«Հուսո կամուրջ» հայկական խմբակի նախատոնական օրը (ուսուցիչ՝ Լուսինե Պետանյան) սկսվեց Ալ. Պուշկինի անվան մանկական գրադարանում գործող կրտսեր և միջին խմբերում անցկացվելիք բաց դասով։

Երեխաները պատրաստեցին ամանորյա խաղալիքներ՝ հայկական զարդանախշերով և դրանք մակագրեցին հայերեն մաղթանքներով։ Խաղմրցույթի միջոցով կըրկնեցին Ամանորին և ձմռանը նվիրված բառեր, որոնք սովորել էին նախօրոք։ Շատ հուզիչ էր Ձմեռ պապիկի մուտքը, քանի որ այն երեխաների համար անակնկալ էր։
Երեխաներն արտասանեցին հայերեն ոտանավորներ և ստացան Ձմեռ պապի պատրաստած նվերները։
Այնուհետև տոնական երեկոն շարունակվեց խմբակի ավագ խմբում՝ Դոնի Ռոստովի հայկական համայնքի հարազատ օջախում։
Միջոցառումը սկսվեց շատ խորհրդանշական։ Մասնակիցները կախարդական փայտիկի օգնությամբ հայտնվեցին «ինքնաթիռում», որը պետք է նրանց տաներ հայրենիք՝ Հայաստան։ Ինքնաթիռում նրանց համար ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ,
որը պատմում էր հին հայկական ավան-դույթների ու սովորությունների մասին։ Շատերն անկեղծորեն զարմացան, որովհետև շատ սովորույթներ նրանց համար բացահայտում էր։

Ինքնաթիռը վատ եղանակի պատճառով չէր կարողանում վայրէջք կատարել, իսկ ժամացույցի սլաքները անհամբեր սպասում էին իրենց մուտքին։ Ահա և վե՛րջ։
Ջրը՜նգ, զրը՜նգ ծոր էր տալիս ժամացույցի զանգը հպարտ և ինքնաթիռի սրահ ներս մտավ Ձմեռ պապը։ Նա իր հետ բերել էր գեղեցիկ հուշանվերներ՝ կանխատեսումների տեսքով։
Մթնոլորտը իսկապես տոնական էր։ Հնչեց հայ ուղեկցորդուհու հմայից ձայնը. «Հարգելի՛ ուղևորներ, ամրապնդե՛ք անվտանգության գոտիները, մեր «Հուսո կամուրջ» ինքնաթիռը հինգ րոպեից վայրէջք կկատարի Երևանում»։ Բոլորի աչքերում նկատվեց ուրախություն ու հուզմունք։ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին սպասում էր հաճելի անակնկալ։
Կաղանդ Պապը՝ ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպարը, իր օգնականների միջոցով բոլորին փոխանցեց ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն։ Կաղանդ պապի օգ-նականները բոլորին «առաջնորդեցին» հայկական գեղեցիկ մի օջախ, որտեղ երեկոն էլ ավելի թեժացավ արդեն բացառապես հայկական ճաշատեսակներով ու անուշեղեններով լի տոնական սեղանի շուրջ։ Գլխավոր կերակուրը կավե ամանում մատուցված հարիսան էր։

Խորհրդանշական էր Ամանորի նախաշեմին թխված Տարեհացի մատուցումը։ Նախ ընտրվեց ամենատարեց կինը, որը պետք է հին սովորույթի համաձայն, խմբի ամենափոքր տղայի մեջքին դրած կտրեր Տարեհացը՝ նրան մաղթանքներ ու օրհնանքներ տալով, որի մեջ «թաքնված էր»
կարմիր լոբու հատիկը՝ դովլաթը։ Տարեհացի կտորները բաժանելուց հետո, ով կգտներ իր բաժնի մեջ լոբին` նա էլ կհամարվեր գալիք տարվա հաջողակը։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց Կենաց ծառի պատրաստումը, որը կոչվել է նաև Կաղանդի ծառ։ Ներկաները, չխախտելով ավանդույթը, զարդարեցին Կաղանդի ծառը մրգերով, չրերով, ընկույզներով, տիկնիկներով, ասիլվասիլներով (մարդակերպ թխվածքներ), ինչպես նաև ցորենի հասկերով՝ որպես առատության նշան։ Ամանորին Կաղանդի ծառը կյանքի, բեղմնավորության, շարունակականության ու պտղաբերության խորհուրդն ունի։ Դրա առկայությունը տանը խորհրդանշում է, որ ընտանիքը դեռ ապրում է, դեռ բազմանալու է, քաղցրանալու, առատությամբ է լցվելու տունը։
Ու քանի որ մշակույթը կարծրացած չէ, ապա Կաղանդի ծառն էլ կարող է դառնալ մերօրյա, կրել մեր օրերի գաղափարներն ու զարդարանքի որոշ պարագաներ։ Եվ ուրեմն, հարգելի՛ հայրենակիցներ, դուք էլ պատրաստեք ձեր Կաղանդի ծառը և զարդարելիս մի՛ վախեցեք այն ձեր երևակա-յությամբ ներկայացնել։
Դարերի ընթացքում, իհարկե, շատ բան է փոխվել, բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված ու ամենաուրախ տոնն է։ Թող 2026 թվականի յուրաքանչյուր նոր պահ երջանկություն, հաջողություն, հարմարավետություն և ջերմություն բերի բոլորիս օջախներին: Մաղթում եմ, որ բոլոր նպատակներն իրականանան, խնդիրները լուծվեն, իսկ անակնկալները միայն հաճելի լինեն։ Թող այս տարին լինի ուրախ, անհոգ և բարեկեցիկ: Խաղաղություն ամբողջ աշխարհին և մեր Հայաստանին։
Լուսինե ՊԵՏԱՆՅԱՆ
