Անհիշելի ժամանակներից սիրված ու սպասված տոնը՝ Ամանորը, մենք՝ հայերս, նշել ենք մեծ որախությամբ ու հրաշքի սպասումով: Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլի, Ամանոր, Նոր տարի:
Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել է, սակայն դա չի խանգարել տոնն ընտանեկան ու ջերմ մթնոլորտում անցկացնելուն: Այո, փոխվել են ժամանակները, բայց հայ ազգը սիրով ու հավատարմությամբ պահել ու սերնդեսերունդ փոխանցել է իր ազգային ավանդույթներն ու սովորույթները:
Այսօր էլ, օտար հողում ապրելով, մենք սերունդներին ենք փոխանցում մերը, ազ-գայինը, ավանդականը, մեր նախնիներինը: Ընտանեկան այս սիրելի տոնի անբաժան մասն է կազմում տոնական սեղանը, որի շուրջ անպայման հավաքվում են մտերիմ ու հարազատ մարդիկ: Հնչում են բարեմաղթանքներ, որոնք պիտի մեզ ուղեկցեն ողջ տարվա ընթացքում՝ սեր, միասնություն, հավատարմություն, ներողամտություն:
Ազգային բարիքներով լեցուն սեղանը մեզ ժպտում է իր անուշահամ ուտեստ-ներով, որ պատրաստում են մեր մայրիկներն ու տատիկները:
Ահա այսպիսի ջերմ ու ընտանեկան մթնոլորտ էր Դոնի Ռոստովի կիրակնօրյա դպրոցի «Արևիկ» խմբակի սաների մոտ: Ամանորյա տոնական սեղանը զարդարված էր բազմատեսակ ավանդական ուտեստներով՝ քաղցրահամ գաթաներ, խաղողի թփով տոլմա ու տնական հալվա, հայաստանյան արևաբույր մրգերից պատրաստված չրեր ու ընկույզով շարոցներ, Արցախի զարդ ժինգյալով հաց, մեղրածոր փախլավա ու Նոր Նախիջևանի խոհանոցից ձալձու (կաթնաշոռով, պանրով հաց) և բադամեզե (թխվածքաբլիթ) ու էլի շատ համեղ բաներ:
Բոլորն անհամբեր սպասում էին տարեհաց-գաթայի կտրելուն, որով որոշվում էր տարվա «հաջողակը»: Ահա՛, երկու հաջողակներ գտան իրենց «դովլաթը»՝ խորհրդանիշ — հաջողությունը:
Երգ, պար, խաղեր, հյուրասիրություն, տոնական տրամադրություն ու լավագույն ուտեստի մրցանակաբաշխություն — սա էր դասմիջոցառման նպատակը, որին սիրով մասնակցում էին ոչ միայն երեխաները, այլև ծնողներ, տատիկներ, ուսուցիչներ:
Միջոցառման հյուրն էր Դոնի Ռոստովի երկարամյա մանկավարժ, գրող Ալեքսանդրա Սիմավոնյանը, ում ելույթն ու գեղեցիկ կատարումները սիրով ունկընդ-րեցին ներկաները:
Օրն անմոռանալի էր ու խորհրդանշական: Մի օր էլ օտար հողում զգացինք ու վայելեցինք մերը՝ հայկականը, Հայաստանի շունչն ու ոգին:
Ծովինար ՍԱՐԳՍՅԱՆ,
ուսուցչուհի