
Վերջերս Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Դոնի Ռոստովի տարածաշրջանի Սուրբ Խաչ եկեղեցու կի-րակնօրյա դպրոցի հայերենի կրտսեր խմբի աշակերտները (Ուսուցչուհի` Արմինե Ղազարյան) իրենց ուսուցչուհու և ծնողների ուղեկցությամբ այցելեցին Մյասնիկյանի շրջանի Չալթր գյուղի պատմաազգագրական թանգարան` մասնակցելու երկու կարևոր բաց դասի՝ «Դոնահայերի ազգային խոհանոցը» և «Հայրենական պատերազմի հենց առաջին օրը» թեմայով: Էքսկուրսիայի շրջանակներում աշակերտները ծանոթացան Հայրենական մեծ պատերազմի պատմության հերոսական էջերին՝ լուսանկարներով, փաստաթղթերով, թանգարանի ցուցադրությունում ներկայացված իրական առարկաներով: Հայրենասիրական դասին հիշեցին և շնորհակալություն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր իրենց աշխատանքով և խիզախությամբ անգնահատելի ներդրում են ունեցել Մեծ հաղթանակի գործում, ովքեր իրենց կյանքի գնով կատարել են սուրբ պարտքը՝ պաշտպանելով իրենց հայրենիքը:
Այնուհետև թանգարանի աշխատակիցները ներկայացրեցին դոնահայերի խոհանոցի առանձնահատկությունները և անչափ հետաքրքիր վարեցին փուռի սամսա կարկանդակի պատրաստման վարպետության դասը:

Երեխաները հաճույքով լսեցին դոնահայերի խոհանոցի գաղտնիքները ներկայացնող թանգարանի աշխատակցուհուն, դիտեցին տեսահոլովակ, այնուհետև մեծ ոգևորությամբ սկսեցին պատրաստել փուռի սամսան: Վերջում՝ երեխաներն իրենց ձեռքով պատրաստած կարկանդակը համտեսեցին:
Շնորհակալություն թանգարանի աշխատակիցներին՝ հետաքրքիր և ուսուցանելի դասեր կազմակերպելու համար:
Աիդա ԱԶՆԱՎՈւՐՅԱՆ