nnao
Нахичеванская-на-Дону армянская община

(Բաց դաս՝ նվիրված մայրաքաղաք Երևանին)

Նոյեմբերի 23-ին Դոնի Ռոստովի Երեխաների և երիտասարդների ստեղծագործական պալատի «Արևիկ» հայերենի խըմբակի սաների մասնակցությամբ թիվ 75 հանրակրթական դպրոցում անցկացվեց բաց դասմիջոցառում՝ «ԱՄԵՆ ՀԱՅԻ ՀՈւՅՍԻ ՏՈւՆ, ԵՐԵՎԱ՛Ն» խորագրով (ուսուցչուհի՝ Ծ. Սարգսյան): Դասին ներկա էին նույն կառույցի սոցիալհումանիտար բաժնի ուսումնական գծով մեթոդիստ Յ. Պոնեդելկոն, հայոց լեզվի ուսուցիչներ Ա. Հովսեփյանը, Ա. Ղազարյանը և Ա. Գրիգորյանը: Դասարանը կահավորված էր թեմային համապատասխան` երևանյան կոլորիտով ու դիդակտիկ նյութերով: Դասն անցկացվեց ուսուցման «դերային խաղ» մեթոդով, որն աշակերտներին հնարավորություն է տալիս մատուցվող նյութն ավելի մատչելի և տեսանելի դարձնել:

 «Հայրենի հողն ունի հզոր հոգևոր ուժ և առանց այդ հոգևոր կապի անհնար է գտնել  սեփական ես-ը և կյանքը»

Մ.Սարյան

— Սիրելի՛ երեխաներ, այսօր բոլորս ճանապարհորդ ենք և մտովի մեկնում ենք հիասքանչ ճանապարհորդության՝ դեպի մեր երկրի սիրտը, դեպի Հայաստանի մարաքաղաք Երևան: Երևանում կունենաք մի քանի կագառ՝ տեսարժան վայրեր, Պատմության փողոց, Գույների փողոց և, իհարկե, այսպիսով կբացահայտենք Երևանը:

Քեզ միշտ սիրել եմ, իմ հարազատ ընկեր,
Քեզնով ապրել եմ, Քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևա՛ն,
Ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն:

                                          Վ. Հարությունյան

Երևանը 2807 տարեկան է: Այն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է 1918 թվականից: Երևանն այն քաղաքն է, որտեղ կարելի է ջուր խմել ցայտաղբյուրից, վայելել արևահամ մրգերն ու տեսնել աշխարհի ամենահին բերդերից մեկը՝ Էրեբունին: Ըստ պատմական տվյալների՝ Երեվանը 29 տարով մեծ է Հռոմից: Երևանն այն բացառիկ քաղաքներից է, որն ունի իր «ծննդյան վկայականը»: Հիմնադրվել է Արգիշտի 1-ին թագավորի կողմից ( մ.թ.ա. 782 թվականին) և անվանվել Էրեբունի: Այժմ հին բերդաքաղաքի ավերակների վրա Էրեբունու արգելոցթանգարանն է: 1950 թվականի հնագիտական աշխատանքների ընթացքում Արին-Բերդ բլրի վրա գտնվել է Էրեբունու հիմնադրման առիթով կանգնեցված սեպագիր արձանագրությունը, ինչը ապացուցում է Էրեբունու գտնվելու ըստույգ վայրը։ Սալաքարի վրա գրված է. «Խալդ աստծո զորությամբ Արգիշտիս՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեցի և անվանեցի Էրեբունի՝ ի հզորություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թըշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր…» Ահա և մեր ինքնաթիռը.

— Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն:

Հարգելի՛ ուղևորներ, մեր ինքնաթիռը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում: Երևանը ողջում է ձեզ: Հաճելի հանգիստ և բարի ժամանց:

Զբոսավար Միլենան դիմավորում է հյուրերին (Էլեն, Էմմա) և առաջարկում ծանոթանալ Երևանի պատմությանը, այցելել քաղաքի տեսարժան վայրեր և օգտվել հայկական հյուրասիրությունից: Մենք հանդիպեցինք Արգիշտի թագավորին, Երևանին նոր տեսք ու շունչ տված ճարտարապետ Ալ. Թամանյանին, Հանրապետության հրապարակում հիացանք վարդագույն տու-ֆից կառուցված շենքերով, սառնորակ ցայտաղբյուրներով, լսեցինք լույսերով ողողված երգող ու պարող շատրվաններին: Մագաղաթյա հին ձեռագրերը իրենց դարավոր պատմությամբ մեզ տարան Մատենադարան ու զարմացրին հայկական որդան կարմիրով, իսկ մարդկության պատմության ամենամեծ չարիքի՝ Եղեռնի զոհերի հուշահամալիր Ծիծեռնակաբերդը, դիմավորեց մեզ լուռ ու խոնարհ, բայց միշտ խոսուն ու արդիական՝ «Հիշում ու պահաջում ենք» կարգախոսով: Կասկադն էլ իր նոր տեսքով մեզ հնարավորություն տվեց բարձունքից հիանալու հավերժական Արարատով:

Հնչում է քաղաքի հիմնը, և Արգիշտի թագավորը (Արսեն) բոլորին տեղափոխում է պատմական անցյալ, իսկ նոր ու բարեկարգ Երևանի հատակագիծը ներկայացնում է Ալ. Թամանյանը (Էդուարդ): Այստեղ բարեկամաբար մեկմեկու ձեռք են սեղմում հին և նոր երևանցիները (Ալլա, Դավիթ, Արամ, Կարինա, Արեգնազ, Ավետիք, Ֆենյա, Նարե):

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՛ն…

                                                                   Պ. Սևակ

Հետո հերթով անձնավորվում են Հանրապետության հրապարակը (Անուշ), Մատենադարանը (Ելիզավետա), Ծիծեռնակաբերդը (Էրիկ), Կասկադը (Արտյոմ), զրույցի բռնվում հյուրերի հետ, ներկայացնում հետաքրքիր փաստեր:

Էքսկուրսիան շարունակվում է: 

Հե՜յ, ջա՜ն, Երևան, ինչքա՜ն սիրուն ես:

Սակայն քաղաքը միայն տեսարժան վայրերով չէ, որ պետք է ճանաչել: Երևանը մեր պատմությունն է, մշակույթը՝ ապրող և արարող մարդկացով, դարերով եկած ավանդույթներով ու սերնդեսերունդ փոխանցվող արժեքներով: Պատմության փողոցում հնչում է հայկական ավանդական քոչարին և յարխուշտան (պարում են երեխաները), իսկ Երևանին նվիրված բազմաթիվ բանաստեղծությունները մեծ ու անսահման սիրո ապացույցն են. Երևանը սիրո քաղաք է…

Այնպես քնքուշ, այնպես զվարթ
Ժպտում ես դու, մե՛ր Երևան,
Երկինքդ պարզ, արևն առատ,
Քո ջուրն անուշ ու գլգլան:
Ուրա՛խ նայիր գալիք օրվան,
Շողա՛, ծաղկիր, իմ Երևան:

                                              Սարմեն

Գույների փողոցում ենք: Օ՜, որքան խայտաբղետ են քաղաքի գույները, որքան տարբեր, հազար գույնի զարդեր կապած՝ շողում է նա ամառձմեռ: Հանճարեղ նկարիչ Մ. Սարյանի տաք ու արևավառ գույներից մինչև հասարակ ծաղկավաճառ Կարաբալայի փնջերը, «Վերնիսաժ»-ում ցուցադրվող արվեստի ու արհեստների աչք շլացնող երանգներից մինչև յուրահատուկ փայլ հաղորդող հայկական ուտեստները՝ սուրճի անուշ բույրը, ավանդական գաթայի ու կարմաթուշ լավաշի հոտը, հյուրընկալ ու սրտաբաց երևանցու ժպիտը, քաղցրահամ ջուրը, աչք շոյող նուռը: Հետո հյուրասեր տանտիկինը (Միլենա) սիրով սուրճի է հրավիրում, ու հնչում է երգը.

Երևանում տոն է, թող բոլորը գան,
Օդը հրաշալի է, ջուրն անմահական:
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ,
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

Երեխանե՛ր, մեր ճանապարհորդությունն ավարտվեց: Ու բոլորս միաձայն ասում ենք.

— Մինչ հանդիպում, մեր սրտի՜ քաղաք, մեր կարո՜տ, Երևա՜ն, ամեն հայի հույսի տուն, Երևա՛ն…

Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *