(Գործն է անմահ, լավ իմացեք…)

Սույն թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Անապայում, թումանյանական օրերին ընդառաջ, կայացավ համառուսաստանյան «ԱՐՏԱՇՈւՆՉ» թատերական արվեստի IV փառատոնմրցույթը: Փառատոնը կազմակերպել էին Անապայի Ն.Ա. Իսպիրյանի անվան հայկական ազգային մշակույթի կենտրոնը (Նախագահ` Ռուսլան Կագրամանյան), «Арт-Планета» մշակութային և ստեղծագործական զարգացման կենտրոնը (Տնօրեն՝ Կարեն Սաքանյան) և Տիգրան Ավդալյանի անվան «ՄՈւՇ» արվեստի կենտրոնը (Տնօրեն՝ Կարինե Փիլոյան):

Այսօր մեր զրուցակիցն է «Արտաշունչ» փառատոնի հիմնադիր Կարինե Փիլոյանը:

— Հարգելի տիկին Փիլոյան, ո՞րն էր ձեր ոգեշնչման աղբյուրը «Արտաշունչ» փառատոնը հիմնելիս:

— Սերնդակիցներիս շատերի նման՝ թատրոնն իմ սերն է: Ժամանակին առաջարկություն է եղել աշխատել անգամ թատրոնում, բայց նախընտրեցի դպրոցը, և երբեք չէի պատկերացնում, որ ամբողջ ընտանիքով պիտի ծառայենք թատրոնին: Այսօր մենք ունենք մեր պատրանքի թատրոնը, որի բեմական գործունեության 40-ամյակը պիտի նշենք այս տարի:

Իմ մանկական հիշողությունների մեջ մնացել է «ամենալավ թատրոնը»՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկականը, որի հյուրախաղերը երկու անգամ կազմակերպեցինք Անապայում, իսկ մեր փառատոնի կազմակերպման գաղափարը ծնվեց հանկարծակի: Դրա անցկացման համար կային բոլոր նախադըրյալները՝ երիտասարդական թիմ, որը հաճախ էր կազմակերպում գրական երեկոներ ու փոքրիկ ներկայացումներ, հմուտ ռեժիսոր՝ Կարեն Սաքանյանը, և, անենակարևորը, մեծ ցանկություն՝ թատերական արվեստի միջոցով հայ երեխաներին կապել մեր գրականության հետ:

— Ինչպե՞ս ծնվեց փառատոնի անվանումը և ո՞րն է դրա խորհուրդը:

— Անվանման մտահղացումը մեր երիտասարդական կազմակերպության տաղանդավոր ու ակտիվ անդամներից մեկինն է՝ Սյուզի Մինասարյանինը, իսկ խորհուրդը՝ հայ թատերական արվեստի շունչն է, հոգեշունչ ու մշակութային մթնոլորտը:

— Ո՞րն է փառատոնի հիմնական նպատակը:

— Առաջնահերթ նպատակը հայոց լեզվի ու գրականության պահպանում է Սփյուռքում, ինչպես նաև՝ նպաստել երեխաների և երիտասարդների ստեղծագոր-ծական ունակությունների զարգացմանը, թատերական արվեստի շնորհիվ սեփա-կան ժողովրդի հոգևոր մշակույթի ու պատմական ժառանգության հանդեպ վերաբեր-մունքի ձևավորմանը:

— Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել նախնական դժվարությունները:

— Առաջին փառատոնն անցկացվեց 2023 թվականի մարտի 23-ից 27-ը՝ Երևանում անցկացվող թումանյանական օրերին ընդառաջ, և մասնակիցներից պահանջվեց առանձին անվանակարգով ներկայանալ մեր մեծ բանաստեղծի ստեղծագործություններով: Նման կարգի ցանկացած առաջին նախաձեռնության համար ամենադժվարն, անշուշտ, մասնակիցների քանակի ապահովումն է: Այս հարցը լուծվեց Դոնի Ռոստովի հայերենի հրաշալի ուսուցչուհիներ Արմինե Ղազարյանի, Արմինե Հովսեփյանի, Ծովինար Սարգսյանի շնորհիվ, որոնք արդեն մասնակցել էին մեր նախաձեռնություններից մեկին՝ «Հայերենի ուսուցում ծովափնյա հանգստով» ճամբարին: Ռոստովցի ռեժիսոր Սամվել Զաքարյանի (ցավոք, այսօր արդեն լուսահոգի) բեմադրությամբ՝ թումանյանական երեք ներկայացումն էլ ունեցան հաջողություն՝ վայելելով հանդիսատեսի մեծ համակրանքը: Բեմական խոսքի, ասմունքի գեղեցիկ կատարումներով հանդիսատեսի ջերմ ծափերին արժանացան հայոց լեզվի ուսուցիչներ Արև Բալայանի (Նովոռոսիյսկ) և Արշալույս Երեմյանի (Կրասնոդար) սաները:

— Ինչպե՞ս է փառատոնը փոխում համայնքների մշակութային դիմագիծը:

— Փառատոնի շնորհիվ համայնքը դառնում է ավելի նկատելի, մեզ սկսում են ճանաչել այլ քաղաքներում, մենք ևս ծանոթանում ենք այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Այն նաև հա-մայնքները միավորող օղակ է Սփյուռքում:

— Ո՞րն է փառատոնի զարգացման ձեր տեսլականը:

— Տարեցտարի մասնակիցների քանակը և ներկայացումների բարձր որակը խոսում են փառատոնի հետաքրքրութ-յունների շրջանակի ընդլայնման մասին:

Ցանկությունս է, որ այն դառնա միջազգային, և բեմահարթակում տեսնենք ավելի գեղեցիկ ներկայացումներ մայրենի լեզվով: Իսկ մենք կաշխատենք խմբեր հրավիրել նաև Մայր Հայրենիքից:

— Հարգելի տիկին Փիլոյան, վստահ ենք, որ ձեր հայանվեր աշխատանքի շնորհիվ, մոտ ապագայում «Արտաշունչ»-ը կդառնա հայ համայնքների մշակութային համախմբման կենտրոն:

Զրուցեց Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Երազիկ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ, բանաստեղծուհի

Ասեմ, որ «Արտաշունչ» փառատոնով ես հիացած և ոգևորված եմ հենց առաջին իսկ միջոցառումից, որովհետև նման նախագծի կարիքը կար։ Թատրոնը մի կախարդական աշխարհ է, մի բազմագույն իրական հեքիաթ, և, ընդհանրապես, արվեստի տարբեր միջոցները ոչ միայն նպաստում են լեզվի զարգացմանը այլև լեզվի հետ զուգահեռ միջոց են դառնում ուսուցչի ձեռքերում՝ պահպանելու հայկական ինքնությունը, հայի տեսակը։ «Արտաշունչը» մեր ուսուցիչներին և աշակերտներին հնարավորություն է տալիս դուրս գալ հայոց լեզվի դասի շրջանակներից, ստեղծել հետաքրքիր էտյուդներ, ներկայացումներ, բեմ բարձրացնել մեր ծեսերն ու խաղերը։ Այս ամենի մեջ մի այլ կերպով է ինքնադրսևորվում աշակերտը, պատանին։ Բեմը՝ որպես մշակութային ամենաոգևորիչ գործիքներից մեկը, բացում է շատ ու շատ թաքնված շնորհներ երեխայի մեջ և ներշնչում է մեծ խանդավառություն։ Ես անգամ կե-տերով կարող եմ նշել այս փառատոնի արդյունքները։ Այն նախ մերձեցնում է մեր երեխաներին՝ թատերական հրապուրիչ արվեստին, 2-րդ. մեր տեսակի պահպանման համար անսահման կարևոր են հայ գրական գործերի, ավանդական ծեսերի և բանահյուսական նյութերի բեմականացումները երեխաների ուժերով, ինչին ականատես ենք լինում ամեն անգամ, 3-րդ. լեզուն բեմական խոսքի միջոցով ավելի հեշտ է բացվում, և ավելի հրապուրիչ է հնչում, ու սա ևս մեկ շարժառիթ է՝ հայերեն խոսելու և հայերենով արտահայտվելու համար, 4-րդ.

այս ամենամյա փառատոնը հնարավորություն է տալիս տարբեր քաղաքների ուսուցիչների, պատանիների և երեխաների՝ ծանոթանալ միմյանց հետ, մըրցակցել, համեմատվել իրենց հայեցի գիտելիքներով, 5-րդ. ուսուցիչներին հնարավորություն է տալիս ցուցադրել իրենց աշխատանքները, որ երբեմն այնքան լուռ, այնքան անտեսված և այնքան համեստ  են անում, որ ահա նման միջոցառումները ևս մի խթան, խանդավառություն են նրանց համար, նաև հետաքրքիր հարթակ՝ իրենց աշխատանքը ուրիշներին ցուցադրելու, և դրանից ավելի մեծ լիցքեր ստանալու համար… Ինքս էլ ամբողջ տարին մեծ ոգևորությամբ սպասում եմ, թե ինչ նոր հետաքրքիր դրսևորումներ եմ տեսնելու բեմի վրա, ինչ նոր շնորհներ եմ մատնանշելու մեր սաների և ուսուցիչների մեջ։

Բոլոր առումներով «Արտաշունչ» փառատոնը նոր երևույթ է, նոր ուղղություն, սա Կարինե Փիլոյանի և իր համախոհների ջանքերով բացված մի նոր արահետ է, որով դեռ երկար քայլելու են Ռուսաստանի հայկական աշխարհում։ Մաղթում եմ բարգավաճում, զարգացում, նոր գաղափարներ և ուղղություններ։

Կարինե ԵՍԱՅԱՆ

Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ կրթության բաժնի վարիչ

Այո՛, «Արտաշունչ»-ի ժյուրիի անդամ-ներից եմ և մեծ սիրով եմ մասնակցում փառատոնին:

Մշակութային փառատոնների անցկացումը կարևոր նշանակություն և դեր ունի հայրենիքից հեռու ապրող հայ երեխաների դաստիարակման գործում:

Այն տոն է հայ մանուկների և երիտա-սարդության համար, մշակութային և ազգային ոգու արթնացման տոն: Նման տոներն ունեն խորը ազդեցություն երեխաների ստեղծագործական ու մտավոր կարողությունների, ինչպես նաև հայեցի մտածողության ձևավորման գործում, ծանոթացնում և մոտեցնում են հայ մշակույթին՝ փրկելով այն մոռացության փորձությունից: Երեխաները ձեռք են բերում նոր ընկերներ, որոնց կապը լինում է շարունակական՝ ամուր պահելով հայկական միջավայրի շփման շրջանակը:

Կարծում եմ, որ ժամանակն է ընդլայնել փառատոնի «աշխարհագրությունը»: Բոլորիս հորդորով և «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյանի ջանքերով՝ հաջորդ տարի, կարծում եմ, փառատոնը կլինի միջազգային մակարդակի: Այո, շատ դժվար գործ եմ առաջարկում, բայց՝ իրագործելի և իրատեսական:

Գիտեք, շատ դժվար է այն հարցին պատասխանել, թե որն է լավագույն համարը, քանի որ բեմի վրա ոչ թե պրո-ֆեսիոնալ դերասաններ են, այլ հայկական կրթական դպրոցի սաներ: Յուրաքանչյուր բեմականացում հետաքրքիր էր յուրովի: Բայց ինձ շատ դուր եկան Չալթրի թիվ 1 դպրոցի և Մոսկվայի «Գտնված երազ» ստուդիայի սաների ելույթները:

Հիացած եմ նաև Սլավյանսկ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սան Գարիկ Մկրտչյանի ասմունքով:

Կե՛ցցեն և՛ փառատոնի կազմակերպիչները, և՛ մասնակիցներն ու նրանց ուսուցիչները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *