս» էին սարքում: Նա փարչից հատհատ հանում էր աղջիկների զարդերն ու գուշակության խաղիկներն էր երգում:

Վարպետության դասն անցավ անկաշկանդ և ջերմ մթնոլորտում: Ողջունելի է գրադարանում նմանատիպ միջոցառումների, վարպետաց դասերի անցկացումը, որոնք միտված են երեխաների առօրյան հետաքրքիր և իմաստալից դարձնելուն և վերջապես հայկական մոռացված այդ գեղեցիկ ավանդույթը` տիկնիկագործությունը երեխաներին առավել մոտեցնելուն:

Երեխաներն իրենց պատրաստած գեղեցիկ տիկնիկները տուն տարան` որպես հայկական ավանդական մշակույթի հուշ:

Այս հետաքրքիր վարպետության դասը տեղի ունեցավ «Սփյուռքի ուսուցիչների համահայկական ասոցացիա» ՀԿ-ի վերջերս կազմակերպած «Մենք և մեր ավանդույթները» նախագծի շնորհիվ, որին մասնակցել էր Արմինե Հովսեփյանը: Դասընթացը վարում էր ՀՀ դեկորատիվ-կիրառական արվեստների ժողովրդական վարպետ,  տիկնիկագործ Սրբուհի Մովսիսյանը:

 Էջը պատրաստեց Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *