(Կայացավ մարզային IV օլիմպիադան)
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:
Հովհ. Թումանյան

Ավանդույթի համաձայն՝ Դոնի Ռոստովի հայ համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորումն այս ուսումնական տարում նույնպես կազմակերպեց և անցկացրեց հայոց լեզվի մար-զային IV օլիմպիադան: Օլիմպիադան անցկացվեց թեստային եղանակով, Ա և Բ տարբերակներով: Առաջադրված հարցերին պատասխանելու համար աշակերտներին տրվեց երկու ժամ:
Մայիսի 29-ին Դոնի Նախիջևանի հայկական համայնքին կից հայոց լեզվի ուսուցիչների մեթոդ միավորման ղեկավար Լուսինե Պետանյանի նախագահությամբ սկսվեց օլիմպիադան, որին մասնակցում էին Դոնի Ռոստով Պրոլետարսկ շրջանի լրացուցիչ կրթության կենտրոնի «Мост надежды» հայերենի խմբակի սաները (ուսուցչուհի` Լ. Պետանյան), թիվ 61, 83 (ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան), թիվ 110 (ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան) և Սուրբ Խաչ եկեղեցուն կից (ուսուցչուհի՝ Արմինե Ղազարյան) դպրոցների աշակերտները:

Երեխաներից շատերը ցուցաբերեցին բարձր պատրաստվածություն և համապատասխան գիտելիքներ՝ գրավելով մրցանակային պատվավոր տեղեր: Մանկավարժների և աշակերտների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը ողջունեց և նվերները հանձնեց համայնքի գործադիր տնօրեն Գևորգ Գրիգորյանը` ընդգծելով նման միջոցառումների դերը հայրենիքի, հայոց լեզվի, գրականության, մշակույթի և ազգային արժեքների հանդեպ նրանց սիրո և նվիրումի կարևորությունը:
Բ տարբերակում մրցանակային 1-ին տեղը զբաղեցրեց Սիլվա Հայրապետյանը, 2-րդ տեղը` Աննա Ազարյան, 3-րդը՝ Սվետլանա Բաղյանը (ուսուցչուհի` Լ. Պետան-յան): Ա տարբերակում մրցանակային 1-ին տեղը զբաղեցրեց Անուշ Մանուկյանը (ու-սուցչուհի` Ծ. Սարգսյան), 2-րդ տեղը` Սյուզաննա Առաքելյանը (ուսուցչուհի` Ա. Ղազարյան), իսկ 3-րդը Ադելիա Վարդանյանն էր (ուսուցչուհի` Ա. Հովսեփյան), որոնք ստացան պատվոգրեր և «Зебра» խանութների ցանցի նվեր քարտեր: Լավագույնների շարքում էին նաև Դանիէլ Ակոպովը, Արամ Մամուլյանը, Կարինե Գալստյանը, Նոննա Գրիգորյանը, Մնացական Խալաթյանը, Ռիտա Միրզոյանը, Մարիա Ազարյանը, Ջեմմա Բարսեղյանը: Ուսուցիչները պարգևատրվեցին շնորհակալագրերով:
Համայնքի ղեկավարությունը հոգ էր տարել նաև բոլոր մասնակիցներին շնորակալագրերով պարգևատրելու, ինչպես նաև ուրախ ու հետաքրքիր ժամանց ապահովելու մասին:

Հայոց լեզվի մարզայի IV օլիմպիադայի մասնակից աշակերտների խոսքով, նման միջոցառումները նպաստում են հայոց լեզվի և մշակույթի հանդեպ հետաքրքրության ձևավորմանն ու հայերենի ուսուցման մոտիվացիայի բարձրացմանը:
Օլիմպիադայի բոլոր մասնակիցները, ծնողական խորհուրդը, ուսուցչական կոլեկտիվն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնում «Դոնի Ռոստովի հայ համայնք» ՀԿ ղեկավարությանը` հայապահպանության անկրկնելի տոն պարգևելու համար:
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

