nnao
Нахичеванская-на-Дону армянская община

2024 թ. մարտի 31-ին Հայ Եկեղեցու զանգերն ավետեցին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը։ Մինչ այդ, մարտի 24-ին ուրախությամբ տոնեցին Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ մուտքը Երուսաղեմ։ Ս. Խաչ եկեղեցում  Ս. Պատարագ մատուցեց վանքի վանահայր արժանապատիվ Տ. Թադեոս Տերտերյանը: — Յուրաքանչյուրս անհատապես և հավաքաբար ողջունում ենք Աստվածորդու մուտքը նախ մեր սրտերից ու կյանքից ներս, ինչն առիթ է շնորհում հոգեպես պատրաստվե-լու Հիսուս Քրիստոսին դիմավորման։ Այս առումով անհրաժեշտ է, որ ամենքս Աստվածորդուն ընդունենք սրբությամբ, ապա հավաքաբար դիմավորելու Նրան։ Կարելի է ասել, որ Ծաղկազարդը Քրիստոսի մուտքն է յուրաքանչյուրիս ներքին աշխարհ, հետևապես անհրաժեշտ է պատրաստվել, մաքրվել աշխարհային ազդեցություններից՝ Քրիստոսին դիմավորելու համար։ Ինչպես ջրհեղեղի ավարտին աղավնին արմավենու ճյուղ բերեց, որպես կյանքի խաղաղության խորհրդանիշ, այնպես էլ այս օրը ուռենու և արմավենու ճյուղերով ողջունում ենք Խաղաղության Իշխանի մուտքը երկրային Երուսաղեմ։ Ուրեմն Աստված մուտք է գործում իմ տաճար՝ իմ սրտի, մտքի և հոգու տաճար և ես ձայնում եմ Օվսաննա, ստուգաբանությամբ նշանակում է ով է Սա, սա Նա է, այսինքն՝ Ում, որ սպասում էիք՝ Օծյալին, Աստուծո Որդուն, ձեզ հետ է, — նշեց Գաբրիել վարդապետ Սարգսյանը։

Նույն օրը երեկոյան կատարվում է դռնբացեք, ինչը խորհրդանշում է Աստուծո թագավորության վերաբացումը մարդկանց առաջ։ Հիշենք, որ մեղքի հետևանքով փակված էր երկնքի դռները, և որովհետև 40 օրերի պահեցողությունից, զղջումից, ապաշխարությունից հետո նորոգված մար-դուն վերըստին առիթ է շնորհվում երկնքի թագավորության հաղորդակից դառնալու։

Ավագ երկուշաբթի. խորհրդանշում է անիծյալ թզենու հիշատակությունը։ Աստվածության կարողության արտահայտությունն է ներկայացնում։ Թզենին ամենից դանդաղ չորացող ծառն է, քանի որ կաթով է հաստատված, սակայն Աստուծո հրահանգով չորանում է։ Թզենին այլաբանորեն ներկայացնում է մարդու եռատարիքը՝ երիտասարդություն, միջին և ծերության անպտղությունը։ Հետևապես, անգործ հավատքը անպտուղ կյանքը տեղ չունի Աստծո արքայության մեջ։

Ավագ երեքշաբթի. տասը կուսանաց հիշատակություն։ Ռոստովի տարածաշրջանի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանի գլխավորությամբ տարածաշրջանի քահանա հայրերը Դոնի Ռոստով քաղաքի Ս. Հարություն եկեղեցում հիշատակեցին տասը կուսանացը, մեր եկեղեցու նվիրական կարգերից մեկը։ Պատմությունը հիշվում է Ավետարանում: Քրիստոս առակում ներկայացնում է ճրագ և յուղ արտահայտությունները, իմաստուն կույսերն ունեին ճրագն ու յուղը, իսկ ոչ իմաստունների մոտ բացակայում էր դրանք։ Վերոբերյալ երկու բառերը՝ ճրագն ու յուղը խորհրդանշում են մարդու ազնիվ հավատքը և մաքուր հավատքի գործողությունները։ Ճրագը խորհրդանշում է մարդու սրտի ազնվությունն ու սրբությունը, իսկ յուղը կյանքի վարվեցողությունն ու նվիրագործությունը, — իր բացատրական խոսքում նշեց Հայր Սուրբը։

Ավագ չորեքշաբթի. Քրիստոսին յուղով օծման հիշատակության օր։ Ավետարանը տեղեկացնում է, որ մի կին անուշահոտ յուղով օծում է Քրիստոսի ոտքերը, ինչն այլաբանորեն խորհրդանշում է մարդու քայլքի մաքրությունը, դավաճան մարդու ազնվացումը։

Ավագ հինգշաբթի, Հաղորդության խորհրդի հաստատում և ոտնլվա։ Ռոստովի տարածաշրջանի փոխառաջնորդության նստավայր Ս. Խաչ եկեղեցում կատարվեց ապաշխարության կարգ, Ս. Պատարագ, ոտնլվա և խավարում։ Մեր եկեղեցու ամենանվիրական արարողությունների օրը։ Քրիստոնեության մեծագույն առաքինությունը խոնարհությունն է, և ոտնլվան հենց այդ առաքինության տեսանելի արահայտությունն է։

Նույն օրը երեկոյան կատարվեց խավարման կարգը։ Խավարումը մեզ ներկայացնում է կյանքի վերջավորության ժամանակ մարդու ընկալումների ու գործողությունների համընդհանուր շարքը։ Մեր առջև են ուրացողությունը՝ պետրոսներով, անհավատությունը՝ թովմասներով և դավաճանությունը՝ հուդաներով։ Պետրոսի ուրացումները զղջմամբ սրբվեցին՝ Քրիստոսի հայրական գթառատ հայցքով, Թովմասի հավատքն ուժ և կարողություն ստացավ Աստվածորդու մարմնի հպմամբ, երբ առաքյալը գոչեց. — Տեր իմ և Աստված իմ,

իսկ Հուդան, թեև զղջաց, սակայն չապաշխարեց։ Այստեղ է մարդկային պատմության մեծագույն ողբերգությունը՝ հուսահատությունը, երբ կատարած սխալը, մեղսալից գործողությունը համարվում է ավելի մեծ ու շատ, քան Աստուծո ողորմությունն ու սիրո արտահայտությունը։ Հուդաները, կարծես կշեռքի մեկ նժարին դնում են իրենց հանցագործության մեծությունը, իսկ մյուս նժարին՝ Աստուծո ողորմությունը և հուսակորույս կարծում են, որ գործված մեղքն ավելի մեծ է, քան Աստուծո սիրո վեհությունը։ Չէ որ Քրիստոս ներել էր բոլորին, բայց հուդաներն ընկնում են հուսահատության գիրկը, ինչն էլ տանում է ինքնասպանության՝ մեծագույն մեղքին։

Անցել ու անցնում են տարիներ: Պատմության հոլովույթում մեզ են ներկայանում պետրոսներ, բայց Աստուծո ամենախնամ հայացքով սրբված ու մաքրված։ Գոյություն ունեն նաև թովմասներ՝ Աստվածորդու հպմամբ՝ հավատքով զորացած։ Ապրում են նաև հուդաներ, ցավ ի սիրտ, իրենց կատարած մեղսագործությունն ավելին համարելով, քան Աստծո հայրական գթությունն ու ողորմությունը, — իր բացատրական խոսքում նշեց Հայր Սուրբը։

Ավագ ուրբաթ. Աստվածորդու խաչելության ու թաղման հիշատակության օր: Ինչպես Ս. Խաչ եկեղեցում, նույնպես մեր տարածաշրջանի բոլոր եկեղեցիներում կա-տարվեցին հիշյալ արարողությունները։ Հայր Սուրբն իր բացատրական խոսքում ծանուցեց, որ այս օրը ոչ միայն Աստվածորդու խաչելության, այլև մեր ամենքիս անհատապես ու հավաքաբար հին մարդու խաչելության հիշատակության օրն է, և եթե մեր մեջ չի խաչվում հին՝ մեղսալից մարդը, ուրեմն, զուտ դիտողական կերպով ենք ներկայանում արարողություններին։ Հետևապես, հարկ է մեր մեջ խաչել հինը՝ նորոգվել ու լուսավորվել Քրիստոսով, որպեսզի հոգեպես մասնակից դառնանք եկեղեցական կյանքին ու գործունեությանը։

Ավագ շաբաթ. Հարության ճրագալույց։ — Ճրագալույց բառը նշանակում է  ճրագ լուցանել՝ վառել։ Հայ Եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ և եկեղեցու զանգերի ղողանջն ազդարարում է Քրիստոսի Հարությունը։ Հարություն բառը գրաբարով գրվում է Յարութիւն, որտեղ [Յ, յ] ուղղություն ցույց տվող մասնիկ է, [Ար] արմատն է, որ նշանակում է Արարիչ, իսկ -թյունն էլ վերջածանցն է։ Վերջապես Յարութիւն — Հարություն բառն իմաս-տային առումով նշանակում է դեպի Արարիչ երթալ, — քարոզի մեջ նշեց Հայր Սուրբը։

31 մարտ 2024 թ. Աստվածորդու Հարություն, Զատիկ: Ս. Խաչ եկեղեցում Պատարագ մատուցեց Ռոստովի տարածաշրջանի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը և ընկալյալ սովոության համաձայն՝ ընթերցեց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության հայրապետական պատգամը։

Տեղեկացնենք, որ արարողությունները տեղի ունեցան Ս. Խաչ, Ս. Հարություն, Ս. Կարապետ, Ս. Համբարձում, Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցիներում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *