Վերջերս Դոնի Ռոստովի հայ համայնքին կից կիրակնօրյա դպրոցում հերթական բաց դասն էր՝ նվիրված հայկական ավանդական խոհանոցին: Դասը վարում էր դպրոցի պատմությ-ան ուսուցչուհի Ծովինար Սարգսյանը:
Միջոցառմանը մասնակից աշակերտները ջանասիրաբար և մեծ ոգևորությամբ էին պատրաստվել դասին: Իրենց մայրիկների, տատիկների օգնությամբ պատրաստել էին հայկական խոհանոցի ճաշատեսակներից, սովորել էին այդ կերակուրների բաղադ-րատոմսը և պատմությունը:
Ծովինար Սարգսյանն աշակերտներին և հյուրերին պատմեց հայ մշակույթը բնութագրող ամենագունեղ տարր հանդի-սացող հայկական խոհանոցի մասին, ներկայացրեց հայ ժողովրդի ազգային խոհանոցում մեկտեղվող կենցաղավար-ման բոլոր ավանդույթները: Ուսուցչուհին պատմեց հայկական սեղանի թագուհի թփով տոլմայի, հարիսայի, խաշի, մշոշի, բոզբաշի, ղափամայի, խորովածի, բանջարեղենի խորովածի, Գավառի կլոր գաթայի, Երևանի գաթայի, փախլավայի և այլ կերակրատեսակների և քաղցրավենիքների ծագման պատմության, պատրաստման առանձնահատկությունների մասին, որոնք զուտ կերակուրներ չեն, նրանցից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ ծիսական նշանակություն, որոնցից շատերը պահպանվում են մինչ օրս:
Հայկական խոհանոցի առանձնահատկությունների մասին խոսելիս նա առանձնացրեց այն հանգամանքը, որ հայկականմշակույթում խոհանոցը սերտորեն կապված է հյուրընկալության և հյուրասիրության հետ: Միայն հայերն են, որ իրենց դիցարանում ունեցել են հյուրասիրության և հյուրընկալության Աստված Վանատուրին: Ասաց, որ հայկական խոհանոցում և հյուրընկալության մեջ աղն ու հացը համարվել են պաշտամունքային առարկաներ: Հնուց ի վեր, երբ արքունական խնջույքներ էին կազմակերպվում, խնջույքը միշտ սկսվում էր աղ ու հացի արարողությամբ: Հյուրերը և տանտերերը կանգնում էին դեմ դիմաց, այնպես, որ հացը կտրեին խաչաձև: Դա խորհրդանշում էր նրանց բարեկամությունը և այն հույսերը, որոնք նրանք կապում էին բարեկամության հետ:
Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմաններն իրենք են թելադրել երբ և ինչ ուտել: Ինչպես օրինակ ձմռանը պատրաստվող կերակուրները որպես կանոն հարուստ են ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով, որոնք օգնում են էներգիա կուտակել: Իսկ ամռանը պատրաստվող կերակուրների մեջ մեծ մաս են կազմում բանջարեղենը և կանաչեղենը:
Հայկական խոհանոցն առանձնահատուկ է նաև բազմաթիվ սնունդ հանդիսացող բույսերով. հաշվում են ավելի քան 300 տեսակի ուտելի բույսեր: Պատահական չէ, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը հայկական խոհանոցից ստացած իրենց տպավորությունների հիման վրա Հայաստանը առանձնացնում են աշխարհի մյուս երկրներից:
Կիրակնօրյա դպրոցի ունկնդիր դոնահայ Թադևոս Տախտամիշևը դստեր օգնությամբ պատրաստել էր Դոնի հայերի խոհանոցից մի յուրահատուկ և շատ համեղ պիրոգ՝ ձալձուն: Ձալձուն շերտավոր խմորով և միջուկով (պանիր, միս, կարտոֆիլ, կաղամբ, կաթնաշոռ) պատրաստվող ռուլետ է՝ խխունջի տեսքով:
Բաց դասն ավարտվեց երեխաների նախընտրած և պատրաստած հայկական խոհանոցի կերակրատեսակների համտես-հյուրասիրությամբ:
Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ խոհանոցը միայն սնունդ չէ, այն ազգային մտածողության, դաստիարակության և մշակույթի մի մասն է կազմում, որի միջոցով ճանաչում են ժողովրդին և երկ-րին: Հայերենում պատահական չէ ընտըրված խոհանոց բառը, այն մի վայր է, որտեղ խորհում են, իսկ խոհարարը հենց միտք ստեղծողն է: Եկե՛ք հաճախ օգտվենք մեր ազգային խոհանոցի համեղ կերակրատեսակներից՝ հարգելով նաև տարբեր մշակույթ և սովորույթներ կրողներին:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ