nnao
Нахичеванская-на-Дону армянская община

Կան ողբերգություններ, որոնք երբեք չեն մոռացվում, այլ որքան հնանում, այնքան ավելի են դառնանում։ Հիրավի, հայոց Մեծ Եղեռնը համամարդկային ողբերգություն է։
Ինչպե՜ս հաշտվել այն մտքի հետ, երբ 1,5 միլիոն հայ ժողովուրդ Օսմանյան կայսրությունում բնաջնջվեց 20-րդ դարում՝ ի տես համայն աշխարհի՝ կույր ու մունջ աշխարհի, որը մինչ օրս հանդուրժում է այդ ոճիրը։ Գազան բարբարոսն իր յաթաղանով հօդս ցնդեցրեց բնիկ մի ողջ ժողովրդի երազ ու անուջ, աղոթք ու երդում, օջախ ու ճրագ, կանչ ու հորովել, լույս ու մայրամուտ, ներկա ու ապագա։
Աշխարհասփյուռ հայությունն արդեն 108 տարի կուրծք է ծեծում, դռներ թակում, իր զայրույթն ու ցասումն ուղղում քաղաքակիրթ մարդկությանը, բայց չի ստանում «հայոց պատասխանը»։ Ցեղասպան, բնավեր ու տարագիր հայ ժողովուրդը մուրում է աշխարհից իր ապրելու, ստեղծելու, արարելու իրավունքը, որն Աստծուց պարգև է ստացել։ Էրգրի կարոտը սրտում՝ հայն աշխարհից իր կորցրած վաթանն է ուզում, իր մոխրացած թոնրի դառը ծուխն է ուզում, իր Մարութա վանքն է ուզում, իր պաղ աղբյուրի ջուրն է ուզում, իր պապերի շիրմաքարն է ուզում, իր սարերի շնկշնկան հովն է ուզում. չի դադարում երազելուց, իր ծիծաղին լացը խառնած՝ նոր երգեր է կրկին հյուսում՝ «Քելե՜ լաո, քելե՜էրթանք մըր էրգիր, ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր, մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին, անուշ գի-լան, մրմուռ ձենով կկանչին…», հյուսում է ու հավատով սպասում։
Ինչպե՜ս չհիշել մեծանուն բանաստեղծի խոսքերը՝ «Ո՜վ մարդկային արդարությո՜ւն, թո՛ղ ես թքնեմ քո ճակատին»։


Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկոն Մյասնիկյանի շրջանի Մեծ Սալա գյուղում, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Հարությունյանն իր դպրոցի սաների հետ, այլևս այլ խորհուրդ ուներ՝ ոգեկոչման, ազգային միասնության, պահանջատիրության, արդար դատի, ապագա հաղթանակի։
Իրենց ակտիվ մասնակցությունը ցու-ցաբերեցին և հուզիչ գեղարվեստական համարներով ավելի տպավորիչ ու հիշարժան դարձրեցին երեկոն Մշակույթի տանը գործող «Ադամանդ» պարային համույթը՝ Մարիաննա Խաչատրյանի ղեկավարությամբ, «Նաիրի» պարային համույթը՝ Օլգա Կանաշյանի ղեկավարությամբ, ինչպես նաև նորաստեղծ «Դո, ռե, մի…» մանկական երգի խմբակը՝ Անգելինա Ադամյանի ղեկավարությամբ։ Իհարկե մեծ և շատ պատասխանատու կազմակերպչական աշխատանքների բեռն իր վրա վերցրեց Մշակույթի տան տնօրենը՝ Ալեքսանդր Կիրկիսյանը։


Երեկոյին իր ողջույնի խոսքով և սուրբ նահատակների հոգեհանգստի աղոթքով ելույթ ունեցավ նաև Մեծ Սալա գյուղի քահանա տեր Աշոտը։ Տարբեր տարիքային խմբերի մասնակիցներն իրենց գեղեցիկ աս-մունքով, երգ ու պարով մի յուրահատուկ տրամադրություն հաղորդեցին ողջ երեկոյի ընթացքում։ Ամենաանսպասելին տեղի
ունեցավ երեկոյի ավարտին, երբ «Սասունցիների պարը» բանաստեղծության տակ հնչեց դուդուկը, ու քոչարու նվագի տակ, լացն ու խինդը իրար խառնած, բեմի վրա բոլոր մասակիցնեը սկսեցին ազգային ոգե-կոչման մեր ավանդական քոչարին պարել, իսկ հետո այն՝ մեծ ու փոքր ձեռք ձեռքի բռնած, զարկեցին ու պարեցին բակում՝ բաց ու խաղաղ երկնքի տակ, որտեղ նորից թնդաց հայոց ոգին.
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացավ,
Որ պար չէ սա, այլ՝ մի երկրի հի՜ն պատմություն,
Ուր պարտությո՜ւնն անգամ ունի հպարտությո՜ւն,
Եվ չի՛ հաղթի ոչինչ այն քա՛ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՜վ
Որ այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացան ու ասին ի լուր ողջ աշխարհի,
— Հալա՜լ է քեզ,
Սասու՜ն, պարի…
Պարի՜,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՜ս,
Եվ այս պարը
Մասիս լեռան լանջի՜ն պարես…
Ու սպիտակահեր Մասիսն հայոց սպասում ու հույսը չի կորցնում, որ աշխարհասփյուռ իր զավակները գերությունից կազատեն իրեն, և ձեռք ձեռքի ամուր բռնած՝ իր շուրջբոլորը կպարեն մեր արդարության, հաղթանակի, մեր վերածննդի քոչարին։
Ժամ է, ե՛լ նորից, իմ ծիրանավա՜ռ,
Զրահավորվի՛ր խանդով խնդագին,
Վառի՛ր երկունքի գիշերում խավար
Հրով մկրտված նաիրյան հոգին…

Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ուսուցչուհի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *