nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Հովհաննես Թումանյանի անվան հայռուսական բարեկամության տիկնիկային թատրոնը գործում է ՌԴ Տյումենի մարզի Տյումեն քաղաքում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական մշակույթի կենտրոնում: Այն հիմնադրվել է 2020 թ. ՀՀ պատվավոր հյուպատոս, Տյումենի Հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանի աջակցությամբ: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Ալմուրը (Ալվանդ Էմիլի Մուրադխանյան):

Տիկնիկային թատրոնի ստեղծման նպատակները մի քանիսն էին. համայնքի հայ երեխաներին կրթելը և հայերենին հաղորդակից դարձնելը, հեքիաթների միջոցով մեր արժեհամակարգին ծանոթացնելը: Ռուսերեն թարգմանությամբ պիեսների բեմադրումը նպատակաուղղված է ռուս հանրությանը ծանոթացնել հայ մշակույթին, հայի աշխարհընկալմանը, նիստ ու կացին: Ինչպես նաև բազմազգ երկրի տարբեր ազգերի մշակույթի հերոսներին անդրադառնալով՝ քարոզել բարեկամություն, արդարություն, անկեղծություն, համամարդկային արժեքներ:

Երբ հայացք ես գցում ձեռակերտ հրաշք տիկնիկներին, երբ ծանոթանում ես նրանց արարողի հետ, հաս-կանում ես միայն մեկ բան, որ բոլոր այս հերոսները հոգեբանական կերտվածքով նման են իրենց ստեղծողին, կարծես ստեղծագործողի դիմանկարն է հավաքած տարբեր կերպարների մեջ:

Իսկ ես, երբ հետադարձ հայացք եմ գցում թատրոնի կայացմանը, հոգիս հրճվանքով է լցվում, որ ի կատար ածվեց իմ վաղեմի երազանքը:
Պատանեկության տարիներին Երեվանի քաղաքային պիոներ պալատի տիկնիկային թատրոնի խմբակի անդամ էի, սովորում էի հմուտ տիկնիկավար վարպետ Պավլոս Բորոյանի խմբակում:

Սիրել եմ տիկնիկների խաղը, երազել եմ ինքս ստեղծել տիկնիկային թատրոն: Բայց իմ մանկավարժական գործունեության տարիներին չիրագործվեց այդ երազանքը՝ կողքիս չունենալով Ալմուրի նման ստեղծագործողին, որը ընթացք կտար իմ գաղափարներին:

Ճակատագրի բերումով, երբ հայտնվեցի ՌԴ-ում, սկսեցի զբաղվել հայապահպան գործունեությամբ: Հայաստանից Տյումեն էի բերել հայկական տարազներով երեք փոքրիկ տիկնիկ, որոնք մյուս խորհրդանիշների հետ դրված էին մեր դպրոցում:

Մեր մեկօրյա հայկական դպրոցում երեխաներին կերպարվեստի գաղտնիքները դասավանդելու եկած գե-ղանկարիչ, պոետ Ալմուրի աչքից չվրիպեցին հայկական տարազով այդ փոքրիկ տիկնիկները: Ալմուրն առաջարկեց տիկնիկագործության խմբակ բացել:

Այդ ժամանակ իմ մտքերը հեռուն գնացին: Հիշեցի պիոներ պալատի իմ տիկնիկային թատրոնի խմբակը, որտեղ խաղում էինք ձեռնոցային տիկնիկներով: Առաջարկեցի ձեռնոցային տիկնիկ պատրաստել՝ հետագայում տիկնիկային թատրոնում խաղացնելու համար…

Ալմուրը, լինելով արվեստին մոտ մարդ, նրա միտքն ավելի պայծառացավ և ասաց, որ ավելի լավ է ստեղծենք մարդկային կերպարանքով տիկնիկներ, հեքիաթների հերոսների կերպարներ: Այսպիսով հայկական ժողովրդական հեքիաթները մեր երեխաներին հասցնենք տիկնիկային ներկայացումների միջոցով:

Բավականին բարդ ու դժվար ճանապարհ անցանք, մինչև ստեղծվեց այսօրվա արդեն կայացած թատրոնը, որի հերոսներն Ալմուրի տիկնիկագործական խմբակի սաների ձեռքով ստեղծված տիկնիկներն են:

Տիկնիկներ ստեղծելու, արարելու համար Ալմուրին հարկավոր էր հումք:

Իր գաղափարը ողջունած ուսուցիչներին, գործընկերներին Ալմուրը դիմեց և հիշեցրեց մեծն Փարաջանովի խոսքերը. «Այն, ինչ մարդիկ համարում են ոչ պիտանի իր, դրանցից կարելի է արարել արվեստի գործեր»: Փարաջանովի այս խոսքերն Ալմուրը հաճախ էր կրկնում, որը դրդեց գործ ընկերներին և սաներին հավաքել կտորեղենի ավելցուկներ, հուլունքներ, շորեր, որոնք այլևս օգտագործման պի-տանի չէին տանը: Բոլորի օգնությամբ հավաքվեց հումքը և Ալմուրն, իր սաների հետ միասին, անցավ թատրոնի հերոսների արարման գործին:

Ալմուրի աշխատասենյակում արդեն մեծ թվով տիկնիկներ կային, երբ իմ և նրա զրույցների ընթացքում որոշեցինք, որ դրանք դարձնենք թատրոնի խաղատիկնիկներ, որի մասին կըրկին մտածում էի 2019 թ-ից, երբ Երեվանում մասնակցում էի սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասերին: Այդ ժամանակ մեզ տիկնիկավարություն էր դասավանդում բանաստեղծ, սցենարիստ Ռուբեն Մարուխյանը: Նա, իմանալով, որ Տյումենում տիկնիկավարության խմբակ ունենք, իր հեղինակած պիեսների գիրքը նվիրեց ինձ, որն էլ մեզ օգնեց՝ կողմնորոշվելու մեր հետագա անելիքների հարցում:

Մի գեղեցիկ օր, հերթական անգամ մեր դպրոց էր այցի եկել Տյումենի մարզի Հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը: Նա նկատեց տիկնիկները, հավանեց և գնահատեց Ալմուրի աշխատանքը: Իսկ Ալմուրը նրան հայտնեց թատրոն ստեղծելու մեր մտադրության մասին: Աբրահամ Հովեյանը ողջունեց այդ գաղափարը և անմիջապես որոշեց հովանավորել՝ իմանալով, թե ինչպիսի դժվար միջոցներով են ստեղծվել դրանք: Ահա այսպես ստեղծվեց այսօրվա մեր թատրոնը: Ալմուրը, լինելով պոետ, գեղանկարիչ, հենց ինքն էլ գրում է պիեսները հեքիաթների մոտիվներով, պատրաստում է բեմի զարդարանքները:

Տիկնիկավարներ դարձան թե՛ երեխաները, թե՛ ծնողները: Ակտիվացավ Տյումենի հայ և ռուս թատերասեր հա-սարակությունը, քանի որ յուրաքանչյուր ներկայացում բեմադրվում է և՛ հայերեն, և՛ ռուսերեն: Հիմնականում բեմադրվում են Հովհաննես Թումանյանի հեքիաթների մոտիվներով Ալմուրի գրած պիեսները և դրանից էլ ծնվեց թատրոնի անվանումը՝ Հովհաննես Թումանյանի անվան հայռուսական բարեկամության թատրոնը: Տյումենի հայ և ռուս հանրությունը հետաքըրքրությամբ է դիտում նրա բեմադրած ներկայացումները, որոնք, տեսնելով տիկնիկներին և լսելով նրանց խոսքը, իրենց բառապաշարում օգտագործում են հենց թատրոնում սովորած, լսած բառերը:

Անդրանիկ ներկայացումը Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» մանկական բալլադի մոտիվներով բեմադրությունն էր:
Արդեն բեմադրվել են Հովհաննես Թումանյանի «Սուտասանը», «Խոսող ձուկը», ինչպես նաև «Նախանձն ու թա-գավորը», Ալմուրի պիեսներով՝ «Նոր տարվա տոնական հանդես-ներկայացումը», «Дружба — Բարեկամություն» մյուզիքլը:

Շուտով նշելու ենք թատրոնի ըստեղծման տարեդարձը: Տյումենի հայ հանրությունն այսօր շատ ուրախ է նման թատրոն ունենալու փաստով: Շուտով մարզի հայաշատ վայրերում թատրոնը հանդես կգա հյուրախաղերով՝ ուրախացնելով հայ համայնքի ներկայացուցիչներին:

Հայրենիքից հեռու մեր հայրենակիցների համար մի փոքրիկ Հայաստան է ստեղծվել Սիբիրի լայնարձակ տարածքում, որտեղ հնչում է հայերեն խոսքը, երաժշտությունը, երգն ու պարը, իսկ Ալմուրի նման հայրենասեր երիտասարդի շնորհիվ՝ արդեն իրականություն է նաև հայկական թատրոնը:

Սիլվա ՍԻՄՈՆՅԱՆ,
Տյումենի հայկական մշակույթի կենտրոնի մեթոդիստ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *