
Փետրվարի 22-ին Դոնի Ռոստովի Հայ առաքելական Սուրբ Խաչ եկեղեցու կիրակնօրյա դպրոցում, տոնական միջոցառումների շրջանակում, առանձնահատուկ տոն էր՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 157-ամյակին։ Այս միջոցառման ընթացքում դպրոցի սաներն ունեցան ևս մեկ հնարավորություն՝ ավելի մոտիկից ծանոթանալու բանաստեղծի կյանքին և ստեղծագործական ժառանգությանը։ Ուսուցչուհի Արմինե Ղազարյանը ներկայացրեց հետաքրքիր պատմություններ նրա կյանքի ու ստեղծագործական ուղու մասին՝ բացահայտելով բանաստեղծի խորիմաստ ու հուզիչ աշխարհը: Երեխաները սիրով արտասանեցին Թումանյանի բանաստեղծությունները։ Յուրաքանչյուրը փորձում էր փոխանցել Թումանյանի տրամադրությունն ու ուղերձը, կարդում էր արտահայտիչ և հուզմունքով՝ ստեղծելով ջերմ ու հեքիաթային մթնոլորտ։
Բացի այդ, միջոցառման ժամանակ տեղի ունեցավ խաղվիկտորինա՝ Թումանյանի ստեղծագործական ժառանգության վերաբերյալ։ Երեխաները մասնակցեցին հաճույքով և հետաքրքրությամբ։ Վիկտորինայի հաղթողը ստացավ հաճելի նվեր, ինչը մեծ ոգևորություն հաղորդեց ներկաներին։
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանում և Սփյուռքում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի նպատակն է ընթերցանության և գրքի նկատմամբ սերը փոխանցել նոր սերունդներին, նրանց հաղորդակից դարձնել գրականությանն ու հոգևորմշակութային արժեքներին: Գիրք նվիրելու տոնը նշելուց բնականաբար անմասն չմնաց Սուրբ Խաչի հայերենի դըպրոցը: Դպրոցի սաները միմյանց նվիրեցին հայերեն գրքեր։ Սա երեխաների մոտ առաջացրեց անկեղծ ոգևորություն: Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները կարևոր դեր են խաղում հայկական մշակութային ինքնության ձևավորման և պահպանման գործում։
Նրա պոեզիան ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հպարտության, հոգևոր աջակցության և հայ ժողովրդի պատմական հիշողության պահպանման հզոր աղբյուր։ Թումանյանն իր բանաստեղծությունների միջոցով փոխանցում է ազգային ճակատագրի, ցավի և հույսի խորը զգացումներ՝ միավորելով մարդկանց դժվարին ժամանակներում և ոգեշնչելով նրանց պայքարել ազատության և արժանապատվության համար։


Թումանյանի ստեղծագործության նշանակությունը դուրս է գալիս հայկական մշակույթի սահմաններից։ Նրա գործերը գրավում են համաշխարհային հանրության ուշադրությունը՝ օգնելով աշխարհին հասցնել հայ ժողովրդի յուրահատուկ հոգևոր արժեքները և պատմական վերապրումները։ Թեմաների բազմազանությունը և նրա բանաստեղծությունների բարձր գեղարվեստական արժեքը նրան դարձնում են ոչ միայն հայ գրականության, այլև համաշխարհային պոեզիայի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը, քանի որ նա Ամենայն հայոց բանաստեղծն է:

Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունները ծառայում են որպես կամուրջ անցյալի և ներկայի միջև՝ միացնելով մշակութային արմատները ժամանակակիցին, և շարունակում են ոգեշնչել ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհի այն մարդկանց, ովքեր գնահատում են հոգևոր ավանդույթների հարստությունը և պոեզիայի ուժը։
Միջոցառումն անցավ ջերմ ու բովանդակալից, Երիտասարդ սերունդը ստացավ մի կարևոր պատգամ՝ զարգացնելու իրենց հոգևոր արժեքները և ուսումնասիրելու իրենց ժողովրդի մշակույթն ու գրականութունը։
Նարե ՍԵՐՈԲՅԱՆ