
Ուր որ հայրենի երգեր կլսվին`
Հոն հայրենիքը ողջ է…
Ղ. Ալիշան
Սույն թվականի մայիսի 24-ին և 31-ին կայացան միջոցառումներ՝ նվիրված Հայաստանին և հայոց լեզվին: Միջոցառումներին մասնակցում էին Դոնի Ռոստովի համար 61 և 83 հանրակրթական դպրոց-ներում գործող «Արևիկ» հայերենի խմբակների, մանկական գրադարանում գործող հայկական միավորման, ինչպես նաև համայնքին կից հայկական դպրոցի շուրջ 70 աշակերտ (Ուսուցչուհի՝ Արմինե Հովեփյան):
Տոնական միջոցառումները, որոնք կըրում էին «Լեզուն հայրենիք է» խորագիրը, սկսվեցին հայկական ավանդական երաժշտությամբ: Պատանի հաղորդավարներ Ադելինան, Սամվելը, Մարիամը, Իննան, Թամարան ներկայացրին հայ ժողովրդի համար մեծ նշանակություն ունեցող Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացից դրվագներ: Այնուհետև աշակերտներն արտասանեցին հայ մեծ գրողների՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի, Պարույր Սեվակի, Համո Սահյանի ստեղծագործություններից հատվածներ: Սաները կատարեցին երգեր, պարեցին հայկական պարեր, ներկայացրին Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթի բեմադրությունը:
Եվ պատահական չէր ընտրված «Լեզուն հայրենիք է» խորագիրը: Լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլ հոգևոր հայրենիքի հիմքը: Այն կապում է մեզ մեր նախնիների հետ, պահպանում է մշակույթը, ավանդույթները և ազգային ինքնությունը: Ինչպես ասել է հայ մտածող Խաչատուր Աբովյանը՝ «Ով չի սիրում իր լեզուն, նա չի սիրում իր ազգը»:
Այսօր, երբ ճակատագրի մակույկը մեզ ափ է հանել Դոնի երկրամասում, առավել քան կարևոր է հիշել, որ մայրենի լեզվի պահպանումը՝ դա հայրենիքի պաշտպանությունն է ամենօրյա կյանքում: Լեզուն հայրենիք է ոչ միայն այն իմաստով, որ այն մեզ տուն է տալիս, այլ նաև այն իմաստով, որ առանց լեզվի՝ ազգը կորցնում է իր հոգևոր երակները: Ուստի նրա պահպանումը, զարգացումը և օգտագործումը յուրաքանչյուր հայի պարտականությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա ապրում:









Հայրենիքից հեռու բնակվող հայության համար կրթօջախները դարձել են փոքրիկ հայրենիք, որոնք ստանձնել են հայապահպանության սրբազան առաքելություն և պատվով ու անսահման նվիրվածությամբ են կատարում այն:
Երկու մեծ միջոցառումներին ներկա էին նաև Դոնի Ռոստովի հայ համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորման ղեկավար Լուսինե Պետանյանը, վաստակավոր ուսուցչուհի, բանաստեղծուհի Շողիկ Սիմավոնյանը, ուսուցիչներ, որոնք իրենց ջերմ խոսքերը հղեցին ներկաներին: Շողիկ Սիմավոնյանը դատարկաձեռն չէր եկել. սաներին նվիրեց Մեսրոպ Մաշտոցին նվիրված իր բանաստեղծությունը:
Ավարտվեց ևս մեկ ուսումնական տարի: «Արևիկ»-ը հայապահպանության, հայի կերտման օրրան է, որտեղ սովորեցնում են հայկական բառն ու բանը, երեխաներին պահում հայրենիքին մոտ, հայ համայնքի մեջ, որպեսզի շփվեն միմյանց հետ, մեանան միասին: Արևիկցիները վաղվա մեր մայր տաճարի ղողանջներն են: Իսկ որպեսզի տաճարը ղողանջի, պետք է ամեն օր մեր ջանքերն ուղղենք դեպի հայապահպանություն, հայերենի ուսուցում, հայկական երգի, արվեսի նկատմամբ սեր ու կիրառում: Քանզի սիրել առանց կիրառելու, առանց խոսելու հայերեն, նշանակում է ուծացում:
2026-2027 ուսումնական տարում դասերը, ինչպես բոլոր ուսումնական հաստատություններում, կվերսկսվեն սեպտեմբերի 1-ից: Մինչ հանդիպում…
Նյութը պատրաստեց՝ Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆԸ
Լուսանկարիչ՝ Արթուր ՍՍԱԲՈւԼՆԻԵՔՍ