
Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
Ռ. Պատկանյան
Դոնի Ռոստովի «Արևիկ» հայկական դպրոցում կազմակերպվեց բաց դաս` նվիրված բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, հայ ազգայինհայրենասիրական պոեզիայի հիմնադիրներից մեկի՝ Ռաֆայել Պատկանյանի ծննդյան 195-ամյակին: Դասը վարում էր հայոց լեզվի և գրականության վաստակավոր ուսուցչուհի Ալեքսանդրա Սիմավոնյանը:
Ալեքսանդրա Սիմավոնյանը ներկայացրեց գրողի կյանքից հիշարժան դրվագ-ներ, կարդաց անաստեղծություններ: Դասը երբեմն ընդմիջվում էր Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունների հիման
վրա գրված երգերի՝ Ալեքսանդրա Սիմա-վոնյանի գեղեցիկ կատարումներով: Սահիկաշարի օգնությամբ աշակերտներին ցուցադրեց Ռաֆայել Պատկանյանի բանաստեղծությունները նկարներով, որոնք նկարել էին համար 14 գիմնազիայի իր աշակերտները՝ գրողի 180-ամյակին:
ՄԱՆԿԱՎԱՐԺ ՌԱՖԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆԸ
Տասնիններորդ դարը կարելի է համարել հայ մշակույթի, կրթալուսավորական կյանքի, գրականության ոսկե դար, որի ընթացքում զարգացավ նաև մանկավարժագիտությունը: Իրոք` տասնիններորդ դարի բոլոր հայ գրողները և առաջադեմ հասարակական գործիչները զբաղվել են մանկավարժությամբ: Այդպիսի գործիչներից է նշանավոր բանաստեղծ ու մանկավարժ Ռաֆայել Պատկանյանը, ում գրական գործունեությունը շատ է ուսումնասիրվել և ներկայացվել:

Ռաֆայել Պատկանյանն իր առաջին դասագիրքը` «Նոր Այբբենարան հայկականը», հրատարակել է 1856թ.-ին: 1881 և 1884թթ.-ին Ռոստովում և Թիֆլիսում լույս են տեսնում Պատկանյանի «Մայրենի բարբառ» և «Ընթերցարան մանկանց մայրենի բարբառի» դասագրքերը` գերմաներեն մի դասագրքի օրինակով: Այդ նույն ժամանակ Պատկանյանը գրում է «Աշխարհագրություն» (86 էջ) և «Թվաբանություն» (55 էջ) դասագրքերը: Հետաքրքրական է, որ տասնիններորդ դարի հայ մանկավարժներից շատերը, այդ թվում` Խաչատուր Աբովյանը, փորձել են գրել աշխարհագրության դասագիրք` օգտագործելով մաթեմատիկայի հնարավորությունը: Ե´վ Աբովյանը, և´ Նալբանդյանը, և´ Պարոնյանը, և´ Պատկանյանն ու տասնիններորդ դարի վաստակաշատ այլ գործիչներ հայ ժողովրդի գոյատևման և բարգավաճման կարևոր գործոն համարում էին արհեստագործությունն ու տնտեսվարությունը (տնտեսագիտությունը), որոնց ուսուցման գործում անվիճելի էին աշխարհագրության ու մաթեմատիկայի նշանակությունը: Հետաքըրքիր է, որ Ռաֆայել Պատկանյանի աշխարհագրության դասագրքի առաջինմասը կոչվում էր մաթեմատիկական աշխարհագրություն: Այսօրվա ընկալմամբ` ինտեգրացված ուսուցման գաղափարը տասնիններորդ դարում լայն տարածում ուներ Եվրոպայում: Այդ ուսուցման գաղափարին Պատկանյանը ծանոթացել էր և´ Լազարյան ճեմարաում, և´ Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ինստիտուտի (մեկ տա-րի), և´ համալսարանի արևելագիտական բաժնում սովորելու տարիներին: Պատկանյանը, ծանոթ լինելով գերմանական մանկավարժությանը, պատահական չէր, որ նպատակ ունենալով Նոր Նախիջևանում բացել մանկապարտեզ, նամակով դիմում է Գերմանիայում կրթություն ստա-ցող Սոֆյա Բաբայանին` ստանձնելու այդ մանկապարտեզի ղեկավարությունը:
Պատկանյանի մանկավարժական ժառանգությունը հիմնականում վերաբերում էր տարրական դպրոցին, որին մեծ կարևորություն էր տալիս Պատկանյանը: Ըստ նրա` մայրենի լեզվի ուսուցումը պետք է զուգակցվեր թվաբանության ուսուցմամբ. «Ամեն խելօք տղայ (երեխա) պիտի իմա-նայ անսխալ համրել. մի, երկու, երեք, հարիւր, հազար, բիւր, միլիօն: Բիւրը ունի տասը հազար, միլիօնն ունի հազար անգամ հազար»: Նշենք, որ տասը հազարի փոխարեն բյուր բառի օգտագործումն ավելի տեղին է, չէ որ հազար հատ հազարի փոխարեն օգտագործվում է միլիոնը: Հնագույն հայկական բոլոր աղբյուրներում օգտագործվում է բյուր հասկացությունը:
Ռաֆայել Պատկանյանը «Վարդապետարան Հայաստանի ազատության» (1883 թ.) ծրագրային գործում ներկայացրել է հայ ազգայինազատագրական պայքարի գաղափարախոսությունը, որի թեզերն այսօր էլ արդիական են:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ
«Հայերը Հայաստանեն դուրս նմանում են օտարի տուն վարձողի, որն աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ կամ ուշ դուրս պիտի ձգե նորան օրինավոր տանուտերը»:
Ռ. Պատկանյան
«Պատկանյանի պոեզիայի ուժը նրա բուռն հայրենասիրությունն է, անմնացորդ նվիրումը հարազատ ժողովրդին, որն արտահայտվում է ոչ միայն ներբողներով, այլև դառն սատիրայով: Ճշմարիտ սիրուն ամենևին էլ խորթ չեն ցասումը և նույնիսկ ատելությունը, այդ իսկ պատճառով էլ Պատկանյանի նվիրումը խորապես համոզիչ է»:
Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ
«Արաքսի արտասուքը» հայ նոր գրականության պատմության մեջ առաջին բանաստեղծությունն էր, որ ձեռք բերեց լայն ժողովըրդականություն, դարձավ համազգային երգ, գնահատվեց որպես «հայոց երգերի թագուհի»:
Րաֆֆի, վիպասան
ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գընում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պըտրում եմ։
Բայց նոքա միշտ հեղհեղուկ,
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով
Փախչում էին լալագին։
– Արաքս, ինչո՞ւ ձըկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չի հասած՝
Սըգավոր ես ինձ նըման։
Ինչո՞ւ արցունք ցայտում են
Քու սեգ, հըպարտ աչերից,
Ինչո՞ւ արագ փախչում ես
Այդ հարազատ ափերից։