
Տարեվերջին Ռոստովի մարզում գործող հայերենի կիրակնօրյա դպրոցներում, հիմնական դպրոցներին կից խմբակներում, գրադարաններում գործող ակումբ-ներում ամանորյա և սուրբծննդյան հաճելի եռուզեռ էր: Ուսուցիչների, երեխաների, ծնողների ջանքերով ամենուրեք տոնական միջոցառումներ էին` հայկական ամանորյա ավանդույթների ու սովորույթների մասին բաց դասերով, երաժշտական ու պարային կատարումներով, հայկական խոհանոցի առատ բարիքներով:
Ուսուցիչները պատրաստել էին Կենաց ծառեր, կազմակերպել էին վարպետության դասեր, խաղեր, վիկտորինաներ: Բաց դա-սերի շրջանակում ներկայացրեցին հին հայկական Նոր տարվա ավանդույթները` Կաղանդից մինչև Ամանոր, ով էր Կաղանդ պապը, ինչպես են զարդարել տունը, ինչ են դրել սեղանին, ինչ են նվիրել միմյանց և այլն:
Երեխաները հարստացրեցին իրենց գիտելիքները հայ ժողովրդի ամենաընտանեկան, ամենասպասված և ամենաուրախ տոնի մասին և բարձր տրամադրությամբ դիմավորեցին 2023 թվականը:
Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ,Թող 2023-ը լինի խաղաղության, առողջության, հաջողության, բարեկեցության, վերելքի ու զարգացման տարի: Թող հարատևի մեր Մայր Հայրենիքը, հայ ժո-ղովուրդը` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:





