nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Հայ երեխաների հանգիստն Անապայի «ՄՈւՇ» հայկական ճամբարում)
Սույն թվականի հունիսի 1-ից օգոստոսի 1-ը Անապա քաղաքի «ՄՈւՇ» հայկական դպրոցի տնօրեն Կարինե Փիլոյանի ջանքերով, ՌԴ Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի և Ռոստովի մարզի հայերենի խըմբակների պատանիներն ու աղջիկներն՝ իրենց ուսուցիչների հետ, մասնակցեցին 4 փուլով իրականացվող «ՄՈւՇ» ուսումնաճանաչողական ծրագրին, որը ներառում էր 7-օրյա ճամբարային առօրյա, հայկական միջավայր, հայոց լեզվի ուսուցում, ծովափնյա հանգիստ, հայկական երգ, պար, խաղեր, ճանաչողական այցելություններ Անապայի հայկական հետքերով:

Առաջին փուլին մասնակցեցին Ռուսաստանի հարավի ամենահին բնակավայրերից մեկի՝ Էդիսիա հայկական գյուղի հայերենի խմակների սաները (ուսուցչուհի՝ Կարինե Բաղդասարյան) և Պյատիգորսկ քաղաքի հայերեն սովորող երեխաները (ուսուցչուհի` Գոհար Առուստամյան):
Երկրորդ փուլի ճամբարականներն էին Ռոստովի մարզի Մեծ Սալա գյուղի հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Անահիտ Հարությունյան) և Դոնի Ռոստովի հայերենի խմբակների սաները (ուսուցչուհիներ՝ Լուսինե Պետանյան, Ռուզաննա Կարապետյան):
Երրորդ փուլի մասնակիցները՝ Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտներն էին (ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան) և Ռոստովի հայկական համայնքին կից հայերենի խմբակի սաները (ուսուցչուհիներ՝ Արմինե Հովսեփյան, Ծովինար Սարգսյան):
Չորրորդ փուլին մասնակցում էին Ռոստովի հավելյալ կրթության կենտրոնի «Արեվիկ» հայերենի խմբակի աշակերտները (ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան):
Ուսումնաճանաչողական ճամբարի առօրյան իրենց ներկայությամբ և հետաքրքիր դասերով պատվեցին «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան ՀԿ Կրասնոդարի երկրամասային մասնաճյուղի կրթության բաժնի ղեկավար, մի շարք ուսումնական դասագրքերի հեղինակ Կարինե Եսայանը, Ռաևսկայա ավանի «Արցախ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Հռիփսիմե Բաբայանը, հայոց լեզվի ուսուցչուհի Արև Բալայանը, ուսումնական դասագրքերի հեղինակ Կարինե Կատանյանը, Անապա քաղաքի «Ալաշկերտ» պարի համույթը (գեղ. ղեկավար՝ Մելանյա Սարգսյան), Նովոռոսիսկ քաղաքի «Кусочек неба» թատերախումբը (գեղ. ղեկավար` Նարինե Մանուկյան):
ԱՆԱՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Անապայում ճամբարականներիս օրը սկսվում էր հայկական խոհանոցի համեղ նախաճաշով: Նախճաշից հետո հայերենի դասն էր, որը վարում էր բազմավաստակ ուսուցչուհի Կարինե Փիլոյանը՝ իր մշակած մեթոդներով ու դասերով, որոնք տարիների աշխատանքի արդյունքում վերածվել են «Հայերենի քսան դաս» ուսումնական ձեռնարկին: Հայերենի դասերը մասնակիցներին գրավում էին թեթևությամբ, զուրկ էին ավելորդաբանություններից, չօգտագործվող գրքային բառերից ու արտահայտություններից: Տիկին Կարինե Փիլոյանը հայոց լեզվի քերականական կանոնները մատուցում էր մատչելի, հասարակ օրինակներով, իսկ առաջարկվող տեքստերը հակիրճ էին ու նպատակային:
Ճաշից հետո մեզ սպասում էր ծանոթությունը և զբոսանքը Անապայի հայկական հետքերով: Մեր առաջին կանգառը Կիրովի, 21 Վ, հասցեն էր, որտեղ գտնվում է
Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնը: Այդ ժամին այնտեղ էին համայնքի ղեկավար Ռուսլան Կագրամանյանը, երիտասարդներ:
– Ես իմ պատմական հայրենիքը համարում եմ Հայաստանը: Հայրս հայ է, մայրս` ռուս: Ես ծնվել եմ այստեղ: Իմ երակներով հայկական արյուն է հոսում: Մեր համայնքում զարգացնում ենք հայկական մշակույթը, սպորտը, զբաղվում ենք երեխաների և երիտասարդների հայեցի դաստիարակությամբ: Ուզում ենք հզորաց-նել համայնքը: Բացել ենք հայոց լեզվի, երաժշտական կրթության խմբակներ: Շատ ծրագրեր ունենք իրականացնելու, – մեզ հետ զրույցում ասաց համայնքի երիտասարդ ղեկավար Ռուսլան Կագրամանյանը:
Իսկ կողքի սենյակից լսվում էր նվագարանների մեղեդիներ: «Վանաձոր»-ի դհոլի հայկական զարկերն էին զարդարել համայնքի դահլիճը` հայի ոգու խրոխտ հնչյունները տարածելով շուրջբոլորը: Այս դահլիճում ծանոթացանք համառուսաստանյան բազմաթիվ մրցույթների դափնեկիր «Վանաձոր» դհոլահարների անսամբլի գործունեությանը, հիացանք, վայելեցինք պատանի երաժիշտների կատարումները` գեղարվեստական ղեկավար Վրեժ Բուլղադարյանի ղեկավարությամբ: Ուրախությունը, ոգևորությունն ու հուզմունքը միախառնվել էին, երբ վարպետն իր աշակերտների հետ միասին վարպետության դաս էր տալիս ճամբարականներին, ստուգում նրանց երաժշտական լսողությունը:
Համայնքից դուրս եկանք հոգեպես հարստացած ու հպարտ կեցվածքով մեր զբոսանքը շարունակեցինք քաղաքի ծովափնյա ճեմուղով:

 
ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿԻ «ԱՄՊԻ ԿՏՈՐՆԵՐԸ». ՀԵՔԻԱԹ ԵՎ ԻՐԱԿԱՆՈւԹՅՈւՆ
– Այսօր հյուրեր ունենք, – ասում է տիկին Կարինե Փիլոյանը, – մեզ են այցելելու Նովոռոսիյսկ քաղաքի «Լույս» կրթամշակութային կենտրոնի ենթակայությամբ գործող «Кусочек неба» թատերական ստուդիայի սաները և ներկայացնելու են Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադ-րությունները:
Ոգևորված իջնում ենք դպրոց. հյուրեր ունենք… Ծանոթանում ենք երեխաների հետ, թատերախմբի ղեկավարը պատմում է ստուդիայի մասին և սկսվում է հեքիաթը. «Մի կաթիլ մեղրը», «Կիկոսի մահը», «Ճամփորդները», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Աղոթքը»:
Նարինե Մանուկյանը Թումանյանի հեքիաթների միջոցով երեխաներին կարողացել էր մղել ժողովրդական վեհ իդեալների հաղթանակի համար պայքարի. դրա վկայություններն էին երեխաների կերտած անզուգական կերպարները:
Բեմականացումները գունագեղ ու բովանդակալից էին, զգացինք Թումանյանին, մեր մանկությունը: Այս ներկայացումները, այնուհետև երեխաների երգն ու պարը հեքիաթ դարձրեցին բոլորիս օրը: Կրկին մտքներումս պտտվեց այն պարզ միտքը, որ Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում և կրթում ու դաստիարակում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում:

 
ԳՅՈւՂ ՀԱՅԿԱՁՈՐ. Փ ՈՔՐԻԿ ՀԱՅԱՍՏԱՆ
– Գնում ենք Հայկաձոր, սիրելի ճամբա-րականներ, – հերթական դասից հետո ա-
սում է տիկին Կարինե Փիլոյանը ու սկսում պատմել Հայկաձորի մասին:
– Հայկաձորը հայաբնակ գյուղ է: Գտնվում է Անապայից 9 կմ հարավ-արևելք: Գյուղը հիմնադրվել է Գալկինա Շչել բնակավայրի հողատարածքի վրա` այդ տարածքը վարձակալությամբ տրամադ-րող կալվածատիրոջ անունով: 1915-1916 թվականներին այստեղ հաստատվել են մի քանի տասնյակ հայ ընտանիքներ, ովքեր գաղթել էին Տրապիզոնից: Բնակչության աճի արդյունքում կառուցվել է մանկա-պարտեզ, դպրոց, ակումբ և բուժկետ: 1925 թվականին բնակիչների որոշմամբ գյուղն անվանափոխվել է և դարձել է Հայկաձոր:
Արդեն գյուղում ենք, գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի տանող ճանապարհի աջ կողմում տեսնում ենք մի շքեղ կառույց.
«Արին Բերդ» հայկական մշակութային կենտրոնն է: 2008 թվականին Տիգրան Մեծի ժամանակների ոգով կառուցված համալիրում իրականացվում են տոնախմբու-թյուններ, հայկական հարսանիքներ, ցուցահանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:
Ահա հայտնվում ենք Սուրբ Գևորգ եկեղեցու տարածքում: Գեղեցիկ խաչքարերով շրջապատված այս տարածքում հայկական շունչն անասելի մեծ էր: 2016 թվականին է տեղի ունեցել եկեղեցու բացումը: Այստեղ գալիս են ոչ միայն հայեր, այլև օտարներ` հիանալու կառույցի գեղեցկությամբ և հոգևոր հզորությամբ:
– Այս տարածքը տրամադրվել է Սուրբ Գևորգի եկեղեցական համայնքին: Ինքնատիպ խաչքարերով հարուստ եկեղեցին ամեն տարի մայիսի վերջին կիրակին տոնում է խաչքարի տոնը, – մեզ է պատմում եկեղեցու քահանա Տեր Երեմիա Սարգըսյանը:
Եկեղեցու տարածքում կար կահավորված դասարան, որտեղ ամեն կիրակի հայերենի դասեր է տալիս Կարինե Փիլոյանը: Կար գեղեցիկ նկարների պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էին Անապայի հայ տաղանդավոր նկարիչների նկարները:
Ճամբարականներիս օրը շարունակվեց բնության գրկում հանգստով, համեղ խորովածի սեղանի շուրջ հաճելի զրույցով, խաղալով, երգելով ու պարելով:
ՍԱՔԱՆՅԱՆՆԵՐԻ ՄՈԳՈւԹՅԱՆ ԵՐԵԿՈՆ
– Այսօր մոգության երեկո է լինելու, – ասում է Կարինե Փիլոյանը:
Իրենց «Հրաշքից մեկ քայլ առաջ» շոու ծրագրով մեր հյուրերն էին Հովիկ Թեյլորը (Սաքանյան)` «Flash-mogic» իլյուզիոնիստների թատրոնի հիմնադիր, աճպարար, սպիտակ մոգ, հիպնոտիզյոր, բժիշկ-հոգեթերապևտ, աճպարարների միջազգային մրցույթում «Ոսկե ձեռնոց» մրցանակի մրցանակակիր (ք. Ամստերդամ, Նիդեռլանդներ) և Կարեն Թեյլորը (Սաքանյան)` ռեժիսոր, դերասան, իլյուզիանիստ, միջազգային և համառուսաստանյան մի շարք փառատոնների ու մրցույթների դափնեկիր, Սոչիի XXII ձմեռային օլիմպիական խաղերի հանդիսավոր փակման մասնակից, «Овация» ժողովրդական թատրոնի ղեկավար:
Հայր և որդի Սաքանյանները մեզ համար պարտաստել էին նորարարական լուծումներով հագեցած ու անկրկնելի մի ներկայացում: Շեշտը ոչ միայն դրված էր հնարքների արհեստավարժ ու գեղեցիկ մատուցման վրա, այլև լայնածավալ աշխատանք էր տարված մոգական արվեստին բնորոշ առեղծվածային ու կախար-դական մթնոլորտ ստեղծելու համար:
Բեմական ձևավորումը, ձայնային և տեսողական հատուկ ազդակները, հետաքրքիր կերպարային լուծումներն ու ներկայացման ինտերակտիվ բնույթը մեզ ամբողջովին տեղափոխել էին Հրաշքների աշխարհ: Երեխաներն անձամբ մասնակցելով մի քանի հրաշագործությունների՝ սկսեցին հավատալ իրենց գերբնական կարողություններին:
Բառերով այդ անկրկնելի զգացողությունները չես կարող փոխանցել. այս ներկայացումն անձամբ է պետք տեսնել ու թեկուզ կարճ ժամանակով տեղափոխվել այն հեքիաթային աշխարհը, որտեղ անհնարին ոչինչ չկա:
Ահա այսպիսի հագեցած հանգիստ վայելեցինք ամենահին քաղաքառող-ջարանում: Անապայի ծովափը` իր ամենավառ արևով, ջրաշխարհը` բացօթյա լողավազաններով, ջրային
ատրակցիոններով, «Նեմո» դելֆինարիումը և շատ այլ հանգստի և զվարճանքի կենտրոններ…
Շնորհակալություն այս հետաքրքիր ծրագիրն իրականություն դարձնող հայրենասեր ուսուցչուհուն` Կարինե Փիլոյանին, Անապայի հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին ևս մեկ հայանպաստ ծրագիր հովանավորելու և կյանքի կոչելու:
Մինչ նոր հանդիպում…

 
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *