
Հազար ու մե վերք ես տեսել, —
էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել, — էլի՛ կտեսնես։
Աշնան քաղած արտի նման՝
հազար զոհերի
Չհավաքած բերք ես տեսել, —
էլի՛ կտեսնես։
Գլուխդ չոր քամուն տված
պանդուխտի նման,
Հազար տարվա հերք ես տեսել, —
էլի՛ կտեսնես։
Նարեկացի, Շնորհալի,
Նաղաշ Հովնաթան,
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել, -—
էլի՛ կտեսնես։
Քո Չարենցին լեզու տվող
երկիր Հայաստան,
Հազար ու մե երգ ես տեսել, —
էլի՛ կտեսնես։
Եղիշե Չարենց