Այսօր աշխարհում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը շարունակվում է: Մարդկությունը շարունակում է իր համար անընդհատ ընտրել պայքարի նոր վարքագիծ, նոր կանոններ կիրառել, այս բարդ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել: Այս ամենից, ցավոք, անմասն չմնացին սփյուռքահայ ուսուցիչները: Շատերն արդեն հայրենիքում վերապատրաստում անցնելու հայտադիմումներն էին լրացրել, փափագում էին Մայր
Հայաստանում հանդիպել աշխարհասփ-յուռ գործընկերներին, տեսնել բարեկամներին, ևս մեկ անգամ վայելել հայրենքի ջերմությունն ու սերը: Սակայն կարծես ավանդույթ դարձածհանդիպումը այս տարի փոխարինվեց առցանց տիրույթում հանդիպման: Ոչինչ, սա էլ կանցնի, կգան լավ օրեր, հայրենիքում հանդիպումը այս անգամ կհետաձգենք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Էդիտ Պրինտ» հրատարակչության հետ համատեղ սփյուռքահայ ուսուցիչների հա-մար սկսեց անցկացնել առցանց բաց դասընթացներ հայոց պատմություն և հայրենագիտություն առարկաներից: Դասընթացները կազմակերպվում են ZOOM հավելվածի միջոցով շաբաթական մեկ
անգամ: Այս բաց դասընթացները կնպաստեն հայրենագիտական առարկաներից ուսուցիչների գիտելիքների և հմտությունների բարելավմանը, մասնագիտական աճին և փորձառությանը: Առաջին առցանց դասին մասնակցում էին 50-ից ավելի ուսուցիչներ՝ սփյուռքից և Հայաստանից: Այն վարում էր մանկավարժ, պատմաբան Աշոտ Ղուկասյանը: Դասախոսությունը նվիրված էր հայկական լեռնաշխարհին և նրա բնական հրաշալիքներին:
Դասախոսությունների առաջին շարքը նախատեսում է 15 թեմա (30 դասաժամ): Նախապես գրանցված և դասախոսությունների ամբողջական շարքին մասնակցած, ինչպես նաև դասընթացից հետո առաջադրանքներ կատարած ուսուցիչներին տրամադրվելու է համապատասխան վկայական՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչության և ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:
Բացի բուն դասախոսությունից կայքէջը պարունակելու է լրացուցիչ տեղեկություններ ներկայացված թեմաների վերաբերյալ, որոնք կարող են մեթոդական օժանդակ նյութ հանդիսանալ ուսուցիչների համար:
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆ