(Սուրբծննդյան տոնի պատարագ սուրբ Հարություն եկեղեցում)

Այդ օրը Դոնի հայ համայնքի հազարավոր հավատացյալներ հուզմունքով ու երկյուղածությամբ այցելեցին հայկական եկեղեցիներ՝ հաղորդակից լինելու Տիրոջ Ծննդյան սուրբ պատարագին…

2000 տարի առաջ Փրկիչը ծնվեց: Բեթղեհեմի աստղը լուսավորեց մեղքերի մեջ թաղված աշխարհը: Փոխվեց մարդկության ընթացքը և պատմությունը բաժանվեց՝ Քրիստոսից առաջ և Քրիստոսից հետո:

Լուռ, խաղաղ բեթղեհեմյան գիշեր էր: Աշխարհի ամենակարևոր փոփոխությունը տեղի ունեցավ աննկատ, պարզ հովիվների փոքրիկ մսուրում: Մարդկության պատ-մությունը չարձանագրեց լույսի ծնունդը, բայց այդ օրը սկսվեց աշխարհի նոր տարեգրությունը:

Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է աստվածորդու Սուրբ ծնունդն ու մկրտությունը: Տոնում է այդ լուռ գիշերվա հիշատակը: Չկա ավելի լուսավոր տոն, քան Աստծո հայտնությունը մարդկանց:

Տերունական մեծ տոնին Դոնի Ռոստովի սուրբ Հարություն եկեղեցում պատարագեց եկեղեցու քահանա Տեր Տիրան Ավագյանը: Պատարագից հետո կատարվեց Ջրօրհնեքի ծիսակարգը: Այն խորհըր-դանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

Պատարագող քահանան սուրբ հոգու շնորհները խնդրեց Տիրոջից՝ հանուն հոգևոր և մարմնական բժշկության, հանուն հայ ազգի վերքերի շուտափույթ բժշկման, Հայրենիքի վերաշինման և Խաղաղության:

Ապա, Խաչի կնքահոր գրկից վերցնելով սուրբ Խաչը, ընկղմեց մյուռոնված ջրի մեջ, սուրբ նշանով օրհնության կարգը կատարեց, փառաբանեց Տիրոջը՝ որպես հավիտենական կյանքի աղբյուր, որպես կենարար ջուր:

Այնուհետև պաշտպանիչ աղոթքով դիմեց հավատավոր ներկաներին, աղոթեց անպարտելի Հայրենիք ունենալու համար և 3 անգամ ավետիսի ողջույն ուղղեց ներկաներին.

Քրիստոս ծնավ և հայտնեցավ:

Մեզ և ձեզ մեծ ավետիս:

Շատերի համար հաճելի անակնկալ էր այն, որ սուրբ Ջրօրհնեքի խաչքավորը Դոնի հայ համայնքի ղեկավար Հարություն Սուրմալյան էր սուրբ Հարություն եկեղեցում:

— Ես սիրով համաձայնեցի լինել այս

Սուրբ օրվա խաչի կնքահայրը՝ Խաչքավորը՝ ինչպես ասում են: Երբ պատարագի ավարտից հետո սկսվեց Ջրօրհնեքը, ես հագա շապիկ, գրկեցի սուրբ խաչը, պահեցի մինչև պատարագիչը վերցրեց այն և թաթախելով սուրբ ջրի մեջ՝ օրհնեց ու սրբեց ջուրը սուրբ խաչով:

Շատ հանդիսությունների եմ մասնակցել, սակայն հայ եկեղեցու բեմում լինել խաչքավորի պատվավոր դերում՝ շատ տպավորիչ էր: Եվ այդ մաքրագործող զգացողությունը անջնջելի կմնա ընդմիշտ:

Մեկ անգամ ևս մեր համայնքին և հայ ազգին՝ ամբողջ աշխարհում, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, քրիստոնեական Հույս ու Հավատ, և, որ Տիրոջ ծննդյան օրը սկիզբ դառնա նոր հաղթանակների՝ ի փառս ծանր վերքերց ապաքինվող, փորձություններից ավելի ուժեղացած Հայաստանի Հանրապետության:
Սոնա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *