
Մայիսի 17-18-ը Կրասնոդարի երկրա-մասի Գելենջիկ քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային շրջանի հայոց լեզվի և հայագիտության առաջին օլիմպիադան, որին մասնակցեցին դպրոցականներ Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերից և Ռոստովի մարզից: Միջոցառումը, որը կազմակերպել էր Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքը, ուղղված է Սփյուռքում ազգային կրթության մասսայականացմանը և Ռուսաստանի հարավային դաշնային շըրջանի տարածքում բնակվող դպրոցականների շրջանում հայոց լեզվի և հայագիտական առարկաների ուսուցման մոտիվացիայի բարձրացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Նշենք, որ Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ տարածաշրջանային բաժանմունքը նման միջոցառումների կազմակերպման մեծ փորձ ունի: Այսպես, մայիսի 11-ին Կրասնոդարում կայացել էր Կրասնոդարի երկրամասի դպրոցականների հայոց լեզվի և հայագիտության 10-րդ հոբելյանական օլիմպիադան, որն առաջին անգամ անցկացվել էր «Ռոսմոլոդյոժ» — ի դաշնային դրամաշնորհի աջակցությամբ:
Ռոստովի մարզն օլիմպիադային ներկայացնում էին Մյասնիկյանի շրջանի, Նովոչերկասսկ և Դոնի Ռոստով քաղաքների հայկական խմբակների սաներն իրենց ուսուցիչների հետ: Իսկ հյուրերի կազմում էր Դոնի Ռոստովի հայ համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորման ղեկավար Լուսինե Պետանյանը: «Սիրելի պատանիներ, աշխարհում չկա ավելի երանելի բան, քան այն, որ դուք խոսում եք հայերեն, գրում և կարդում եք ձեր մայրենի լեզվով: Բացի այդ, այսօր մասնակցում եք Ռուսաստանի Դաշնության Հարավային դաշնային շրջանի հայոց լեզվի և հայագիտության առաջին օլիմպիադային, այսինքն դուք գիտեք նաև հայոց պատմություն, գրականություն, ձեր պատմական հայրենիքի մասին տեղեկություններ: Մենք ամեն ինչ անում ենք, որ դուք սովորեք ձեր մայրենին, չմոռանաք պատմական Հայրենիքը, այցելեք Հայ առաքելական եկեղեցի: Եթե դուք այսօր այստեղ եք և մասնակցում եք այս օլիմպիադային, ուրեմն հայ համայնքը և առաքելական եկեղեցին աշխատում են պտղաբեր: Մենք կանենք հնարավորինն ու անհնարինը, որպեսզի հաճախ լինեն այսպիսի միջոցառումներ, որ մեր երեխաները չմոռանան իրենց լեզուն, պատմությունն ու հավատը:

Ես արդեն հայտարարել եմ, որ օլիմպիադայի լավագույն մասնակիցներն ամռանը մի քանի օրով կայցելեն իրենց պատմական Հայրենիք, կտեսնեն Հայաստանի տեսարժան վայրերը, կհանգստանան և կվերադառնան», — օլիմպիադայի բացման ժամանակ ասաց Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տարածաշրջանային բաժան-մունքի նախագահ Կամո Հայրապետյանը:
«Ես այսօր ականատես եղա այն մեծ երջանկությանը, որը երեխաներն էին ցույց տալիս. նրանց փայլող աչքերին, հրճվանքին ու ուրախությանը: Այդ ամենը մեզ համար անչափ կարևոր է: Շնորհակալություն Կամո Հայրապետյանին, ով ջանք ու եռանդ չի խնայել այսօրվա միջոցառումը՝ հայագիտության օլիմպիադան, անմոռաց տոն դարձնելու համար», — նշեց Կրասնոդարի երկրամասի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության կրթության բաժնի վարիչ Կարինե Եսայանը:
Ռուսաստանի Դաշնության հարավային դաշնային շրջանի հայոց լեզվի և հայագիտության առաջին օլիմպիադայում Ռոստովի մարզից երրորդ տարիքային խմբում բացարձակ հաղթող ճանաչվեց Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սան Սյուզաննա Առաքելյանը (Ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան), իսկ նույն տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրեց Նովոչերկասսկ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից Հայորդաց տան սան Գևորգ Խաչատրյանը (Ուսուցչուհի՝ Աննա Բեգլարյան):
Իսկ ասմունքի մրցույթում Դոնի Ռոստովի Սուրբ Խաչ եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սան Արսեն Սարդարյանը առաջին տարիքային խմբում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ երկրորդ տարիքային խմբում առաջին տեղը գրավեց Արաքսյա Կարախանյանը՝ Մյասնիկյանի շրջանից (Ուսուցչուհի՝ Հռիփսիմե Վարդևանյան):