nnao
Нахичеванская-на-Дону армянская община

«Եթե ինձ մնար ես Արցախի դրոշի սպիտակը կներկեի սևով, քանզի սևը սուգ է ու զոհվածների հիշատակը հարգելու խորհուրդ ունի։ Պետք է սևով լինի, որ այդ բաժանումը երևա, իմանան, որ Արցախն իրոք բաժանել են Հայաստանից։ Արցախի դրոշն իմ սրբությունն է»:

Այսպիսի գաղափարախոսությամբ է օժտված Արցախի Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղում ծնված ու մեծացած, Հադրութի երաժշտական դպրոցն ավարտած, երաժիշտ Արթուր Խաչենցը։ Լինելով այսքան երիտասարդ՝ նա հասցրել է մաս-նակցել երեք պատերազմի՝ 2014 թ. օգոստոսյան, 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա։ 2014-ին Արթուր Խաչենցն արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանին։ 2021-ին Երևանում հիմնել է «Հայի գէն» երաժշտական ստուդիան։ «45 օր պայքար» վավերագրական ֆիլմի երաժշտության հեղինակն է, ինչպես նաև՝ «Կարմիր սարեր», «Առավոտ լուսո» և այլ ֆիլմերի երաժշտությունների հեղինակը։ 2022-ին հրատարակ-վել է նրա առաջին հեղինակային գիրքը՝ «Սեր կամ անմահություն» վերնագրով։

2023-ին Արթուր Խաչենցի հեղինակային «Եկ քինինք Արցախ» երգն արժանացել է «Տարվա երգ» մրցանակին։ Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց ես ու-զում եմ այսօր խոսել երաժիշտ հերոսի մարտական ուղու մասին։

Արթուր Խաչենցի նախնիներն արցախցի են և նրա մեջ տոհմից գեներով իրեն փոխանցված մարտական ոգին շատ մեծ է։ Երաժիշտ հերոսը գերազանց պահպանում է արցախյան բարբառը, իր տեսակն ու դիմագիծը… Ասում է. «Ես արցախցի աղջկա հետ պետք է ամուսնանամ, որ իմ երեխաները մեր բարբառով խոսեն»:

Նրա այս կեցվածքն ազգի գոյության, գենի պահպանման հավերժացումն է։ Իր իսկ հիմնած «Հայի գէն» ստուդիան լի է Արցախին ու ազգային հերոսներին նվիրված գրքերով ու նկարներով, Արցախի դրոշով։

Արթուր Խաչենցի համար հայ ազգային հերոսներից Նժդեհը յուրահատուկ տեղ ունի։ Երաժիշտն ասում է. «Ես Նժդեհ չեմ կարող դառնալ, պարզապես փորձում եմ արժանի լինել նրա թողած ազգային գաղափարախոսությանը»:

Նժդեհյան ոգով սնվող երիտասարդը 44-օրյա պատերազմի բոթը լսում է Երևանում և նույն օրը մեկնում է հայրենի Հադրութը պաշտպանելու։ Պատերազմում, ընկերների մարտական ոգին բարձր պահելու համար, Արթուրը երգում է բոլորիս հայտնի «Գինի լից» երգը, որն էլ այդ օրերին բարձրացնում է զինվորների մարտական ոգին։ Շատերի նման նա էլ պատմում է, որ մեր բանակը կռվել է անձնուրաց։ Արթուր Խաչենցն իր արմատները սիրող, նրան շարունակ մտերմանալու ձգտող, խելքով, հոգով, գաղափարապես հարուստ հայ է, և միևնույն ժամանակ՝ սկզբունքային, պատրաստ նահատակվելու։ Բառացի՝ հայի անկոտրում տեսակն է։ Այսօր նման հայորդիների կարիքը Հայաստանը շատ ունի…

Սիրելի ընթերցողներ, ստորև ձեզ ենք ներկայացնում մի փոքրիկ հարցազրույց Արթուր Խաչենցի հետ ունեցած մեր հանդիպումից։

— Արթուր, երբ հասկացաք, որ 44-օրյա արցախյան պատերազմում պարտվում ենք։

— Երբ Հադրութն ընկավ։

— Ի՞նչ հետք թողեց պատերազմը ձեր կյանքում։

— Իրականում ինձ շատ մեծացրեց։ Ես հասկացա, որ մենակ բան չեմ կարող անել… Ինձ մեղավոր եմ զգում… Հարազատ, գաղափարակից ընկերներ շատ եմ կորցրել։ Ցավ եմ ապրում, որ զոհված տղերքի արյունն արժեզրկվել է։

— Որտե՞ղ լսեցիք կապիտուլյացիայի լուրը։

— Խծաբերդում։ Համարյա շրջափակման մեջ էինք, մի կածան էր մնացել, որ դուրս գանք…

— Ի՞նչ էիք զգում։

— Ամոթ… Երբ շուրջս նայում էի միոտանի, միձեռնանի տղաներ ու նրանք բոլորը հավատում էին հաղթանակին։ Այնտեղ մենք բոլորս էինք պատրաստ զոհվելու, միայն թե հայրենիքը մեզ մնար…

— Հավատու՞մ եք, որ մի օր լավ է լինելու, որ վերադառնալու ենք։

— Եթե թուրքը քոչվոր լինելով հավա-տաց իր հնարած ստին ու տիրացավ մեր ունեցվածքին, ժառանգությանը, մենք ինչո՞ւ չպիտի հավատանք, որ մի օր կվերադառնանք։ Առանց հույս, հավատ ո՞նց կարելի է ապրել։ Հողը կսպասի մեզ, մենք պարտք ունենք մեր տղերքի առաջ…

— Արթուր, բացի երաժիշտ ու ազգային մարտիկ լինելուց, նաև նկարո՞ւմ եք։

— Այո, սիրում եմ նկարել, դա ինձ հանգստացնում է։ Իմ ամեն մի կտավն իր պատմությունն ունի՝ խորքային, պարուրված հայկյան շնչով։

— Արթուր ջան, հաճելի անակնկալ էր այդ նկարների մեջ տեսնել նաև Գետաշենցի պապիկի նկարը: Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Խոնարհումս ձեզ ու մեր բոլոր հերոսներին…

— Ես եմ շնորհակալ։

Օլգա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *