nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Այս տարի Դոնի հայ համայնքը տոնում է Դոնի հայկական բնակավայրերի հիմ-նադրման 245-ամյակը: Ռոստովի մարզում այդ կապակցությամբ տեղի ունեցան բազմաթիվ տոնական միջոցառումներ, խորհըրդաժողովներ, ցուցահանդեսներ: Դրանից անմասն չէին Դոնի Ռոստովի հայկական դպրոցները և հայերենի խմբակները: Բոլոր խմբակներում կայացան վարպետության դասեր և դասմիջոցառումներ:

Հայկական խմբակների սաները իմացան դոնահայերի պատմությունը, տեղեկացան, որ Դոնի Նոր Նախիջևան քաղաքը հիմնադրվել է Ղրիմի հայաբնակ վայրերից Ռուսական կայսրության կազմակերպած գաղթի հետևանքով, Եկատերինա Երկրորդ կայսրուհու 1779 թ. նոյեմբերի 14-ի հրովարտակի հիման վրա: Ռուսական կայսրության հարավային շրջանները բնակեցնելու քաղաքականության կենսագործման արդյունքում 1778 թ. գաղթի ուղին բռնած ղրիմահայ զանգվածը, որի հիմնական մասը Ղրիմ տեղափոխված հայոց միջնադարյան մայրաքաղաք Անիի նախկին բնակիչների ժառանգներն էին, երկար թափառումներից հետո հանգրվան են գտնում Դոնի գետափնյա հարթավայրում և Դմրիտրի Ռոստովսկու ամրոցից (այժմ՝ Դոնի Ռոստով) մի քանի կիլոմետր հեռու՝ հիմնելով Նախիջևան քաղաքը, իսկ նրա մոտակայքում՝ Չալթր, Թոփտի, Մեծ Սալա, Սուլթան Սալա և Նեսվիտայ հայկական գյուղերը:

Երեխաներն իմացան, որ Նոր Նախիջևանը մինչև 19-րդ դարի կեսերն աչքի է ընկել որպես արհեստագործական և առևտրական կայուն նկարագիր ունեցող քաղաք, որին մեծապես նպաստել են կայսրության հարավի ջրային ուղիները, մաս-նավորապես Ռոստովի և Տագանրոգի նավահանգիստներով արտահանվող մետաղի հումքը: Դրսի շուկաներում հռչակված էր Նախիջևանի հայ վարպետների պատրաստած իրերը, որոնցով առանձնակի հետաքրքրվել են ռուս կայսրերը, մասնավորապես  այսրուհի Եկատերինա Երկրորդը: Հենց նրա 1779 թ. նոյեմբերի 14-ի հրովարտակով ղրիմահայերը ստացել են մեծ առանձնաշնորհումներ: Այն օրենսդրական կարևորության մի փաստաթուղթ էր, որով սահմանվում էր նորահաստատ հայ գաղութի (այսուհետ՝ համայնքի) իրավա-սությունը, և մեծապես կանխորոշվում էր նրա զարգացման հեռանկարները: Նախիջևան անունով հատուկ քաղաք հիմնելու և քաղաքին 12000 դեսյատին հողամաս տալուն զուգահեռ հրովարտակում պահանջվում էր հայ հասարակությանը տասը տարով ազատել բոլոր հարկերից և պետական ծառայություններից, քաղաքում հաստատել մագիստրատ և այնտեղ ազգային սովորությունների ու իրավական նորմերի հիման վրա դատ ու դատաստան վարել ընտրված դատավորների միջոցով: Խմբակներում բոլոր դասմիջոցառումները հետաքրքիր և բովանդակալից էին:

Մասնավորապես, Դոնի Ռոստովի համար 75 դպրոցի հայերենի խմբակի աշակերտուհի Անուշ Մանուկյանը (Ուսուցչուհի՝ Ծովինար Սարգսյան), հանդես եկավ Եկատերինա Երկրորդի դերում: Նա կարդաց կայսրուհու հրովարտակը, ելույթ ունեցավ քաջալերող և շնորհակալական խոսքերով, որ 245 տարի շարունակ հայերը շենացնում են Դոնի տափաստանը: 

Համար 15 դպրոցի հայերենի խմբակի աշակերտները (Ուսուցչուհի՝ Հերմինե Հարությունյան) վարպետության դասին նկարեցին Դոնի հայկական համայնքի զինանշանը, ուր պատկերված են հայերի աշխատասիրությունը խորհրդանշող մեղուներ և փեթակներ: Երեխաները նաև պատմեցին դոնահայերի գաղթի պատմությունից հատվածներ, ներկայացրեցին նրանց կենցաղի և խոհանոցի առանձնահատկությունները:

Համայնքին կից «Արևիկ» հայկական դպրոցի սաները (Ուսուցչուհի՝ Արմինե Հովսեփյան) ծանոթացան դոնահայերի պատմությանը, հայտնի հայ հասարական, քաղաքական գործիչների կյանքին ու գործունեությանը, որոնք անգնահատելի դեր են ունեցել երկու բարեկամ երկրների ընդհանուր մշակութային ժառանգության մեջ:

Բոլոր միջոցառումներն ունեին ուսումնաճանաչողական բնույթ: Այսպիսով պետք է հստակ ընդգծել, որ դոնահայերի և Դոնի Նախիջևանի պատմությունը փակված և մոռացված չէ, այլ հաստատուն քայլերով զարգանում է, իսկ նման միջոցառումները դրա վառ ապացույցն են:

Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *