Երևան: 1-ը օգոստոսի: ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մուտքի մոտ վաղ առավոտից ժամանում են «Քայլ դեպի տուն» ծրագրի պատանի մասնակիցները՝ հարազատների ուղեկցությամբ: Սա հինգերորդ հերթափոխն է, ուր շուրջ 100 պատանի ու աղջիկ հայրենիքում կանցկացնեն 13 հետաքրքիր օր: Ծրագրի 13-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Քիչ անց, ավելի ճիշտ նշված ժամին՝ հավաքատեղի են ժամանում շքեղ ավտոբուսներ՝ պարեկային ծառայության մեքենաների ուղեկցությամբ, խմբերին մոտենում են կազմակերպիչ-ջոկատավարները:
Կարճ զրույցից հետո հստակ է դառնում ծրագրի առաջին օրվա օրակարգը. մեկնում են ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազա (Բյուրական), տեղավորվել կեցության վայրում, հանգիստ, ճաշ, ծանոթացում թիմի հետ, ընթրիք, թիմային հանդիպում, թեյախմություն, քուն:
Մինչ տարբեր երկրներից ժամանած հայորդիները՝ խաժակն ու սևակն, ուրախ ու անհամբեր տեղավորվում են ավտոբուսներում, մենք մոտենում ենք ջոկատավարներին:
Ընկեր Եվայի խմբում են Ռոստովից ժամանած «Արևիկ» հայոց լեզվի խմբակի աշակերտներ՝ Արտաշեսն ու Թամարան, ընկեր Սևակի խմբում է Սամվելը, իսկ Ադե-լինան՝ ընկեր Մհերի խմբում: Նրանք ազատ հաղորդակցվում են հայերեն ու շատ ոգևորված են հայրենիքում գտնվելու այս աննախադեպ փաստով:
— Շատ ուսանելի և բազմաբովանդակ օրեր են սպասվում մեր երեխաներին, — ասում է ընկեր Եվան, — նրանց յուրաքանչյուր օրը հագեցված է լինելու հայոց լեզվի և պատմաճանաչողական դասընթացով, հայկական մշակույթի և ավանդույթների մասին գիտելիքների հարստացմամբ, երգ ու պարի ուսուցմամբ: Եվ վեր-ջապես ամենօրյա ծրագրում կա առնվազն մեկ այցելություն Հայաստանի տեսարժան վայրեր:
Այցելություններ են նախատեսված Մատենադարան, Օշական, Մեսրոպ Մաշտոցի եկեղեցի, Ծիծեռնակաբերդ, ՀԲԸՄ վիրտուալ համալսարան, Գյումրի, Գառնի, Գեղարդ, Էջմիածին, Խոր վիրապ, Զվարթնոց, Սևանավանք, Երևան սիթի տուր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր և այլն, որոնք ունեն մեկ նպատակ՝ սփյուռքի երիտասարդներին կապել հայրենիքին, ծա-նոթացնել իրենց հասակակիցների հետ. սեր ու վստահություն ներարկել այն ամենի հանդեպ՝ ինչը կոչվում է հայ ու Հայաստան:
Վերջում նրանք կմասնակցեն հրաժեշտի խարույկին և կմեկնեն իրենց երկըրները՝ տանելով իրենց համար նոր հայտ-նաբերած հրաշքը՝ Հայրենիքը:
ՔԱՅԼԸ՝ ԴԵՊԻ ՏՈՒՆ՝ ԱՐՎԱԾ Է:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ
Արտաշես Գալոյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից)

Ճամբարը յուրահատուկ հնարավորություն էր ինձ համար բացահայտելու իմ հայրենիքը յուրովի։ Ես այդ 13 օրերի ընթացքում բացահայտեցի, որ իրոք Հայաստանը մշակութապես աշխարհի ամենահարուստ պետություններից մեկն է։ Այն բոլոր գեղեցիկ վայրերը, որ այցելեցինք, բացահայտում էին ինձ համար, քանի որ ես առաջին անգամ էի այցելում Մայր Հայրենիք: Թե՛ հայոց լեզվի, թե՛ պատմության դասերին մեր ազգի մասին շատ նոր ու կարևոր դրվագներ իմացանք: Իմ մոտ հատկապես շատ խորն են տպավորվել Մատենադարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Եռաբլուրը: Սակայն ինձ համար ամենամեծ բացահայտումն այն էր նաև, որ Հայաստանը տեխնոլոգիական ոլորտում բավական բարձր դիրքի վրա է ու զգալի առավելություններ ունի մի շարք նշանակալի պետությունների հանդեպ, ինչը հպարտանալու մեծ տեղիք է տալիս ինձ։ Ծրագիրն իմ մեջ արմատավորեց անեզր սեր դեպի իմ Հայրենիքը:
Սամվել Հովհաննիսյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից)

«Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ճամբարում հրաշալի էր։ Ես շատ զվարճալի օրեր անցկացրի նոր մարդկանց հետ։ Ճամբարի տղաները հետաքրքիր և հաճելի ընկերներ դարձան, որոնց հետ ես մինչ օրս կապի մեջ եմ։ Հաճույքով մասնակցեցի բոլոր էքսկուրսիաներին և դասերին։ Կազմակերպիչները մեզ համար ապահովեցին հարմարավետ պայմաններ և մաքուր սենյակներ։ Խորհրդատուները շատ բարի էին և արագ արձագանքում էին մեր բոլոր հարցերին։ Ճամբարի տարածքը գեղեցիկ էր և կանաչապատ։ Ուտելիքը շատ համեղ էր, հատկապես՝ մրգերը։ Ես 13 օրվա ընթացքում նաև բարելավեցի իմ հայերենը հիանալի ուսուցիչների հետ։
Շատ դրական էներգիա և լավ հիշողություններ ձեռք բերեցի։ Անչափ շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը՝ նման հնարավորություն ընձեռելու համար։ Խորհուրդ եմ տալիս այս ճամբարը բոլոր երիտասարդներին։ Բացահայտե՜ք Մայր Հայրենիքը «Քայլ դեպի տուն» յուրահատուկ ծրագրի միջոցով…
Ադելինա Ավագյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից)

«Քայլ դեպի տուն»-ը խորը հետք թողեց իմ սրտում։ Ես հանդիպեցի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ երեխաների, նրանք շատ բարի էին և շփվող։ Մեր խորհրդատուների շնորհիվ ես նաև շատ ավելին իմացա հայրենիքիս պատմության մասին։
Մենք եղանք Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերում. Գյումրիում, Երևանում, Սևանում և այլն։ Ես երբեք չէի պատկերացնի, որ իմ հայրենիքում այդքան գեղեցիկ վայրեր կան, պատմամշակութային կոթողներ, եկեղեցիներ ու վանքեր։ Մենք հրաշալի ժամանակ անցկացրինք, սովորեցինք ժողովրդական պարեր և ազգային հին սովորույթներ։ Ես այնքան սիրեցի ճամբարը, որ չէի ուզում հեռանալ։
Եթե հնարավոր լիներ, ես նորից կայցելեի «Քայլ դեպի տուն»։
Թամարա Գալոյան («Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակից)

Հայկական ճամբարը ես դեռ երկար կհիշեմ: Ուսուցչուհի ընկեր Ժենյայի հետ ամրապնդեցի իմ հայերենի գիտելիքները, սովորեցի և ասմունքեցի Հովհաննես Շիրազի «Կուզեի նստել մի քարի վրա» բաաստեղծությունը ճամբարի փակման արարողությանը: Ընկեր Մոնիկան մեզ սովորեցրեց «Կարնո քոչարի», «Էջմիածին», «Ծաղկաձոր» և այլ ազգային ավանդական պարեր: Ընկեր Մհերի հայրենասիրական և դաստիարակչական դասերը մեր մեջ արթնացրին սեր, բարություն, հոգածություն հայրենի հողի հանդեպ: Նա մեր մեջ վառեց հայրենասիրական շունչն ու ոգին: Ամեն օր երգում էինք հայրենասիրական երգեր. «Գինի լից», «Գետաշեն» և այլն:
Վերջին օրը չէինք ուզում հրաժեշտ տալ իրար: Հիմա մենք բոլորս շփվում ենք համացանցի միջոցով, չնայած ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում: Միգուցե մի օր հանդիպենք Մայր Հայրենիքում: