Անաստաս Սաֆարի Հակոբյանը ծնվել է 1961 թ. փետրվարի 16-ին Հայաստանի Հանրապետության Հոկտեմբերյանի (այժմ` Արմավիր) շրջանի Խանջյան գյուղում։

Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 1976 թ. ընդունվել է Հոկտեմբերյանի տեխնոլոգիական տեխնիկումի շինարարական բաժինը։ 1980 թ. գերազանցությամբ ավարտելով այն՝ ընդունվել է Դոնի Ռոստովի ինժեներաշինարարական ինստիտուտի գյուղական շինարարության բաժինը (РИСИ)։ 1985 թ. ավարտելով ինստիտուտը՝ գործուղվել է Ալթայի երկրամաս և այնտեղ երեք տարի աշխատել իր մասնագիտությամբ։ 1988 թ. նա վերադարձել է Հայաստան և աշխատել Բաղրամյանի շրջանի վիճակագրական վարչությունում որպես տնտեսագետ։ Սակայն, տարիներ անց, հանգամանքների բերումով կրկին վերադարձել է Դոնի Ռոստով և միչև այժմ ապրում և աշխատում է այստեղ։ Նրա բանաստեղծությունները տպագրվել են Դոնի Ռոստովի «Նոր դար», «Դոնի Նախիջեվան» հայկական թերթերում, ինչպես նաև Հայաստանի Արմավիրի «Հայրենականչ» թերթում։ Մի քանի բանաստեղծություններ, ռուսերեն թարգմանությամբ, տպագրվել են Ռոստովի մարզի այլ թերթերում և Դոնի բանաստեղծների «Весенние автографы» բանաստեղծությունների ժողովածուում։ 2017 թ. լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Կարոտ» վերնագրով, իսկ 2023 թ., երկրորդ ժողովածուն` «Հոգու ծիածան»-ը։
Հեղինակի ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացված բնությանը, իր բոլոր դրսևորումներով։ Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ նա որոշ ժամանակ ապրել է Սիբիրում և հիացել այնտեղի բնության գեղեցկությամբ։
Հեղինակի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է զբաղեցրել մայրության թեման։ Նրա կարծիքով, մայրը սրբություն է՝ տրված Աստծո կողմից։
Անաստաս Հակոբյանի համար ամենակարևոր թեմաներից է մարդու կյանքի իմաստավորումը։ Նա փորձել է պատասխանել հավերժական հարցերին. ինչո՞ւ է մարդ գալիս աշխարհ, ինչո՞ւմ է կայանում նրա դերը, ինչո՞ւ չի ապրում իր սրտի թելադրանքով, այլ ենթարկվում է ամենօրյա հանգամանքների պահանջներին։
Այժմ ներկայացնում ենք հեղինակի ստեղծագործություններից մի քանիսը, որոնք գրվել են վերջին ամիսներին։

ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՍՐՏՈւՄ
Հայաստանն է մեր բոլորի սրտում,
Որտեղ էլ ապրենք այս արևի տակ,
Նույնիսկ անհամար հոգսերի դեպքում
Անկարելի է մոռացության տալ,
Մտքից հանել սուրբ հայրենիքը մեր
Որևէ պահի, ինչ էլ պատահի,
Իր խինդ ու ցավին լինել անտարբեր,
Այդ հավասար է հոգեկան մահի։
Երբեք չի կարող լինել երջանիկ
Այս լույս աշխարհում որևէ մի մարդ,
Ով կմոռանա իր Մա՛յր Հայրենիքն։
Բերք չի տա երբեք ծա՛ռը անարմատ։
Մայր Հայաստանն է բոլորի սրտում,
Ով գտնվում է նրանից հեռու,
Շատերն այդ մասին չեն արտահայտվում,
Սիրտը խոսում է, իսկ իրենք` լռում։
Սեր չեն խոստանում բառերով սերտած,
Դրա կարիքը բնավ էլ չկա,
Այլ խորաթափանց հայացքով, սրտանց,
Երբ աչքերին են նայում աղջկա։
Հայրենիքին էլ սեր չեն խոստանում,
Այլ ցավն են կիսում կրած հարվածի,
Իսկ հաջողությամբ իր հպարտանում,
Պահպանում գիրը, լեզուն հայեցի։
Մայր Հայաստանն է բոլորիս սրտում,
Մեր արյան հետ է մերվել դարեդար,
Հայապահպանման փրկարար մարտում
Հաղթանակ է պետք, պայքար անդադար։
2026 թ.
ԵԿԵՔ ՍԹԱՓՎԵՆՔ
Բարեկամներ, եկեք մի պահ
Հեռախոսներս անջատենք,
Ժամանակի վազքն անհապաղ
Դանդաղեցնեք, լուրջ դատենք:
Սթափվենք ու խորհենք հանգիստ
Թե այս ո՞ւր ենք շտապում,
Կյանքն այս ունի՞ ինչ որ իմաստ,
Արդյոք ո՞վ է ստիպում:
Որ վերածենք մրցարշավի
Կյանքի երթն անդադար։
Մենք դրանից ի՞նչ ենք շահում,
Որ վատնում ենք զուր մեր դարն։
Անվերադարձ անցնում, գնում,
Հեռանում ենք անհամբեր,
Կարծես մահից ենք ուշանում,
Պետք է արդյո՞ք շտապել։
Գիշեր-ցերեկ մեր աչքերից
Հեռախոսն է անպակաս,
Դարձել է այն մի մեծ չարիք,
Դարձել է մեզ պատուհաս։
Այդ պատճառով մենք շտապում,
Թողած կյանքը իրական,
Իր էկրանին ենք շուտ հպվում,
Չենք բաժանվում գե՛թ վայրկյան։
Չենք նկատում արևի լույսն,
Չենք զմայլվում աստղերով,
Կախարդա՞նք է սա, թե՞ հիպնոս,
Ինչպե՞ս հասանք այս օրին։
Էլեկտրական կյանք է մեր շուրջ՝
Գեղեցիկ, բայց անհոգի,
Մենք էլ ասես լինենք անշունչ,
Իրավազուրկ ինչ-որ իր։
Բարեկամներ, եկեք հաճախ
Հեռախոսներս անջատենք,
Ասենք, խոսենք, շփվենք ուրախ,
Մեզ մա՜րդ զգանք վերջապես։
Բաց աչքերով, անմիջական
Նայենք կյանքին, աշխարհին։
Դարդ չի լինի, մա՜հն էլ երբ գա,
Երբ ավարտվի մեր ուղին։
ԱՊՐՈւՄ ԵՆՔ ԿԱՐԾԵՍ…
Ապրում ենք կարծես, բայց միշտ սպասում ինչ-որ հրաշքի,
Որ պիտի փոխի կյանքը մեր ներկա
Եվ հավատում ենք փոքրիկ մանկան պես,
Որ այդ բաղձալի պահը պիտի գա։
Սակայն անցնում են տարիներն անդարձ,
Կյանքն է ընթանում անփոփոխ հունով։
Երկվորյակների նման են անցած
Եվ ներկա օրերը բոլոր` հին ու նոր։
Ոչինչ չի փոխվում մեր կյանքում բնավ,
Կրկնօրինակն է ներկան անցյալի,
Բայց շտապում ենք դարձյալ` ես, դու, նա
Մեզ հասանելիք ուղին անցնելու։
Ապրում ենք կարծես, բայց միշտ սպասում ինչ-որ հրաշքի,
Որ պիտի փոխի կյանքը ապագա
Եվ հավատում ենք դեռ հիմարի պես,
Որ այդ բաղձալի պահը պիտի գա։
ՓՈՂԸ
Աստղերն են նայում բոլոր կողմերից
Երկրի ընթացքին՝ համաչափ, հանդարտ,
Ողջ տիեզերքի անհուն խորքերից
Ուսումնասիրում կյանքն իր անընդհատ։
Ու չեն հասկանում արարքը մարդկանց.
Ինչո՞ւ չեն ուզում խաղաղ գոյակցել,
Կռիվ են մղում, խոցում միմյանց,
Ատելությունն է նրանց կուրացրել։
Դարերը հերթով եկան ու անցան,
Գիտությունն ապրեց մեծ առաջընթաց,
Բայց մարդկանց վարքին դա չանդրադարձավ.
Ձևը՝ փոփոխվեց, բնույթը՝ մնաց։
Պատճառը փոխվեց լոկ կռիվների.
Սկզբում հողն էր, արծաթը, ոսկին,
Իսկ հիմա՝ փողն է, փողն է կուռքն իրենց,
Որով գնում են և՛ հո՛ղ, և՛ ոսկի։
Որքա՞ն չարիքներ այս Երկրի վրա
Գործեցին մարդիկ՝ ագահ, ընչաքաղց,
Որ գանձ ձեռք բերեն, ոսկի կամ դրամ,
Բայց շուտով դարձան ստրուկը նրանց։
Մարդը ծառայեց իր ստեղծածին՝
Մետաղին փայլուն, թղթի կտորին,
Խոնարհվեց, պաշտեց, ինչպես Աստվածի,
Դատարկվեց հոգին իր տարեցտարի։
* * *
Փողը գործում է միշտ գաղտագողի.
Սիրտն է թափանցում, պղծում է հոգին,
Կյանքն է ուղղորդում իր ճանկն ընկնողի,
Ծառայեցնում է իր նպատակին։
Այդ պահից մարդը ինքն իր տերը չէ,
Դառնում է փողին հլու-հպատակ,
Փողն է թելադրում, պարտադրում արդեն,
Թե ինչպե՞ս ապրի այս արևի տակ.
Ո՞ւմ ընկերանա, ո՞ւմից բաժանվի,
Ո՞ր շրջապատն է իրեն ձեռնտու,
Ո՞ւմ հետ քեֆ անի, պարպի բաժակն իր,
Նստի, վեր կենա, հրավիրի տուն։
Եվ ճանապարհին եթե կտեսնի,
Որ ետ մնացին՝ ընկեր, բարեկամ,
Պիտի մոռանա նրանց, անտեսի,
Որ բեռ չդառնան իրեն ինքնակամ։
Անաստաս ՀԱԿՈԲՅԱՆ