Արդեն երկրորդ տարին է, ինչ Ռոստովի հայ համայնքին կից կիրակնօրյա դպրոցի աշակերտները, լրացուցիչ կրթության «Արևիկ» հայերենի խմբակի սաները (ուսուցչուհիներ՝ Արմինե Հովսեփյան, Ծովինար Սարգսյան) մասնակցում են «Էյ Թի Փի» հայ — ամերիկյան բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող բնապահպանական դասերին, որը վարում է Ծովինար Սարգսյանը:

Այս անգամ բնապահպանական բաց դասը նվիրված էր պլաստիկին, պլաստիկից շշերին ու թափոններին: Ուսուցչուհին աշակերտներին բաժանեց հիմնադրամի ուղարկած մայկաներն ու բուկլետները, պատմեց պլաստիկից իրերի, մեր կենցաղում դրանց լայն գործածության մասին: Ծովինար Սարգսյանը նաև ասաց, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է և գոյություն ունեն բնական այլընտրանքային լուծումներ:

Պլաստիկ թափոնը, լինի գետում, օվկիանոսում, թե ցամաքում՝ դարերով կարող
է պահպանվել և եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2050 թ. օվկիանոսները կարող են պարունակել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ: Այն նույն հատ կանիշները, որոնց շնորհիվ պլաստիկն ունի մեծ կիրառություն, այն է՝ երկարակեցությունը և քայաքայման նկատմամբ կայունությունը, պատճառ են հանդիսանում բնության մեջ վերջիններիս ամբողջական քայքայման անհնարինությանը: Պլաստիկ առարկաներից շատերը ամբողջությամբ չքայքայվելու արդյունքում գնալով փոքրանում են և հաճախ սննդի հետ յուրացվում կենդանիների և ձկների կողմից:

Ներթափանցելով ջրատար համակարգ՝ պլաստիկ թափոնները և հատկապես պլաստիկ տոպրակները բարձրացնում են վարակիչ հիվանդությունների տարածման հավանականությունը: Բարեբախտաբար աշխարհն արդեն հասցեագրել է այդ մարտահրավերը և կառավարությունները սկսել են գործել:

Ռոստովի պետական հեռահաղորդակցության համալսարանի ուսանող Տաթևիկ Սահակյանը ներկաներին ներկայացրեց պլաստիկի քիմիական բաղադրությունը, տեսակները, հատկությունները, տարբերանշանները, վերմշակման արդյունավետությունն ու օգտակարությունը: Աշակերտներին վարպետության դաս տվեց՝ պլաստիկ շշին տալով երկրորդ կյանք:

Երեխաները պլաստիկ շշից պատրաստեցին ծաղկաման և զարդատուփ:

«Էյ Թի Փի» հայ — ամերիկյան բարեգործական հիմնադրամն իրականացնում է անտառավերականգնման, ծառատնկման և բնապահպանական խոշոր ծրագրեր:

Հիմնադրամի գլխավոր կենտրոնները Հայաստանում են և ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում: Հիմնադրամը Հայաստանում գործում է 1994 թ-ից:

Ծրագրի հիմնադիրն ամերիկահայ հասարակական գործիչ Քերոլայն Մուգարն է, ով 1992-ին Հայաստանում ականատես եղավ ցուրտ ու մութ տարիների սոցիալտնտեսական խնդիրներին: Խնդիրներից ամենացավալին անտառների մասսայական ոչնչացումն էր: Ծառն օգտագործվում էր որպես վառելափայտ, որովհետև երկրում այդ տարիներին չկար գազ, էլեկտրաէներգիա: Վերադառնալով Ամերիկա՝ Քերոլայն Մուգարը հիմնում է «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, որին միանում են սփյուռքի բազմաթիվ բարեգործներ և մեծ ներդրումներ անում:

Եվ ահա գործունեության 26 տարիների ընթացքում կազմակերպությունը բազմա-թիվ բարեգործների, մասնագետների, կամավորների և բնապահպանների օգնու-թյամբ տնկել է մոտ 6 մլն ծառ Հայաստանում և Արցախում, հիմնել է 4 տնկարան, 2 բնապահպանական կրթության կենտրոն Հայաստանի տարբեր մարզերում, կանաչապատել է Հայաստանի և Արցախի 1000-ից ավելի համայնքային տարածքներ:
Կազմակերպությունը ամենամեծ գործատուներից մեկն է Հայաստանում, որն ապահովում է աշխատանքով լեռնային շրջաններում ապրող շատ գյուղաբնակների:

Կազմակերպության կարևոր առաքելություններից մեկն էլ բնապահպանական կրթությունն է և շրջակա միջավայրի վերաբերյալ դասընթացները:

Հիմնադրամի ներկայացուցիչը Դոնի Ռոստովում Հայ երիտասարդական միութ-յան նախագահ Գևորգ Գևորգյանն է, ով իրականացրեց առաջին ծառատունկը՝ Մեծ Սալայի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու բակում: Իսկ բնապահպանական այս հետաքրքիր ծրագրերն իրագործվում են հիմնադրամի հանրային կապերի բաժնի ղեկավար, ամերիկաբնակ, Դոնի Ռոստովի երբեմնի բնակիչ Անահիտ Ղարիբյանի ջանքերով: Հենց նա է իր կյանքի երեք տասնամյակը նվիրել Հայաստանի և Արցախի կանաչապատման գործին: Այժմ էլ շարունակում է իր գործը՝ բնակվելով ԱՄՆ-ում:

Կարծում ենք, որ համագործակցությունը կազմակերպության հետ հաջողվել է և շարունակական կլինի:

Շնորհակալություն ռոստովյան ներկայացուցիչ Գևորգ Գրիգորյանին, ամերիկաբնակ Անահիտ Ղարիբյանին և հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներին:
Էջը պատրաստեց՝
Արմինե ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *