
Հունիսի 28-ին տեղի ունեցավ Դոնի Ռոստովի թիվ 15 միջնակարգ դպրոցի հայերենի խմբակի սաների եզրափակիչ դասը՝ «Ես տառաճանաչ եմ» խորագրով: Մեկ տարվա ընթացքում երեխաները ջանասիրաբար սովորում էին հայերենի այբուբենը: Տառերի հետ մեկտեղ նրանք ծանոթանում էին հայ մշակույթի հետ, ուսումնասիրում հայոց պատմությունը և մեծ սիրով մասնակցում մի շարք միջոցառումների ու մրցույթների:
Եզրափակիչ դասին երեխաները պատրաստվել էին մոտ մեկ ամիս: Նրանք իրենց առջև ունեին հստակ առաջադրանք՝ գրավոր պատասխանել մեր ոսկեղեն 39 տառը, իսկ բանավոր՝ հայոց պատմության և մշակույթին վերաբերող հարցերին:
Դասմիջոցառումն անցավ շատ ակտիվ և դրական հույզերով լեցուն: Աշակերտները ոգևորված կատարեցին բոլոր առաջադրանքները, մոտիվացված լինելով՝ մեկ մյուսից արագ ցանկանում էին պատասխանել հարցերին, քանզի չպատասխանելու դեպքում՝ նրանք չէին ստանա պատվոգիր:
Ես հիացմունքով լսում էի նրանց և հպարտությամբ կփաստեմ, որ այսօր օտար ափերում բնակվող հայ մանուկը ցանկանում է սովորել և պահպանել իր մայրենի լեզուն, պատմությունը, գրականությունը, մշակույթը, ավանդույթները: Շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն երեխաներին, այլ նաև նրանց ծնողներին՝ հայի նման տեսակ դաստիարակելու հա-մար:

Խանդավառությամբ, հպարտության զգացումով եզրափակեցինք 2024-2025 ուսումնական տարվա հայոց լեզվի դասընթացը: Սիրենք և պահպանենք մեր լեզուն: Հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ասել է՝
Ու տես որդիս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ուր էլ գնաս,
Թե մորդ անգամ մտքից հանես,
Քո Մայր լեզուն չմոռանա՛ս…
Հերմինե ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ